Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի՝ անցնող շաբաթվա այցը Հայաստան կարեւոր նշանակություն ուներ։ Այդ կարգի բանակցություններն ու այցելությունները հաճախ տեղի են ունենում ԻԻՀ ԱԳՆ կողմից՝ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նախապես մշակած քաղաքականության եւ ընդունած որոշումների շրջանակներում։ Սակայն երկրի անվտանգության խորհրդի քարտուղարի արտասահմանյան այցելություններն առանձնահատուկ նշանակություն ունեն։ Շամխանիի այցը Հայաստան հավանաբար տեղի է ունեցել իր հայ պաշտոնակցի հրավերով։
Կարեւոր են նաեւ այն դիվանագիտական ու աշխարհաքաղաքական կոդերը, որոնք հանրայնացված պաշտոնական հայտարարությունների տեսքով հնչել են ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի շուրթերից։
Անցնող տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Իրանը ներքաշվել էր Հայաստանի հարավային Սյունիք մարզի նկատմամբ հնարավոր ագրեսիայի հետ առնչվող խնդիրների մեջ։ Իրանի զինվորական հրամանատարությունը վճռականությամբ հանդես եկավ սահմանների անփոփոխելիության օգտին։
Հայաստան մուտք գործելուց անմիջապես հետո Շամխանին մեկ անգամ եւս ընդգծեց տարածաշրջանում սահմանների աշխարհաքաղաքական փոփոխությունները մերժելու մասին Իրանի դիրքորոշումը, ինչը որոշակի իմաստ է պարունակում Իրանի դիվանագիտական լեզվում։
Իրանի ու Հայաստանի միջպետական սահմանը Իրանի հետ ցամաքային սահման ունեցող 15 երկրներից ամենաանվտանգ սահմաններից է, որի հետ գրեթե ոչ մի ներքին խնդիր տեղի չի ունեցել։
Սյունիքի սահմանը կարեւոր է Եվրասիական տնտեսական համագործակցության կազմակերպություն Իրանի մուտքն ապահովելու առումով, քանի որ Իրանի ներկայությունն այդ կազմակերպությունում առանց Հայաստանի հետ ցամաքային սահմանի հնարավոր չէ պատկերացնել։
Էլեկտրաէներգիա գազի դիմաց բանաձեւով համագործակցությունը եւ երկու երկրների միջեւ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարական աշխատանքների ավարտը հնարավորություն կտա իրականություն դարձնել Իրան-Հայաստան-Վրաստան- Ռուսաստան էներգետիկ համակարգը։ Իրանի տարածքով Երեւան-Աշխաբադ գազային սուափի շնորհիվ եւ այս համակարգին Թուրքմենստանի միացումով աննախադեպ նախագիծ է կյանքի կոչվելու։ Քանի որ այդ պարագայում Իրանն էլ Թուրքմենստանի ու Ադրբեջանի միջեւ սուափի շնորհիվ, իսկ մյուս կողմից՝ Թուրքմենստանի ու Հայաստանի սուափի շնորհիվ, կվերածվի էներգետիկ մեծ կենտրոնի։
Կարեւոր էր նաեւ Շամխանիի հայտարարությունում երկու երկրների միջեւ գոյություն ունեցող «քաղաքակրթական խորը կապերի» մասին շեշտադրումը, որը կարող է տնտեսական, տրանզիտային ու քաղաքական հարաբերությունների մակարդակը բարձրացնելու համար հիմք հանդիսանալ։ Իրանն ու Հայաստանը տարածաշրջանի ամենահին քաղաքակրթությունների կրողներից են, որոնք մտադիր են այս կապերը ծառայեցնել տնտեսական ու քաղաքական ոլորտներում փոխշահավետ համագործակցությանը։ Երկու երկրների գեոմշակութային հարաբերությունները նույնպես դիվանագիտական հարաբերություններն իմաստավորող գործոններից են։ Գեոմշակույթի ոլորտում խնդիրներ ունեցող երկրները դժվարությամբ են կարողանում կառավարել իրենց երկրների միջեւ գոյություն ունեցող հումանիտար ու մշակութային մարտահրավերները, ինչն ի վերջո ի հայտ է գալիս աշխարհաքաղաքական կոնֆլիկների մեջ։ Իրանի ու Հայաստանի միջեւ այդ կարգի կոնֆլիկտների բացակայությունը երկկողմ հարաբերությունների համար մեծ առավելություն է, որը կանխարգելում է թշնամաբար տրամադրված երկրների մուտքը բարեկամական դիվանագիտություն, քանի որ այդ դեպքում նման հարաբերություններին օգնության է հասնում հանրային կարծիքը։
Այս օրերին միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնված Հյուսիս-հարավ տարանցիկ ճանապարհը հնարավորություն է տալիս Հնդկաստանին միանալու Ռուսաստանի հետ։ Այս վիթխարի միջանցքն առայժմ կովկասյան տարածքում ունի ընդամենը տեղական նշանակության մեկ անցուղի, որն անցնում է Ադրբեջանից։ Իրանն աշխատում է այս նախագծի դիվերսիֆիկացումն ապահովելու, ինչպես նաեւ միակողմանի կախվածությունը բացառելու նպատակով, ակտիվացնել նաեւ Հայաստանի ցամաքային ճանապարհը։ Իսկ այդ կարեւոր նախագիծն իրականացնելու համար անհրաժեշտ է Հայաստանի լեռնային ռելեֆի վրա կառուցել տրանզիտային նոր մայրուղի եւ թունելներ։ Ի դեպ, այս նախագիծը հովանավորվում է նաեւ Եվրոմիության կողմից, որի համար անգամ բյուջե է հատկացվել։ Այդ առումով, Հայաստանի տարածքում Քաջարանի թունելի կառուցումը կենսական նշանակություն է ձեռք բերում։ Մյուս կողմից, Իրանին առաջարկ է եղել մասնակցել ավելի քան երկու միլիոն եվրո բյուջե պահանջող այս ճանապարհի շինարարությանը։ Նշանակում է, որ իրանական ընկերությունները նույնպես կարող են մասնակցել այդ նախագծին։
Շամխանիի հայտարարությունների մեջ տեղ գտած կարեւոր շեշտադրումներից է նաեւ այն, որ Իրանի տեսակետով, հարաբերությունների զարգացման համար ոչ մի սահմանափակում գոյություն չունի։ Այդ հայտարարությունը վերաբերում է երկկողմ հարաբերությունների խափանմանն ուղղված երրորդ երկրների միջամտությունը չեզոքացնելուն։ Այս մոտեցումը նույնպես երկկողմ հարաբերությունների համար նոր էջ է խոստանում եւ փարատում պատժամիջոցների ու նման խնդիրներին առնչվող մտահոգությունները։
Ամփոփելով վերը նշվածը՝ կարելի է ասել, որ բարիդրացիական հարաբերություններ ունեցող Իրանն ու Հայաստանը փոխհարաբերություններն ընդլայնելու եւ զարգացնելու առումով լուրջ խնդիրներ չունեն։ Անգամ երկու երկրների զանգվածային լրատվամիջոցների կողմից միմյանց նկատմամբ խնդիրներ հարուցելու առումով լուրջ մարտահրավերներ չկան։
ՍԱԼԱՐ ՍԵՅՖԷԴԴԻՆԻ
Իրանական «ՇԱՐՂ» օրաթերթի 2022 թ. հուլիսի 13-ի համարից
Արտատպվել է նաեւ իրանական «Ազարիհա» կայքում