Մոսկվայում գրանցված «Եվրասիա դեյլի» (EADaily) լրատվական գործակալությունը հուլիսի 6-ին իր ռուսալեզու էլեկտրոնային կայքում անդրադարձել է «Ազգ» թերթի հունիսի 30-ի համարում տպագված «ԻԻՀ նախագահ-ՀՀ վարչապետ հեռախոսազրույցի տողատակերը» վերնագրով հոդվածին: Իրանում ՀՀ նախկին դեսպան Գրիգոր Առաքելյանի ստորագրությամբ այս հրապարակման մեջ, իրենց իսկ ձեւակերպմամբ, վերլուծվում են Հարավային Կովկասում Իրանի աշխարհաքաղաքական հետաքրքրությունները Հայաստանի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների համատեքստում:
«Ազգ»ի հոդվածի հարցադրումներից հետո գործակալությունը ներկայացնում է Իրան-Հայաստան ներկա հարաբերությունների մասին «Տովարիշչ գեներալ» անվամբ տելեգրամյան ալիքի մտածել տվող մի հրապարակումը, որը վերնագրված է «Իրանը զգուշանում է Հայաստանի երկդիմությունից»:
Ադրբեջանի հետ հակամարտություններում Արեւմուտքի միջնորդության օգտին Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրության ճակատագրական հետեւանքներից մեկն այն է, ասվում է այդ հրապարակման մեջ, որ հզոր հարևան և պոտենցիալ քաղաքական դաշնակից Իրանը հարաբերություններ է կառուցում թուրքերի հետ՝ առանց Երևանի հետ համաձայնեցնելու: Իսկ Իրանի աշխարհաքաղաքական կողմնորոշման հարցում ամեն ինչ շատ որոշակի է. Ռուսաստանը գլխավոր դաշնակից է, Իսրայելն ու անգլո-սաքսերը՝ թշնամի, Ադրբեջանն ու Թուրքիան՝ հարեւաններ, որոնք վտանգ են ներկայացնում, ինչը պետք է հաղթահարել նաեւ դիվանագիտությամբ: (Այս մասին կարդալ Գր. Առաքելյանի նոր հոդվածը ներկա համարի 2-րդ էջում: Խմբ.):
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը, ինչպես հայտնի է, հուլիսի 5-ին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, որը համարյա միաժամանակ Չմիավորման շարժման մասնակից երկրների արտգործնախարարների գագաթնաժողովում հայտարարել է, թե «Հայաստանը խոչընդոտում է Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը, որը կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջեւանի հետ»: Աբդոլլահիանի այցի նախօրեին Ադրբեջանում տեղի է ունեցել «իրանական լրտեսների» ձերբակալությունների հերթական ալիքը: Այդ ամենը Աբդոլահիանին չի խանգարել Ալիեւի հետ պայմանավորվել Իրանի տարածքով դեպի Նախիջեւան միջանցքի ակտիվացման շուրջ: Եվ հայտարարել, թե «ադրբեջանական կողմը հավատարիմ է եռակողմ հայտարարության իրականացմանը», կապված 2020թ. մոսկովյան փաստաթղթի հետ, նշել է տելեգրամյան ալիքի վերլուծաբանը:
«Ում-ում, բայց իրանցի քաղաքական գործիչներին չես կարող միամիտ անվանել,- ասվում է հրապարակման մեջ,- նրանք ապրում են ավելի կոշտ իրականությունում, քան հայ գործիչները: Եվ այս առումով համընկնում են պուտինյան Ռուսաստանի հետ: Բայց Հայաստանն այս շարքում չկա: Ընդհակառակը, այն քանի գնում, այնքան ավելի խորթ է դառնում Թեհրանի ու Մոսկվայի համար, երբ ջուր է լցնում Արեւմուտքի ջրաղացին: Թեհրանում տեսնում են այդ երկդիմությունը եւ զգուշանում են դրա հետեւանքներից: Այդ պատճառով էլ պատվաստվում են «Զանգեզուրի միջանցքի» հնարավոր բացման դեմ, ինչ պատճառով էլ որ դա տեղի ունենա՝ ռազմական զավթման, թե Փաշինյանի լիակատար համաձայնության: Իրանի տարածքով Նախիջեւանի հետ հաղորդակցությունը փաստարկ է այդ էքսկլավի շրջափակվածության պնդումների դեմ: Իսկ եռակողմ հայտարարության հիշատակումները հայ-ադրբեջանական հարաբերություններում ռուսական միջնորդությանն աջակցություն են»:
Ալիեւը, ինչպես նշվում է, կցանկանար անտեսել Իրանի դիրքորոշումը, բայց չի կարող. Իրանի թիկունքում կանգնած է Ռուսաստանը, Իրանի հետ հաշվի է նստում նաեւ ԱՄՆ-ը: «Բայց ահա Հայաստանի դիրքորոշումը Ալիևը հաճույքով անտեսում է, քանի որ Փաշինյանի թիկունքում ընդհանրապես ոչ ոք չի կանգնած…»:
Պատրաստեց ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ