Կանադահայ դաշնակահարուհի եւ կոմպոզիտոր Իվ (Եվա) Էգոյանը ծնվել է Բրիտանական Կոլումբիայի Վիկտորիա քաղաքում, եգիպտահայ ծնողների ընտանիքում: Սովորել է Վիկտորիայի երաժշտական կոնսերվատորիայում եւ համալսարանում, Բանֆի արվեստի կենտրոնում, Բեռլինի Արվեստի բարձրագույն դպրոցում, Լոնդոնի Երաժշտության թագավորական ակադեմիայում եւ Թորոնթոյի համալսարանում: Նրա 14 անհատական ձայնասկավառակներն ընդգրկում են արդի կոմպոզիտորների երաժշտություն՝ սկսած Էրիկ Սատիից մինչեւ ժամանակակից մի շարք հեղինակներ, որոնցից են Էլվին Քուրանը, Ջո Քոնդոն, Մայքլ Ֆինիսին, Ջեյմս Թենին, Մարթին Առնոլդը, Լինդա Քաթլին Սմիթը եւ Էն Սաութեմը: Նրա վերջին ալբոմը՝ «De Puro Amor and En Amor Duro», պարունակում է իսպանա-գերմանացի կոմպոզիտոր Մարիա դե Ալվեարի երկու մեծածավալ ստեղծագործությունները: 2018 թվականին Էգոյանը ստեղծեց «Սոլո դուետի համար» ձայնի, պատկերի եւ չպատմվող պատմության ներթափանցված մի խառնուրդ՝ վիճարկելով դաշնամուրի եւ դաշնակահարի ավանդական պատկերացումները: Հաջորդ տարի նա դարձավ Սյու Ռայնարդի «Դուետ դաշնամուրի մենանվագի համար» 72 րոպեանոց ֆիլմ-դիմանկարի հերոսը, որը քննում է վերոհիշյալ երաժշտական փորձարարությունը:
Էգոյանն արժանացել է մի քանի պարգեւների, այդ թվում՝ «Գլոբ էնդ մեյլի» «Լավագույն դասական» մրցանակին (1999) իր առաջին անհատական ձայնասկավառակի համար, «Նյու Յորքըր» ամսագրի՝ տաս լավագույն դասական սկավառակներից մեկի համար տրվող մրցանակին (2009) եւ «Գլոբ էնդ մեյլի» «Տարվա լավագույն դասական սկավառակ» պարգեւին (2011):
Իվի կարիերային զգալիորեն աջակցել են Կանադայի Արվեստների խորհրդի, արվեստի այլ խորհուրդների, կանադական եւ միջազգային հիմնադրամների, կրթաթոշակների եւ մասնավոր անձանցից ստացած մրցանակներն ու դրամաշնորհները: CBC-ն նրան անվանել է «բոլոր ժամանակների 25 լավագույն կանադացի դասական դաշնակահարներից մեկը»: Նա ընտրվել է Կանադայի թագավորական ընկերության եւ Անգլիայի Երաժշտական թագավորական ակադեմիայի անդամ: Իվ Էգոյանը դաշնամուր է դասավանդում Թորոնթոյում եւ առցանց հարթակում: Նրա սեփական կայքէջն է՝ www.eveegoyan.com:
-Հարգելի՛ Իվ, ես շատ ուրախ էի՝ անցյալ ապրիլին հանդիպելով քեզ Հայաստան կատարած քո առաջին այցելության ժամանակ: Հայաստանում շատերն են ճանաչում եղբորդ՝ Ատոմին, եւ կարծում եմ, որ վաղուց ժամանակն էր ճանաչելու նաեւ քեզ:
-Ես նույնպես շատ ուրախացա քեզ հետ ծանոթանալով, Արծվի՛: Ես նաեւ երախտապարտ եմ՝ հանդիպելով այն մարդկանց, որոնց հետ ծանոթացրիր ինձ եւ այն տեղերի համար, որ միասին այցելեցինք: Ես ու Ատոմը նկարիչների ընտանիքից ենք, եւ Երեւանում ես այցելեցի Հայաստանի Ազգային պատկերասրահ ու տեսա ծնողներիս աշխատանքներից մի քանիսը: Քանի որ նրանք վերջերս են մահացել, ինձ համար շատ հուզիչ էր տեսնել նրանց աշխատանքները Երեւանում:
-Իսկապես, այդպես էլ պետք է լիներ: Ի՛վ, ե՞րբ եւ որտե՞ղ է տեղի ունեցել քո առաջին ծանոթությունը դաշնամուրին:
-Իմ դաշնամուրային ուղին անսովոր սկիզբ ունի: Տանը դաշնամուր չունեինք: Վաղ տարիքից ամեն օր դասերից հետո այցելում էի դաշնամուր ունեցող տարեց հարեւանուհուս եւ խնդրում, որ ինձ սովորեցնի իր իմացածը: Ի վերջո, խնդրեցի ինձ դաշնամուրի դասերի ուղարկել: Ծնողներս չէին քաջալերում: Կարծում եմ, նրանք փորձեցին ինձ տարհամոզել, քանի որ գիտեին, թե որքան դժվար է արհեստավարժ արվեստագետ լինելը: Ինձ ընդունեցին դաշնամուրի խմբակային դասարան, բայց ես արդեն շատ առաջ էի անցել: Ուսուցիչս ինձ ուղղորդեց մասնավոր դասերի՝ կրթաթոշակով:
-Կա մի պատմություն, թե ինչպես մի երաժիշտ, թանգարանում տեսնելով տարբեր խոշտանգման գործիքների հավաքածու, կատակել է, որ այնտեղ պետք է ներառել նաեւ դաշնամուր:
-Ինձ համար դաշնամուրը միշտ եղել է հաճույքի, զբաղմունքի ու ազատության վայր: Թերեւս, եթե ստիպելով նվագել տան, դաշնամուրը կարող է թվալ խոշտանգման ձեւ: Ինձ երբեք չեն ստիպել դաշնամուր պարապել, ես ինքս եմ գնացել նրա «ետեւից»: Դաշնամուրը միշտ եղել է ինձ համար արտահայտվելու եւ իմ գեղարվեստական հետաքրքրասիրությունը բացահայտելու միջոց:
-Դու մասնագիտացել ես դաշնամուրի համար գրված նորագույն երկերի կատարման մեջ: Ռիսկային չէ՞ գործ ունենալ ստեղծագործությունների հետ, որոնք տակավին չեն դիմացել ժամանակի փորձությանը:
-Այլ ժամանակաշրջանների երաժշտություն կատարելը համեմատաբար նոր պրակտիկա է: Պատմականորեն երաժիշտները կատարում էին իրենց ժամանակի երաժշտությունը, իսկ կոմպոզիտորները գրում էին կատարողների համար, որոնց անձամբ ճանաչում էին: Նաեւ պատմականորեն հատկապես դաշնակահարները եղել են նաեւ կոմպոզիտորներ եւ իմպրովիզատորներ: Ես ինձ ավանդապաշտ եմ համարում. կատարում եմ իմ ժամանակի երաժշտությունը, շատ գործեր գրվել են հատուկ ինձ համար, ինչպես նաեւ ստեղծագործում եմ եւ իմպրովիզացիաներ եմ անում: Դասական համերգային երաժշտությունը հիմնականում մնացել է անցյալում, քանի որ դասական երաժշտության ունկնդիրը հակված է լսել երաժշտություն, որը լսել է նախկինում: Իմ ժամանակի երաժշտությունը կատարելն արտացոլումն է այն բանի, թե ով եմ ես որպես այսօր ապրող արվեստագետ: Ես նաեւ ցանկանում եմ իմ գործիքն ինձ հետ միասին բերել մեր ժամանակաշրջան՝ նոր ստեղծագործությունների ստեղծման եւ դաշնամուրի հետ կապված տեխնոլոգիաների նուրբ կիրառման միջոցով:
-Մի ծանոթ դաշնամուրի ուսուցչուհի հրաժարվեց իր մասնագիտությունից՝ պատճառաբանելով, որ դասական դաշնամուր նվագելու ժամանակն անցել է: Այսօր մենք տեսնում ենք, որ նոր տեխնոլոգիաները սկսել են զուգորդվել երաժշտական գործիքներին: Տեսնու՞մ ես դաշնամուրի ապագան նրա ակուստիկ տարբերակներում:
-Դաշնամուրը եվրոպական գործիք է: Այն պահպանում է պատմությունն իր ֆիզիկական մարմնի եւ երկացանկի միջոցով: Այնուամենայնիվ, ոչ այնքան վաղ անցյալում դաշնամուրները եւ բոլոր գործիքները պատրաստվել են ձեռքով՝ ըստ տերերի պահանջների: Ներկայումս ես փոփոխում եմ ակուստիկ դաշնամուրն այնպես, ինչպես ինձ հարմար է՝ օգտագործելով նրա ստեղնաշարի վերեւում գտնվող օպտիկական հաղորդիչը:
Այն ինձ թույլ է տալիս հպման միջոցով ստանալ այլ պատկերներ եւ ձայներ: Սա ներառում է մեկ այլ դաշնամուրի ձայնը, կրկնվող ձայնը, որը կարող է տատանվել, բացահայտել ներդաշնակ երանգներ եւ ստեղծել դաշնամուրի շատ այլ խաղացկուն փոփոխություններ, որոնք իսկական դաշնամուրը չի կարող արտադրել: Իմ փոփոխված դաշնամուրը դուետի մեջ է իր երեւակայական «ես»-ի հետ: Քանի որ ես մարտահրավեր եմ նետում ինձ՝ որպես արվեստագետի, մարտահրավեր եմ նետում դաշնամուրին, նրա պատմությանը եւ նրա ավանդական հնչողությանը: Ես ուզում եմ ազատել նրան իր անցյալից եւ թույլ տալ, որ նա դիմի նոր ուղեւորությունների՝ միեւնույն ժամանակ հարգելով եւ սիրելով նրա անցյալը:
-Քո որոշ կատարումներով ամուսնուդ՝ մեդիա նկարիչ Դեյվիդ Ռոուքեբիի ծրագրակազմը (սոֆթուեյրը) դու վերածում ես պատկերների՝ դաշնամուրի վերեւում գտնվող էկրանին: Հիշում եմ, որ նման համադրություն կատարել էր նաեւ բելգիահայ դաշնակահարուհի Լորանս Մխիթարյանը: Ժամանակակից երաժշտությանը հարիր են նման փորձարարական մոտեցումները, հետաքրքրական է, նույնը կվայելի՞ դասական ստեղծագործություններին:
-Հիանալի կլիներ՝ ծանոթանալ Լորանսի կատարումներին… 2009-ին մենք ստեղծեցինք «Մակերեսային ճնշում» գործը՝ փոխելու համար պատկերի եւ ձայնի սովորական գոյատեւելու ձեւը: Ավելի հաճախ մենք ականատես ենք լինում պատկերը որպես գերիշխող, իսկ ձայնը՝ որպես ուղեկցող տարրի: «Մակերեսային ճնշում»-ում թե՛ ձայնը, թե՛ պատկերը ստեղծվում են միաժամանակ եւ ինքնաբերաբար: Այն եզակի միջավայր է, որը թույլ է տալիս կատարելապես համադրել պատկերն ու հնչյունը (https://vimeo.com/6154175): Այս պահին ես աշխատում եմ լսատեսողական մեկ այլ նախագծի վրա՝ համագործակցելով անիմատոր Քրիսթոֆեր Հինթոնի հետ: Դրանում ե՛ւ ձայնը, ե՛ւ պատկերը կֆիքսվեն կատարումից առաջ, բայց ես ժամանակի ընթացքում ազատություն կունենամ՝ նվագելիս երկուսն էլ փոխել: Այս նոր աշխատանքի կատարման ընթացքում պատկերները կբացահայտվեն շերտ առ շերտ, ընտրված պահերին: Այս տեսողական շերտավորումն արտացոլում է դաշնամուրի՝ բարձրության եւ դինամիկայի հսկայական տիրույթ ունեցող գործիքի, հնչյուններն իրար վրա բաշխելու կարողությունը: Նշանակալից պահերն ու անցումները՝ երաժշտական եւ տեսողական, կարտացոլվեն հնչյունի եւ պատկերի մեջ:
-Դու ինքդ էլ կոմպոզիտոր ես: Քո հայկական ծագումն ինչ-որ կերպ արտացոլվա՞ծ է քո ստեղծագործություններում կամ կատարողական ոճի վրա:
-Մինչեւ հիմա ես հորինել եմ միայն մեկ ստեղծագործություն՝ հիմնված հայ ժողովրդական երգերի վրա՝ «Ուրվականներն իմ մատների տակ (Վիվային)»: Ես ծանոթացա բազմաթիվ երգերի եւ ընտրեցի, ինչ որ իմ ամբողջովին անձնական ընկալմամբ, հնչում է «հայերեն»: Այս ստեղծագործությունը գրել եմ նախքան Հայաստան այցս: Այն արտահայտում է երեւակայված եւ երբեք չապրած մի վայրի կարոտը: Իմ նվագի ընթացքում երբեմն ի հայտ են գալիս նաեւ հայկական ավանդական նվագարանների հնչյուններ:
-Այժմ հայ կոմպոզիտորների նոր սերունդն աստիճանաբար ներկայացվում է միջազգային շրջանակներում: Հնարավորություն ունեցե՞լ ես ծանոթանալ նրանց գործերին:
-Ես այժմ նրանց աշխատանքներին ծանոթանալու փուլում եմ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Որպես մեկնաբան (ո՛չ ստեղծագործող), որը հավատարիմ է ապրող կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմանը, իմ պարտքն եմ համարում փնտրել հոգեկից արվեստագետներ: Ես ոչ միայն արհեստավոր եմ, որը սովորում է աշխատանքը, այլեւ հաղորդակցող, որը նոր աշխատանք է ներկայացնում իր լսարանին: Նախկինում երբեք չհնչած նոր ստեղծագործություններ կատարելը շատ նուրբ երկխոսություն է ունկնդիրների հետ: Իմ կատարման մեջ ես պետք է ամբողջովին ներգրավված լինեմ, որպեսզի իմ հանդիսատեսն իրեն պատրաստ եւ բաց զգա՝ մուտք գործելու անծանոթ կոմպոզիտորի լեզվի մեջ: Սա նման չէ, օրինակ, Բեթհովենի ստեղծագործությունը լսելուն, որի երաժշտական լեզվին մենք արդեն ծանոթ ենք:
-Շատ սփյուռքահայերի համար Հայաստան այցելելը մի տեսակ ուխտագնացություն է: Ոմանց համար դա նման է տունդարձի: Քչերի համար դա պարզապես զբոսաշրջություն է: Ինչպե՞ս էր քո՛ փորձառությունը:
-Իմ վերջին (եւ առաջին այցը) Հայաստան տեւեց ընդամենը երկու շաբաթ: Այդ ընթացքում հաճախ սիրելի ընկերուհուս՝ նշանավոր երաժիշտ եւ երաժշտագետ Կասիա Ուզունյանի հետ, ես համատեղում էի հանդիպումները, Երեւանի երաժշտական եւ գեղարվեստական կյանքի հետ ծանոթությունները եւ մի քանի գեղատեսիլ պատմական վայրեր կատարած այցելությունները: Ես զարմանալի ժամանակ անցկացրի: Հանդիպածս բոլոր մարդիկ ավելի քան սիրալիր եւ ջերմ էին իմ՝ իրենց քաղաքում գտնվող անծանոթի հանդեպ: Ինձ դուր եկավ իմ փորձառությունը՝ կապված Երեւանի, նրա շրջակայքի եւ հանդիպածս մարդկանց հետ: Անչափ շնորհակալ եմ այն ծանոթությունների համար, որոնք ինձ համար իմ այցից առաջ կատարեցին հրաշալի լրագրող Մերի Մուսինյանը եւ ուրիշներ: Ինձ հետաքրքրում է Հայաստանը եւ պետք է մի օր վերադառնամ: Պետք է բացահայտեմ, թե ինչ է ինձ համար Հայաստանը, նրա անցյալն ու ներկան: Ես դեռ փնտրում եմ իմ ճանապարհը կարոտի եւ պատկանելության միջեւ: Ես այդ ուղին անցնելու մեծ ցանկություն ունեմ: Ուզում եմ ավելի լիարժեք զգալ հայկական հողը, նրա աշխարհագրությունը, օդի բույրը, տեղանքի ձայնը եւ թույլ տալ ինձ զգալ այն ամենն, ինչ զգում եմ:
-Իսկ ի՞նչ ծրագրեր ունես Հայաստանից հետո:
-Ես նոր եմ վերադարձել Վանքուվերից, որտեղ ձայնագրել եմ ալբոմ էլեկտրոնային երաժիշտ Մաուրիսիո Պաուլիի հետ, որտեղ իմ ակուստիկ դաշնամուրը «հանդիպել է» նրա էլեկտրոնային ձայնային աշխարհին: Շարունակում եմ աշխատել վերոնշյալ անիմատորի հետ: Առաջարկներ ունեմ՝ ձայն ստեղծելու վիզուալ արտիստների հետ համատեղ ինստալացիաների համար եւ հրավեր՝ գրել եւ կատարել մի նոր ստեղծագործություն Մոնրեալի մի համույթի համար: Որպես կատարող՝ ծրագրեր եմ մշակում՝ Էրիկ Սատիի երաժշտությանը միախառնելով վերջինիս գեղագիտությանը համահունչ արդի մի քանի կոմպոզիտորների ստեղծագործությունները: Իհարկե, շարունակում եմ կատարելագործել իմ հայկական համերգային ծրագիրը՝ կազմված Երեւանի եւ Սփյուռքի կոմպոզիտորների գործերից: Հուսով եմ, որ այդ ծրագիրը կնվագեմ Կանադայում եւ արտերկրում: Երբ Երեւանում էի, իմպրովիզացիայի, ստեղծագործելու եւ ելույթ ունենալու հրավերներ ստացա: Վստահ չեմ, թե ինչպես դրանք կարող են իրականանալ հիմա, քանի որ իմ առաջին այցը ֆինանսավորել էր Կանադայի Արվեստների խորհուրդը:
Հետաքրքրական է՝ արդյոք Հայաստանի հայությանը կհետաքրքրի՞ իմ աշխատանքը: Ես նաեւ մտածում եմ, թե ո՞ր համատեքստը կլիներ իմ աշխարհին հաղորդակից դարձնելու լավագույն միջոցը, եթե նրանք հետաքրքրված լինեն առնչվել դրան:
Հայաստանը Կանադայից աշխարհագրականորեն շատ հեռու է: Եթե այն իմ բնակության վայրին ավելի մոտ լիներ՝ կուզեի մեկ վայրկյանում նորից հայտնվել այնտեղ…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ
Գլխավոր լուսանկարում՝ Իվ Էգոյան (Սյու Ռայնարդի «Դուետ դաշնամուրի մենանվագի համար» ֆիլմից)