«Ես որոշ առումով նման եմ միայնակ գայլի: Նախաձեռնող անձնավորություն եմ եւ չափազանց անկախ, ինքնուրույն եմ իմ որոշուներում: Սիրում եմ ինքս ղեկավարել, վերահսկել այն ամենն, ինչ ստեղծել եմ: Բայց հիմա ժամանակը եկել է, որ ես լրջորեն մտածեմ, թե ո՞վ է ինձանից հետո շարունակելու իմ բարգավաճ գործունեությունը: Շուտով կդառնամ 78 տարեկան եւ կուզենայի, որ այն արժանավոր կերպով դեռ երկար ժամանակ ծառայեր մարդկությանը», խոտսովանել է արվեստի գործերի հայտնի հավաքորդ եւ աշխարհի 7 երկրներում 19 պատկերասրահների սեփականատեր Լարրի Կակոսյանը «Նյու Յորք Թայամսի» մշակույթի բաժնի լրագրողուհի Ռոբին Պոգրեբինի վարած հարցազրույցի ժամանակ:
Հայազգի խոշոր ձեռնարկատերը ծնվել է 1945-ին Լոս Անջելեսում: Հայրը բորսային միջնորդ է եղել, մայրը` տնային տնտեսուհի: Ընտանիքի երկու զավակներից ավագն է: Ավարտել է Կալիֆոռնիա համալսարանը: Իր կարիերան սկսել է 1970-ականներին փողոցներում պլակատներ վաճառելով: Առաջին պատկերասրահը բացել է Լոս Անջելեսում 1979-ին: Գնել-վաճառելու բնածին հատկություն ունի եւ «սուր աչքեր», որն իր ասելով՝ «կարեւոր է «դիլերի» մասնագիտության մեջ: Ինքնամփոփ է եւ սովորաբար հարցազրույցներ տալ չի սիրում:
Պոգրեբինի բացառիկ հանդիպումը նրա հետ արտատպել է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը, որտեղից էլ քաղում ենք հետեւյալ տեղեկությունները:
«Դժվար է պատկերացնել արվեստի աշխարհն առանց Լարրի Կակոսյանի մասնակցությանը», գրում է լրագրողուհին եւ շարունակում: Նա արվեստասեր հաասարակությանն է ներկայացրել մեր ժամանակների ճանաչված բազմաթիվ նկարիչների, քանդակագործների, ինչպես օրինակ` Սի Թուոմբլին, Հլեն Ֆրանկենթալերը, Ռիչարդ Պրինսը, եւայլն: Նրա թանգարանային մակարդակի պատկերասրահը հրապուրիչ ցուցահանդեսների վայր է դարձել եւ մոտ 1 միլիարդ դոլարի եկամուտ է բերում: Շատերն են այդտեղից գնել Ռուբենսի, Պիկասոյի կամ Ֆրենսիս Բեյկոնի կտավները` հարստացնելու համար իրենց հավաքածուները: Հավաքորդներից մեկի խոսքերով՝ արվեստի աշխարհում երկու հոգի կարող է պարծենալ միայն անունով ճանաչված լինելու հանգամանքով, մեկը Էնդին է (Ուորհոլը), մյուսը` Լարրին:
Նրա 19 պատկերասրահներից յուրաքանչյուրը կրում է իր խորաթափանց գեղագիտական ճաշակի դրոշմը: Նա ուժեղ անձնավորություն է, երբեմն ինքնամփոփ, անհաղորդ, երբեմն էլ՝ խոցող ակնարկներ կատարող: Բայց միշտ հստակ նախաձեռնողական գաղափարներ իրականացնող: Նա այժմ մտահոգ է իր «կայսրության» ապագայի հարցերով: Այս անցնող տարում երկու անգամ տնօրենների խորհրդի նիստ է անցկացրել (մեկը մայիսին, մյուսը` վերջերս) քննարկելու համար իր գործունեության ապագա ճակատագիրը: Նա կտրուկ հերքել է այն խոսակցությունները, որ իբր մտադիր է վաճառել իր ընկերությունը կամ նոր ներդնողներ գտնել: «Ես չեմ ծրագրում վաճառել ունեցվածքս: Ոչ էլ ներդրողների եմ որոնում: Դրա սեփականատերը 100 տոկոսով ես եմ եւ ես սիրում եմ ինքս ղեկավարել իմ գործունեությունը»:
Բայց առաժյմ ապագան անորոշ է: Տեղակալներից ոչ մեկը հարմար թեկնածու չէ, չնայած 67-ամյա Էնդրու Ֆաբրիկանտին, որին 2018-ին է աշխատանքի վերցրել, նա համարում է «մարտավարական հմուտ մտածողության տեր անձնավորություն»:
Գործադիր տեղակալներից բացի, տնօրենների վարչությունում ընդգրկված են նաեւ 12 անդամներ, որոնք տարբեր բնագավառներից լինելով, բոլորն էլ ճանաչված հավաքորդներ են: Նրանց թվում են Էվան Պիգելը (Snap-ի գործադիր տնօրենը), Ջեննի Սավիլը (նկարիչ, արվեստագետ), Թոմիլսոն Հիլը (ֆինանսիստ եւ Գուգենհայմ թանգարանի տնօրեն), Գլեն Ֆուրմենը (ֆինանսիստ եւ Flag Art Foundation-ի հիմնադիր) եւ Դելֆին Առնոն (Louis Vuitton-ի գործադիր փոխնախագահը եւ հանրաճանաչ Բեռնար Առնուի դուստրը):
«Դժվարին կացություն է, երբ բարգավաճ բիզնես ունես, բայց ընտանիք, ժառանգ չունես, որ շարունակի քո գործը: Ես նույն ոգեւորությամբ շարունակելու եմ աշխատանքս, բայց անհրաժեշտ է մտածել ապագայի մասին», խորհրդածում է Կակոսյանը:
Խորհրդի քննարկումների ժամանակ նաեւ նորամուծությունների մասին է խոսք գնում: Պատկերասրահները պետք է նոր տեսք եւ բովանդակություն ունենան, որպեսզի դեռ երկար ժամանակ կարողանան գրավել, հրապուրել մարդկանց, որպեսզի արվեստասերները հենց Կակոսյան պատկերասրահը ընտրեն եւ ոչ թե մի այլ պատկերասրահ:
Անորոշ ապագայի հարցի լուծմանը մասնակցում են նաեւ արտաքին աշխարհի ներկայացուցիչներ, որոնք նույնպես հայտնի հավաքորդներ են: Նրանց թվում են Սոֆիա Կոպոլան (սեցնարիստ եւ ռեժիսոր) եւ Դաշա Ժուկովա Նիարխոսը (գործարար, ավանդատու):
«Քննարկումները շաորւնակվելու են եւ հույս ունեմ, որ դրական հանգուցալուծում կգտնվի վերջ ի վերջո», նշում է Կակոսյանը:
Պատրաստեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ