Ժամանակակից ստեղծագործություն եւ հայաստանյան ժառանգություն՝ ինքնատիպ դաշնակահարուհու համար
Նրբակիրթ երաժիշտ, համառ հետազոտող, շատ երգահանների համար ներշնչանքի աղբյուր Լորանս Մխիթարյանը սպասեց ակադեմիայի պրոֆեսորի պաշտոնից թոշակի անցնելուն՝ վերջապես իրականացնելու համար իր երազանքը:
Փետրվարի 14-ին եւ 16-ին Բոտանիկի եւ Մոնսի Արսոնիկ դահլիճները լեցուն էին. ծրագրում նորերս «Սիպրես»-ի թողարկած «Հայաստանի ժամանակով» վերնագրով ձայնասկավառակում տեղ գտած ստեղծագործություններն էին: Խաչատրյան չկար, սակայն կային Կոմիտաս վարդապետի մի քանի ընտրված գործեր եւ ժամանակակից երաժշտության երեք (շատ տարբեր) վարպետների՝ Ժան-Լյուկ Ֆաֆշանի, Ժան-Պիեռ Դըլյոզի եւ Կլոդ Լըդուի երեք օրիգինալ գործեր: Այս համերգների առանձնահատուկ շքեղությունն էր դուդուկահար Վարդան Հովհաննիսյանի ներկայությունը: Դուդուկը հայկական ավանդական գործիք է՝ հուզական անհավանական ուժով:
Որքան էլ արտառոց, սակայն ծրագիրն ինքնին չէր կարող բացատրել այս համերգների նկատմամբ եղած ոգեւորությունը. դաշնակահարուհի՛ն էր անհամբեր սպասված այնտեղ: Եվ նա իսկապես տպավորիչ էր: Իր խորը եւ մշակված երաժշտականությունից բացի, Լորանս Մխիթարյանն ի սկզբանե աչքի է ընկել ունկնդրին գրավելու շատ անհատական, գրեթե խորհրդավոր կարողությամբ: Նրա հետ ամեն ինչ իմաստ է առնում, նույնիսկ երաժշտությունից անդին, եւ ամեն ինչ միշտ նորովի է: Նրա շատ փոքր ձեռքերը տեխնիկային չեն խանգարում, երբ երկացանկը լավ է ընտրված, իսկ հնչեղության նրա տիրապետումը, որտեղ ամեն ինչ լույս է եւ արձագանք, դյութիչ է:
Արվեստագիտուհուն մենք հանդիպեցինք համերգից մի քանի օր անց: Դաշնակահարուհին երկար տարիներ իր մեջ պահում էր այս գաղափարը:
-Այն բնականորեն կառուցվեց իմ ընկերական, մասնագիտական եւ առանձին համագործակցությունների վրա: Մանկուց ես գնացել եմ իմ ճանապարհով՝ երբեք որեւէ որոշակի բան չմտածելով: Այո՛, ինձ խրախուսում էին ուսուցիչներս, բայց կոնսերվատորիայում ես երջանիկ չէի: Եվ երբ հաջողությամբ ստացա իմ ավարտական դիպլոմը, շատ արագ փախա: Այդ օրվանից տարբեր բաներ արեցի, որոնցից մի քանիսն ինձ չտեսնված երջանկություն պարգեւեցին, օրինակ՝ եղել եմ ստեղնահար Եվրոպական երիտասարդական նվագախմբում, Կլաուդիո Աբադոյի մոտ: Այնտեղ ես ինձ իմ տեղում էի զգում: Իսկ այստեղ ամեն ինչում անվստահ էի, տանջվում էի, բարձրագույնի դիպլոմս չհաջողեցի այնպիսի պատճառներով, որոնք ոչ ոք ինձ բացատրել չկարողացավ, նույնիսկ ուսուցիչներս: Ինձ պետք եղավ հեռանալ, կենտրոնանալ երաժշտության վրա՝ բացառապես մոտենալով նրան ի՛մ ձեւով:
Այդ ժամանակ Լորանսն ապրուստը վաստակում էր ակադեմիայում երգեցողության դասերի նվագակցողի աշխատանքով:
-Իմ ազատության իրական տարածքը, սակայն, իմ ասպարեզը ժամանակակից երաժշտությունն էր՝ շնորհիվ մի քանի վճռորոշ հանդիպումների. առաջին հերթին, բարեհիշատակ Ժերար Գրիզեի հետ, որն ինձ ծանոթացրեց Դյորդ Կուրտագի հետ. դա առաջին շրջադարձը եղավ: Դաշնակահար Պասկալ Սիգրիստի նոտակալի վրա ես տեսա Մորիս Օհանայի երաժշտությունը, որը շատ սիրեցի, եւ որը կատարելու համար ինձ հրավիրում էին ամենուր, մասնավորապես՝ «Արս մուզիկա» փառատոնին. ե՛ւ Մոմպուն, ե՛ւ Յանաչեկը, ե՛ւ Տակեմիցուն, ե՛ւ Սելսին, ե՛ւ բելգիացի մի շարք կոմպոզիտորներ: Ինչպես եւ՝ բարեհիշատակ Հարի Հալբրեյխը, որն իմ բացառիկ ընկերն ու մենտորն էր:
Իսկ Հայաստա՞նն այս ամեն ինչում:
-Կապը կար մանկուց՝ հորս միջոցով, որը ծագումով հայ էր, բայց ծնվել էր Եգիպտոսում (Արբակ Մխիթարյանն ավելի քան 60 տարի եղել է Եղիսաբեթ թագուհու եգիպտագիտական միության աշխատակից – Ծ.Խ.): Պատանի տարիքում ես շատ քիչ հետեւել եմ նրա վարած հայերենի դասընթացներին՝ Հասարակագիտության ինստիտուտում, բայց միայն այսքանը: Շատ ավելի ուշ (ծիծաղում է), 2015-ին, ես խնդրեցի Կլոդ Լըդուին մի ստեղծագործություն գրել Հայաստանի վերաբերյալ, դա եղավ «Քարի ու մեղրի համը», որն ընդգրկված է ձայնասկավառակում, եւ նույն տարի Ժան-Լյուկ Ֆաֆշանը ակադեմիայի իմ երիտասարդ ուսանողների համար գրեց մի փոքրիկ ստեղծագործություն, որը չարաճճիորեն անվանեց «Թուրքի գլուխ», ինչը սկիզբ հանդիսացավ նրա «Հայաստանյան թղթերի» համար:
Այսպիսով, Հայաստանն ամուր մխրճված էր Լորանսի կյանքում եւ արվեստում, բայց մեծ քայլն անելու համար նա պետք է սպասեր մինչեւ թոշակի անցնելը:
-2016 թվականին ես վերջապես մեկնեցի Հայաստան, որը մանկուց իմ կյանքի մասն էր կազմում… եւ ամեն ինչ փոխվեց: Բելգիայի ֆրանսախոս համայնքի եւ Հայաստանի իշխանությունների օժանդակությամբ համագործակցեցի ժամանակակից երաժշտության փառատոնի հիմնադրմանը, որը դարձավ ամենամյա: Ես այնտեղ կարողացա հրավիրել իմ հայրենակիցներին, այդ թվում՝ Ժան-Պիեռ Դելյոզին, որը նույնպես հեղինակեց մի ստեղծագործություն, նույնպես ներառված այս ձայնասկավառակում: Այն ձայնագրվել էր 2022 թվականի սկզբին եւ թողարկվեց անցյալ շաբաթ: Ապրիլին ես վերադառնում եմ Երեւան՝ իմ սիրելի փառատոնին… Իրականում, ես ամբողջ կյանքում աշխատել եմ՝ չդադարելով ինքս ինձ հարցաքննել, թերահավատալ: Դա բեռ էր ինձ համար, բայց նաեւ՝ խթան:
ՄԱՐՏԻՆ ՄԵՐԺԵ
«Լա լիբրը», 2023, մարտի 6
Ֆրանսերենից թարգմանեց ԱՐՈՒՍՅԱԿ ԳՐԻՆՈ-ԲԱԽՉԻՆՅԱՆԸ
Ֆրանսիա