Մերօրյա Հայաստանում դեպքից-դեպք լինի թե որոշակի հաճախականությամբ, իրադարձություններ են արձանագրվում, որոնք կարելի է տարօրինակից մինչեւ արտառոց որակել: Ասենք՝ գյուղական համայնքներում ճանապարհաշինությունն ու դպրոցների կառուցումը: Որ փողոցները լավագույնս են հարմարեցված ավտոմեքենաների ու մարդկանց երթեւեկի համար, դպրոցները՝ ուսումնական պրոցեսի վարման, կարելի է ե՛ւ համաձայնվել, ե՛ւ ողջունել: Սակայն արի ու տես, որ հենց բնակիչներն են տրտնջում, որ փողոցներից օգտվելու համար ոչ ավտոմեքենաներ ունեն, ոչ էլ տաքսի վարձելու միջոց, իսկ դպրոցներում սովորելու համար հաշվառված երեխաների մի մասը գյուղում չի բնակվում: Արդյունքում՝ իշխանությանն անվերապահ սատարելու սպասումը չի արդարանում, քաղաքականությունն ու կրիմինալը մերձենում են միմյանց, հայտնվում է նորին մեծություն անորոշությունը, հետեւանքների էլ՝ ահն ու սարսափը: Որ վերջիններս չարագուշակ իրողություններ են, արձանագրվում է հայաստանյան միջավայրի յուրաքանչյուր պահի, սկսած փորձագետ ու քաղաքագետ ներկայացող այրերից մինչեւ երկրի գործադիր մարմնի, որն է՝ ՀՀ կառավարության, ղեկավարի կողմից: Մեր մարդկանց ո՞ր մասը կարող է բացատրել, թե ինչից է խոսում երկրի ղեկավարը վաղ առավոտից մինչեւ ուշ գիշեր: Թերեւս միակ հիշվողը նրա հնչեցրած թվերն են, միլիարդների ու տրիլիոնների տեսքով, որոնք, ավաղ, առօրյայում գրոշների տեսքով են ներկայանում: Ասենք՝ յուրաքանչյուր տարի արձանագրվող գնաճի պայմաններում անապահով հատվածին օգնության առումով: Բացարձակապես՝ ոչ մի շարժ: Երկրի առումով տարիներ շարունակ հռչակվում են ծրագրեր, որոնցով սահմանամերձ գյուղհամայնքներում հացահատիկի գերարտադրություն պետք է իրականացվի, երբ հաշվետվողականության անգամ մեկ թիվ չի ներկայացվում ծախսված բյուջետային ֆինանսների վերաբերյալ:
Նախորդ շաբաթ, հանրային հռչակվող Հ-1 հեռուստատեսության կողմից սովորական դարձած հերթական լրատվությունը տարածվեց: Սովորական ու հերթական եմ որակում, քանզի դրանք տասնյակներով են տարածվում: Այս անգամ խոսքը Հայաստան-Հունգարիա երկրների միջեւ առեւտրաշրջանառությանն էր վերաբերվում, որը 2024 թվականին, նախորդ տարվա համեմատ աճել էր մոտ 15 տոկոսով, կազմելով 36 միլիոն դոլար: Ոգեւորող է, չէ՞, քանզի այս թվի կեսը պետք է որ մերը լինի, անգամ ծխախոտի ու ալկոհոլի տեսքով: Ավա՜ղ, չգուշակեցիք, մեր բաժինը նվազեցնել է պետք, կեսով չէ, ոչ էլ դրա կեսով, մինչեւ կհասնենք 1 մլն դոլար թվին: Մնացյալ 35 մլն դոլարը Հունգարիայի արտահանածն է, մեր ներմուծումը, որն առավելագույնս է բնորոշում ՀՀ տնտեսության վիճակը: Մեր 3-ական տարածքն ու բնակչությունն ունեցող հիշյալ երկիրը, ըստ տեղեկատուներից մեկի 5,3 մլն տոննա ցորենի արտադրություն է իրականացրել, 6,4 մլն տոննայի՝ եգիպտացորենի հատիկի, երբ մեզանում ձախողվել է թե մեկը, թե մյուսը, արմատապես վտանգվել ՀՀ պարենային անվտանգությունը: Ըստ ԱՄՆ-ում լույս տեսնող «Համաշխարհային փաստեր. 2024» տեղեկատուի, Հունգարիայի ՀՆԱ-ն 2021 թվականին կազմել է 406 մլրդ դոլար, բյուջեն՝ 74 մլրդ դոլար: Ստացվում է մոտ 18 տոկոս հարկահավաքություն, երբ մեզանում իշխանությունը ձգտում է այն հասցնել 25 տոկոսի:
Ուշացողի թե՞ ուշացածի կարգավիճակով օրը երեկոյանում է, ի՞նչ կբերի առավոտը:
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ