Սպառողական խուճապը կարելի է նկատել նույնիսկ անզեն աչքով։ Վերջին մեկ շաբաթում սուպերմարկետներում, բակային խանութներում եւ շուկաներում մարդկանց հոսքը չի դադարում. ամեն քայլափոխի մարդիկ մեծ տոպրակներով շտապում են տուն։ Քննարկման գլխավոր թեմաներից է ալյուրի, շաքարավազի ու ձեթի վաճառքն ու թանկացումը։
Վիճակագրական կոմիտեի հրապարակած «Սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի համաձայն, Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2022թ. փետրվարը 2021թ. փետրվարի նկատմամբ) կազմել է 6.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.1%։
Կողք-կողքի վաճառակետերում մեկն ասում է՝ ապրանք չկա, եղածն արդեն վաճառել ենք, իսկ նոր խմբաքանակ չգիտենք՝ երբ կստանանք, մյուսն ասում է, որ պարենի պակաս չկա ու ցույց է տալիս պահեստում պահված ալյուրը, շաքարավազն ու նպարեղենը։ Բայց որ վերջին շաբաթում վաճառքը նվազելու փոխարեն ավելացել է, ոչ ոք չի հերքում։
«Թանկացումն ակնհայտ է. ձեթը նախկին 900 դրամի փոխարեն դարձել է 1250 դրամ, շաքարավազի կիլոգրամը 500 դրամով գտնելը բախտավորություն կարելի է համարել, ամենաէժանը 600 դրամն է։ Բայց խուճապահար գնումներ չեմ անում, եկել եմ իմ սովորական ամսական գնումների հետեւից, բայց այն ինչ տեսա՝ զարմացրեց ինձ»,- մեզ հետ զրույցում ասում է 60-ամյա Գոհարը։
Հակառակ իրենց ամենօրյա առեւտուրն անողների, մարդկանց մեծամասնությունը «թալանում» է խանութները։
«Թանկացումները գնալով ավելանում են, քանի կարողանում եմ՝ գնում եմ, որ գոնե երեխեքս սոված չմնան մի որոշ ժամանակ, մինչեւ տեսնենք ինչ կլինի»,- ասում է 45-ամյա Լիաննան։
Փաստացի՝ մինչեւ ռուս-ուկրաինական հակամարտությունն էլ ավելի էր սրվել պարենի հասանելիության խնդիրը։ Մասնավորապես՝ նախատեսվում էր 2022 թվականի մարտի 15-ից մինչեւ օգոստոսի 31-ն արգելել Ռուսաստանի Դաշնությունից ցորենի, շաքարավազի, կարագի, ձեթի, եգիպտացորենի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների արտահանումը։
Մարտի 11-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մեկնաբանել է Հայաստանում պարենային անվտանգության վերաբերյալ տարածվող լուրերը, որտեղ նշվում է. «Հայաստանի Հանրապետությունում ներկայումս նվազագույն պարենային զամբյուղում ներառված ապրանքների մասով կանխատեսվող դեֆիցիտ չկա։ Մենք կապի մեջ ենք ռուսաստանյան մեր գործընկերների հետ, եւ նույնիսկ արտահանման հնարավոր սահմանափակումների վերաբերյալ ՌԴ կառավարության որոշման պարագայում՝ Հայաստանի Հանրապետությունն ունի բնակչության պարենային անվտանգությունն ապահովելու բոլոր անհրաժեշտ ռեսուրսները։
Ռուսաստանի Դաշնության հացահատիկի ինքնաբավությունը կազմում է շուրջ 150%, ինչը նշանակում է, որ ՌԴ-ն ունի բավարար պաշարներ ներքին սպառման եւ արտահանման համար։
Կոչ ենք անում քաղաքացիներին խուճապային տրամադրություններ չառաջացնել եւ անհարկի գնումներ չկատարել»։
Քաղաքացիների դժգոհությունների ու բողոքների պատճառը ոչ միայն թանկացումներն են, այլ նաեւ արտարժույթի շուկայում գրանցվող փոփոխությունները։
Հատկանշական է, որ սննդամթերքի թանկացմանը նախորդեց կամ զուգադիպեց դրամի արժեզրկումը։ Նույն Վիճկոմի հրապարակած տվյալների համաձայն, 2022թ. փետրվարին հունվարի համեմատ 0.1% հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.4% նվազումով (ՀՀ դրամն արժեւորվել է): Այս տարվա փետրվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 480.2 դրամ, ինչը 8.3%-ով ցածր է 2021թ. փետրվարից (523.5 դրամ):
Տարեսկզբին արդեն ակնհայտ էր, որ 2022 թվականը Հայաստանի տնտեսության եւ բնակչության համար լինելու է լուրջ մարտահրավերների տարի, եւ շատ կարճ ժամանակ ու հնարավորություններ են առկա քիչ կորուստներով իրավիճակից դուրս գալու համար։ Այս պահին թիվ մեկ խնդիրը պետք է դիտարկել Հայաստանի բնակչությանը մատչելի եւ բավարար քանակությամբ պարենի ապահովումը։
ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ