Օրեր առաջ, ինչ-ինչ հանգամանքների բերումով հեռուստացույցը միացնելու ու ալիքների վրայով անցնելու ընթացքում յուրօրինակ մի պատումի ունկնդիր դարձա: Այն Հայաստանի հանրապետության տնտեսությունում տիրող հետաքրքրուններիս շրջանակում էր, որով էլ պայմանավորված է պատումը յուրօրինակ անվանել: Այն հետեւյալն էր. դիլիջանցի երիտասարդը, ՀՀ բարձրագույն ուսումնական հաստություններից մեկում երկու կուրս սովորելուց հետո զգացել է, որ այն իրենը չէ եւ այս տարի ընդունվել է Հայաստանի պետական ագրարային համալսարան` գինեգործական մասնագիտության գծով: Հաղորդումը պատրաստած հեռուստալրագրողը նաեւ նշեց, որ երիտասարդը 16 դիմորդներից միակն է, որ բավարարել է ուսանողին ներկայացվող պահանջները, ուսանողությունը կանցնի կամ կվայելի հպարտ միայնության մեջ, որից, ամենայն անկեղծությամբ նշենք, չգիտենք ինչ կստացվի:
Թե ինչ է տիրում ՀՀ տնտեսության գյուղատնտեսական ոլորտի խաղողագործական ճյուղում, մասամբ հայտնի է: Գործադիր մարմինը, հանձին կառավարության, այն առաջնահերթությունների շարքին է դասել եւ տարբեր ֆինանսական միջոցներով, այդ թվում սուբսիդավորումով, արտոնությունների տրամադրումով խրախուսում է նոր, այսպես հայտարարվող ինտենսիվ, խելացի, ժամանակակից այգիների հիմնումը: Մի փոքր հետաքրքրություն ցուցաբերելու պայմաններում արձանագրում ենք, որ նման գործընթացները նորություն չեն: Դեռեւս 2000-ականների սկզբներին ընդունված ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ծրագրի համաձայն կանխատեսվել էր 2015 թվականին երկրում խաղողի այգիների տարածքը հասցնել 26,4 հազար հեկտարի: Պետք է ենթադրել, որ այն 2021 թվականին մոտենալու էր 30 հազարի: Այդ տարվա աշնանը գյուղատնտեսության համար պատասխանատու ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ա. Խոջոյանի հետ կայացած հանդիպման ընթացքում բարձր պաշտոնյան նշեց, որ դրոններով իրականացված նկարահանումների ընթացքում ուրվագծվում է… մոտ 12-13 հազար հեկտար խաղողի այգի: Սա լավ է թե ոչ, մեր մարդիկ տարիներով տեսել են, երբ խաղողի մթերումներ կոչվողով զբաղվում էին համայնքապետեր ու մարզպետներ, նախարարներ ու անգամ երկրի նախագահներ: Եվ սա այն պարագայում, երբ այգիները զբաղեցնում են Արարատյան դաշտավայրի 660 հազար հեկտար տարածքի ընդամենը 2 տոկոսը, արդեն նշված 12-13 հազար հեկտարը: Եվ հարցը՝ որտե՞ղ է խնդիրը, հնչում է ինքնաբերաբար:
Ծանոթանալով տարբեր երկրներում խաղողագործության ու գինեգործության գործընթացներին, նկատում ու համոզվում ենք, որ խնդիրը դրանց կառավարման մեջ է: Ընտանեկան հանգամանքների բերումով երկար տարիներ այցելելով Ավստրիա եւ հետաքրքրություններիս շրջանակում լինելով Շտիրիայի մարզում, որը երկրի խաղողագործական հիմնական հատվածն է, արձանագրել եմ, որ 3-ից 5-6 հեկտար խաղողի այգիներ ունեցողներն իրենք են վերամշակում սեփական բերքը, դրսից աշխատուժ ընդգրկելով հիմնականում բերքահավաքի նպատակով: Մնացյալը կատարում են ընտանիքի անդամները, մեծից փոքր, տղամարդ թե կին: Չմոռանանք նշել, որ այստեղ չկա խաղողաթաղ ու խաղողաբաց, չկա այգին ջրել, քանզի հողը մշտապես խոնավ է, ջրելու կարիք չի զգում: Միայն գինին իրացնելու հարցում են երբեմն խնդիրներ ծագում, երբ զգացվում է համապատասխան կոոպերատիվների աջակցությունը: Գինեգործ ֆերմերների մառաններն այնքան են լցված, որ նրանք հաճախ են վաճառքն իրականացնողներին առաջարկում շշալցված իրենց արտադրանքը վաճառել 1-2 եվրոյով, որն էլ խթանում է գինու օգտագործումը, թերեւս` վայելելը:
Վիճակագիրները նշում են, որ միջին ավստրացու կողմից, այն թերեւս տարածվում է նաեւ այլ եվրոպացիների վրա: Խոսքը վերաբերում է տարվա ընթացքում 70-ից մինչեւ 100 լիտր գինու օգտագործմանը: Ավաղ, հայաստանցիներիցս շատ-շատերը կդժվարանան հիշել, թե վերջին անգամ երբ են գինի ըմպել, նաեւ` վայելել: Պատճառները տարբեր են, որոնց առաջին շարքում են գինիների գները, դրանց արդյունաբերական պատրաստման հանդեպ որոշակի զգուշավորությունը, այլ հանգամանքները, որոնց արդյունքում նաեւ ծնվում են այնպիսի անհեթեթություններ, որպիսին է, ասենք, «հայերս գինի խմող ազգ չենք» արտահայտությունը: Ընդամենը մի պահ դիտարկեք ձեր բնակության վարչական տարածքը, որտեղ ֆերմերային տնտեսության գինու արտադրության անգամ մեկ վաճառքի կետ չկա. այն ինքնաբերաբար չի ստեղծվում, այլ ի հայտ է գալիս գործընթացը կառավարելու արդյունքում: Ցավալիորեն թե որոշակի հաշվարկված տարօրինակության արդյունքում այն մեզանում տարվում է խոշոր վերամշակողների ու բանկերի շահերի սպասարկման արդյունքում: Հետեւանքը` խնդիրներ ու գերխնդիրներ, որոնք ի հայտ են գալիս ու կրկնվում յուրաքանչյուր աշուն, որից հերթականը` այս օրերին:
Կխոսվի՞ արդյոք գինեգործի մասնագիտությունն ընտրած ուսանողի հետ այսօրինակ հարցերից, անգամ ՀՀ-ից անցած 8 ամիսներին գինու արտահանման ծավալների մինչեւ 37 տոկոս նվազումից: Իրոք դժվար է ասել, քանզի այս առումով թե՛ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, թե՛ ոլորտի այլ պատասխանատուները որեւէ վերլուծություն չեն տալիս, քննարկումներ չեն իրականացնում: Ասենք, ինչ ազդեցություն ունեցավ ՌԴ-ին Ղրիմի միացումը գինեգործության առումով, քանզի այս տարածքում խաղողի այգիների հսկայական հեկտարներ կան: Այսօրինակ հարցերը շատ են, պատասխանների անորոշությունն է՛լ ավելի շատ, որոնք նշենք, լրագրային էջի սահմաններից դուրս են: Գործադիրի խնդիրն է ինստիտուտցիոնալ առումով ուսումնասիրել դրանք եւ հոգատարից-սրտացավ լուծումններ գտնել, այդկերպ խոսքի փոխարեն գործով կանգնել հայ հողագործի կողքին:
Մի փոքր հիշողություն
Հայաստանյան հանրության այն մասը, որ ապրել է նախորդ դարի 60-80-ական թվականներին, կվկայի. առեւտրային ցանցում «Այրում», «Գետափ», «Հրազդան» եւ այլ անվանումներով գինիներ էին վաճառում, որոնց արժեքը 65-90 կոպեկի սահմաններում էր: Այդքան էր պետությունը սահմանել նաեւ 1 դոլարի արժեքը: Ներկայիս չափանիշներով 1 շիշ գինին ստացվում է 450 դրամ, երբ իրականում այն քառապատիկ թանկ է վաճառվում: Գինի խմում էին թե՛ երիտասարդները, այդ թվում ուսանողները, թե՛ միջին ու ավագ սերնդի ներկայացուցիչները. վայելում էին -ը այստեղ առավել տեղին է նշել, քանզի մեզանում սթափարաններ կոչվող հասկացություն չկար: Տնային արտադրության գինի վաճառվում էր շուկաներում, որոնք շատ վարչական շրջաններում հիմա չկան` փոխարինվել են սուպերմարկետներով, որտեղ կարելի է նստատեղերով անկյուններ առանձնացնել: Նախընտրելի է համայնքային կենտրոնների վարչական շրջանների համագործակցությունը գինեգործական ավանդույթեր ունեցող մարզերի հետ, գինու փառատոնիկների տարբերակով…
Եվ` որպես վերջաբան. մեր օրերում գործատուները շատ դեպքերում աշխատանքի ընդունվողից ոչ այնքան բարձրագույնի դիպլոմ են պահանջում, որքան` ինչ կարող ես լավ անել-ի պատասխան: Հիշենք այս մասին:
Այ հիմա` ընդամենը:
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ