Իսպանական «Ջոթ դաուն» մշակութային ամսագրի այս տարվա մարտի համարն ամբողջությամբ նվիրված է Հայաստանին: Ինչպես նշված է առաջնորդող հոդվածում. «Ասում են, որ նրանք Նոյի անմիջական հետնորդներն են: Ու նրանք դեռ կարոտով նայում են Արարատ լեռան ուղղությամբ, թեպետ այն արդեն իրենց սահմաններում չէ: Հայաստանը՝ աշխարհի հնագույն երկրներից մեկը, նաեւ 20-րդ դարի ընթացքում ամենաշատ տուժածներից է: Այսօր հայ սփյուռքի անդամները սփռված են աշխարհով մեկ եւ եռապատիկ շատ են այն շրջանի բնակիչներից, որտեղ, ըստ Բայրոնի, դրախտն է եղել: Դուք արդեն գիտեք նրանցից շատերին: Գիտեք Շերի, Շառլ Ազնավուրի կամ «Սիսթեմ օֆ ը դաունի» երգերի, Քիմ Քարդաշյանի զրնգուն փայլի, Սթիվ Ջոբսի հանճարի կամ Անդրե Աղասիի եւ Գարրի Կասպարովի սխրագործությունների մասին (հեղինակը սխալվում է, Սթիվ Ջոբսն ընդամենը ունեցել է հայուհի խորթ մայր – Ա. Բ.): Բայց շատ ավելին կա: Կան նկարիչներ եւ գրաֆիտի նկարողներ, դերասաններ, գրողներ, գիտնականներ, ճարտարապետներ, ազատամարտիկներ, միապետներ եւ նույնիսկ ըմբշամարտի աստղեր: Եվ նրանց բոլորին հետեւելու համար մեզ անհրաժեշտ կլինի ճանապարհորդել ամբողջ աշխարհով՝ Իսրայելից կամ Թուրքիայից մինչեւ Ճապոնիա, Արգենտինա եւ Միացյալ Նահանգներ»:
«Ջոթ դաունի» 38-րդ՝ հայկական համարում տեղ են գտել ավելի քան երեսուն հոդվածներ, ամփոփագրեր եւ հարցազրույցներ, որոնք հեղինակել են Կառլոս Սուրուտուսան, Բարբարա Այուզոն, Ռիկարդո Գարսիա Վիլանովան, Ռեբեկա Գարսիա Նյետոն, Բիբիանա Կանդիան, Ալվարո Կորասոն Ռուրալը եւ ուրիշներ: Համարում տեղ են գտել նաեւ երեք բացառիկ հարցազրույցներ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի իսպանացի մարզիչ Խոակին Կապարոսի, հայազգի արգենտինացի արձակագրուհի Մագդա Թագթաչյանի եւ հայաստանցի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի հետ:
Ա. Բ.