Ղազախստանը չի դիտարկի ամերիկյան ընկերությունների առաջարկները՝ երկրում առաջին ատոմակայանի կառուցման վերաբերյալ: Այս մասին օրերս հայտնել է «Ղազախստանի ատոմային էլեկտրակայաններ» ընկերության գլխավոր տնօրեն Թիմուր Ժանտիկինը՝ ատոմակայանների կառուցման հարցի շուրջ հանրային լսումների ժամանակ:
«ԱՄՆ-ն առաջարկել է երկու նախագիծ՝ հիմնված փոքր մոդուլային ռեակտորների վրա: Դրանք ռիսկային են, հարցն առայժմ հետաձգել ենք»,- ասել է Ժանտիկինը:
Ի տարբերություն Ղազախստանի՝ Հայաստանը դեռեւս չի կողմնորոշվում՝ ատոմակայան նոր էներգաբլոկի կառուցումը Ռուսաստանին, թե՞ ԱՄՆ-ին վստահի: «Ազգ»-ի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ այդ մասով այս պահին քննարկումներ, խորհրդակցություններ չկան գործադիրում: «Ինքներդ էլ հասկանում եք, որ հարցն, առաջին հերթին, քաղաքական է, եւ դրանով է պայմանավորված, որ կառավարությունը հարցը թողել է օդում կախված»,- ասաց մեր զրուցակիցը:
Կառավարական կաբինետը, փաստորեն, մեր պետության համար կենսական նշանակության հարցի լուծումը երկրորդ պլան է մղել, այնինչ էներգետիկ ոլորտի մասնագետները դեռ ամիսներ առաջ էին ահազանգում՝ այս հարցում հապաղելու րոպե անգամ չկա: Սա ոչ թե սոսկ էներգետիկ ոլորտի, այլ ազգային անվտանգության հարց է: Գործող ատոմակայանի շահագործման ժամեկտը 2036-ին է ավարտվում, իսկ մինչեւ այդ նոր էներգաբլոկը պետք է պատրաստ լինի ամբողջական շահագործման: 2034-35 թվականներին պետք է կատարվեն ցանց մտնելու փորձարկումները, որպեսզի 2036-ին՝ Մեծամորի այժմ գործող երկրորդ էներգաբլոկի աշխատանքը դադարեցնելուն զուգահեռ, նոր ատոմակայանն ամբողջությամբ շահագործման հանձնվի:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ