Նոր ապացույցների կարիք չկա փաստելու համար մեր փնթի, անկազմակերպ ազգ-ժողովուրդ լինելու իրողությունը։ Բնավ նպատակ չունեմ ազգային ինքնախարազանմամբ զբաղվելու։ Դա ավելի քան բավարար չափով արվել է հին ու նոր պատմիչների կողմից ու դեռ արվում է։ Բայց հաստա՛տ կարիք կա ինքնաքննադատության՝ թե՛ գլխավոր եւ թե՛ երկրորդական հարցերում։
Միաժամանակ ստիպված ենք խոստովանել, որ հայկական իրականությունը չի սիրում ինքնաքննադատությունը, այլ, փոխարենը, հատուկ թուլություն ունի մեղադրանքների նկատմամբ, մեղավորներ գտնելու, մեղավորներին ձաղկելու, անարգանքի սյունին գամելու նկատմամբ, որը ի վերջո վերածվում է սեփական անմեղությունը փարատելու գիջության, որից, ինչպես հայտնի է, ոչ մի ճշմարտություն էլ չի ծնվում, պատմության դասերը մնում են չմարսված, եւ ամենակարեւորը՝ ժողովուրդը, ազգը, պետությունը չեն կարողանում սահմանել, թե ինչը չի՛ կարելի անել։ Եվ ստացվում է սխալների կրկնություն։ Լավագույն պարագայում ընդունում, հայտարարում ենք, որ բոլորս ենք մեղավոր, եւ, արդյունքում, հավաքական մեղավորության մեջ կորչում է այլեւս մեղք չգործելու գիտակցությունը։
Խոսքը պատմական սխալների մասին է, որոնց օրինակները բազմաթիվ են մեր ժողովրդի երկարուձիգ պատմության մեջ։ Հիշատակելու համար դրանցից ընդամենը մեկը, այն՝ որի հետեւանքները կրում ու դեռ կրելու ենք դժբախտաբար, 101 տարի առաջ, 1921-ին, Մոսկվայի պայմանագրի «եփման» սեղանից մեր բացակայությունն էր։ Այդ ո՞վ էր թույլ տվել եւ ի՞նչն էր թելադրել Սիմոն Վրացյանի գլխավորած «ժամանակավոր կառավարությանը» արգելելու հայ բոլշեւիկների մասնակցությունը այդ «ճաշեփումին», ասպարեզը բաց թողնելով թուրք-թաթարների ու հրեա-վրացիների առջեւ, որոնց եփած անմարսելի «ճաշը» այնուհետեւ մեզ մատուցվեց Կարսում։ Մեկ դար անց դեռեւս ճշմարիտ գնահատական չի տրվել այդ, շատ մեղմ ասած, անհեռատեսությանը, փոխարենն ստեղծվել է բոլշեւիկ ու դաշնակցական պատմաբանների փոխադարձ մեղադրանքների մի ողջ գրադարան։ Չի տրվել կուսակցական նախապաշարումներից վեր ճշմարիտ, անողոք գնահատական, չի սահմանվել այն կարմիր գիծը, որից անդին չի թույլատրվում անցնել ոչ ոքի, ինչ մանդատ էլ որ ունենա՝ «ազգային փրկության» թե «պողպատյա», կամ այլ։ Ի վերջո չափանիշների սանդղակ եւ ավանդույթ պետք է սահմանել, որը գերազանցողները պետք է զրկվեն իշխանությունից, պետք է ընդմիշտ արգելվի ինքնիրավչությունը, որը մեր տունն ու հայրենիքը քանդել է անցնող դարերի ընթացքում ու շարունակում է քանդել մինչ օրս։
Արդեն 18 ամիս է անցել մեր պարտությունից եւ 17 ամիս՝ անձնատուր լինելուց։ Սակայն, համապատասխան չափանիշների բացակայության պայմաններում դեռեւս չունենք պատասխան ճակատագրական հարցադրումների. կարելի՞ էր խուսափել պատերազմից, կարելի՞ էր դադարեցնել ընթացող պատերազմը, կարելի՞ էր ռազմավարական ու մարտավարական տեսակետից ճիշտ կազմակերպել մեր հայրենիքի պաշտպանությունը եւ նվազագույն զոհերով ու կորուստներով դուրս գալ Աղետից, կարելի՞ էր խուսափել նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն հայտարարությունն ընդհանրապես կամ գեթ դրա որոշ պարտադրանքներ ստորագրելուց, ինչպիսին է հաղորդակցության ուղիների վերաբացման կամ կառուցման պարտադրանքը, որը առիթ եւ հնարավորություն է ստեղծել թուրք-թաթարական տանդեմին շարունակելու «սողացող» պատերազմը մեր եւ արցախահայության դեմ։ Իսկ գլխավոր հարցադրումը, թե պատերազմը տանուլ տված, մեծաթիվ զոհեր տված, հող տված եւ ազգային իրավունքներ զիջած անձը ի՞նչ իրավունք ունի տակավին նստելու իշխանության գագաթին։
Մենք չգիտենք անգամ, թե ովքե՞ր էին պատերազմի ընթացքում, թերեւս դրանից էլ առաջ օգնել եւ օգնում մեր թշնամուն։ Խոսքը չի վերաբերում պետություններին, որոնց ոչ լրիվ ցուցակը մենք ունենք, այլ կազմակերպություններին եւ անհատներին, որոնցից մեկն էլ ԱՄՆ-ում քաղաքական ու ֆինանսական շրջանակներին քաջ հայտնի Սունունու ընտանիքն է, որը եռակողմ հայտարարության տակ թանաքը դեռ չչորացած՝ հանքարդյունաբերական աշխատանքներ սկսեց Ջաբրայիլում… Այնքան ենք փնթի եւ անկազմակերպ, որ լրիվ չգիտենք, թե ովքե՞ր են իրենց ձեռքը տաքացրել են մեր տաք վերքերի վրա։
Ինքնիրավչությունը այժմ այնքան է խորացել եւ ամրապնդվել, որ ազգովին դեմ չենք կանգնում, ընդհակառակն՝ շատեը բնական են համարում, որ մեկ մարդը վճռի մի ամբողջ ժողովրդի, մի պետության ճակատագիրը ու շարունակի բարբաջել «խաղաղության նոր դարաշրջան» բացելու, հայրենի հողերի հաշվին թուրք-թաթարներին անցուղիներ, իմա՝ միջանցքներ տրամադրելու, Արցախը ռուսների կամ Մինսկի խմբի գրպանը դնելու մասին։ Նա շտապում է, ինչպես իր գործընկեր թուրք-թաթարները։ Նա շտապում է, առանց սպասելու անգամ մեր միակ դաշնակցին, որն արդեն մեկ ամիս է, ինչ խրվել է Ուկրաինայի հետ պատերազմում։ Նա չի զգում, թե աշխարհը փոխվել ու դեռ փոխվելու է ընդերկար։ Նա չի զգում, որ այդ փոփոխվող աշխարհում նախապես կարեւոր համարվող բաները կարող են դառնալ ավելի՛ կարեւոր, կամ ընդհակառակն։ Նա չի գիտակցում, որ Հայաստանը, հատկապես նրա հարավը, նոր աշխարհակարգի պայմաններում կրկին դառնալու է աշխարհի կարեւորագույն կետերից մեկը՝ արեւմուտքը արեւելքին, հյուսիսը հարավին կապող։ Մի բան՝ որը մեր թշնամիները լավ գիտեն, իսկ մեր իշխանավորները՝ ոչ։ Նրանք շտապում են։ Մենք էլ։ Քանզի փնթի ենք, անկազմակերպ, անհեռատես եւ հարմարվող։
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ