Աշխարհախառն իրավիճակ է, հակասությունները, հակամարտություններն ու ռազմատնտեսական մրցավազքը տիրապետում են երկրագնդի մեծ մասի վրա, Չինաստանից մինչեւ Միջին Արեւելք, Եվրոպա, Կովկաս եւ այլուր, տեղ-տեղ ռազմական բախումների, անգամ նորահնար զինատեսակների օգտագործմամբ: Բոլորն սպասում են մեծ պայթյունի, անգամ՝ միջուկային բախման, որից սարսափահար զգուշացել է մարդկությունը Հիրոշիմայի ու Նագասակիի ռմբահարման օրերից ի վեր՝ հույսը դնելով գրեթե նույն օրերին ծնունդ առած ՄԱԿ-ի ու դրա Անվտանգության խորհրդի ողջախոհության, Սպիտակ տնից Կրեմլ գործող «կարմիր» հեռախոսային գծի, մարդասիրական հազարավոր ֆորումների, պայմանագրերի, բանակցությունների, խաղաղության մարտիկների, նույնիսկ՝ արվեստի մարդկանց ու կրոնական առաջնորդների վրա:
Մինչդեռ, այժմ, տասնամյակներ հետո, միջուկային ռումբերի տեսակները, քանակը, դրանք արձակող բալիստիկ եւ մյուս հրթիռներն այնքան են կատարելագործվել, որ, ինչպես Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Աննի Ջակոպսընն է գրում իր «Միջուկային պատերազմ» («Nuclear War») աշխատության մեջ, վայրկյանների ընթացքում մարտագլխիկները կարող են թռչել ցամաքամասից ցամաքամաս եւ ընդամենը 2 ժամվա ընթացքում կործանել ողջ աշխարհը:
Այս տողերը չեն գրվում վախեցնելու համար, այլ՝ զգաստացնելու մեր ժողովրդին, որը կարծես զրկվել է իրականության զգացողությունից, դիտում-լսում, բայց չի գիտակցում ողջ աշխարհին ու մեր երկրին սպառնացող վտանգները, չի փորձում հասկանալ բոլորիս համաշխարհային աղետը մոտեցնող տարածաշրջանային բախումների դրդապատճառները, դերակատարներին, որոնց մեջ երեւում են Թուրքիայի, Իսրայելի, Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները, որոնց զոհ են դառնում նաեւ մեր ազգակիցները Բեյրութում, Հալեպում, Կամիշլիում, այդ եւ այլ վայրերից նրանց տարերային փախուստ-արտագաղթի միտումները:
«Մենք ի՞նչ կարող ենք անել որ» խոսույթը կամ մտածողությունը վարակել է մեր հանրության մեծ մասին, որը, ինչպես 2018 «թավշային» տարում, ապա 2020-ի պատերազմի եւ այնուհետեւ 2023-ին Արցախի հանձնման եւ դրան զուգահեռ կրծոտված ու դեռ կրծոտվող հայրենի տարածքների, ռազմական նպաստավոր դիրքերի մատուցումը թշնամուն:
Զգաստության կոչը ուղղված չէ գործող իշխանություններին ու նրանց հետեւորդ համբակներին: Անիմաստ է: Նախաաղետային պայմաններում նրանք զբաղված են կապիկային գործարարությամբ (monkey business), ընչաքաղցությամբ, Արեւելք-Արեւմուտք ձեռնածությամբ, «խաղաղության դաշնագիր» լոլոյով, հեծանիվով, դոլմաջիությամբ, պետություն թե՞ հայրենիք սոփեստությամբ եւ խորհրդարանում ռազբորկաներ սարքելով, ինչի մասին մեր փորձառու աշխատակցուհին կողքի սյունակներում ներկայացրել է ողբերգակատակերգական դրամա՝ Չարենցի «Կավկազ թամաշայի» հանգույն:
Իսկ «մենք ի՞նչ կարող ենք անել» հարցն ունի հակիրճ պատասխան. մաքրել մեր տունը, իշխանության բերել մեր զարգացած եւ իրատես երիտասարդությանը, շատացնել նյութական մեր կարողությունները, վերակազմակերպել մեր բանակը, հզորացնել մեր դիմադրողականությունը, պատրաստվել դիմագրավելու գալիք բոլոր փորձանքները:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ