Խաչիկ Մանուկյանի «Շարունակիր մեռնել» բանաստեղծությունների ժողովածուն
Իրական բանաստեղծությունն ինքնախոստովանանք է, ինքնաքննություն, անմիջնորդ ասված քավության խոսք՝ անկախ նրանից հավատավո՞ր ես, ո՞ւմ ես երկրպագում, ի՞նչ Վերին ուժերի առջեւ ես երկնչում եւ կամ բնավ չունես երկրպագության առարկա… Այն ներքին այրում է, որ հատուկ է հատկապես արվեստի մարդուն, այն նրա գիտակցության քննիչն է, նրան արարման մղողն ու միաժամանակ սպառող-մահացնողը… Այն բացահայտ կամ սքողված կերպով առկա է իրական արվեստի յուրաքանչյուր գործում, լինի դա բանաստեղծական հյուսք, մեղեդի կամ երգ, կտավ թե քանդակային ձեւակառույց…
Այս մտորումների աղբյուր դարձավ հենց այն վերնագիրը, որ ընտրվել էր՝ Խաչիկ Մանուկյանի գիրքը խորագրելու համար: «Շարունակիր մեռնել…»: Թեեւ նրա ողջ պոեզիան կենսահաստատ է, կյանքի լույսով ու պայծառությամբ հագեցած, պայքարի ոգեկոչումով, բայց խորագիրը ներկա պահի կնիքն է կրում: Եթե տվյալ բանաստեղծության համատեքստից անջատենք այս բառերը, ապա այն կմեկնվի նաեւ որպես ստեղծագործող մարդու՝ ամեն ժամ ինքնայարման, սեփական հոգեուժն աշխարհին տալու, զոհելու, նվիրաբերվելու իմաստով: Այո՛, լինում են այսպիսի պահեր, երբ անողոք իրականության դեմ-հանդիման կանգնած մարդը շարունակ մեռնում է՝ շարունակելով ապրեցնել իր անձով այլոց… Իսկ ամեն մի քերթվածք ինքնախոստովանանք է ու քավության խոսք, երբ մահվան աչքերի մեջ ես նայում, իսկ Խ. Մանուկյանը հասցրել է ուղիղ նայել այդ աչքերի մեջ…
Անհանդուրժողականությունը Խաչիկ Մանուկյանի տողում ընդամենը մակերես է, իրականում խորքում ցավն է, անհանգստությունը: Անմարդկայինի մերժումը, հայրենադավության ձաղկումը չի վերածվում ատելության ձայնի, չի չարանում, ընդհակառակը՝ առավել մարդկայնանում է հաջորդ քերթվածում, մեղմվում… Չի խուսափում սուր, ոչնչացնող խոսքից, հատու է իր գնահատականներում, երբ մերօրյա այպանելի հասարակական երեւույթների մասին է խոսում՝ առանց երկնչելու մատնացույց անելով դրանց աղբյուրները: Այդքանով հանդերձ, Խ. Մանուկյանի պոեզիան հրապարարակախոսություն չէ՛, քանի որ բանաստեղծական պատկեր նրա կառույցները՝ թարմ, նորաստեղծ, միտքը դարձնում են գեղարվեստ, խոսքը՝ բանարվեստ, բառը՝ լեցուն ու նպատակամղված…
Չսահմանափակվելով զուտ այս գրքում զետեղված գործերի քննությամբ՝ համառոտ կանդրադառնամ Խաչիկի՝ այս ժողովածուից դուրս հրապարակված որոշ քերթվածների եւս՝ ուրվագծելու համար այն թեմաներն ու ուղղությունները, որոնցով զարգանում է բանաստեղծի մտքի թռիչքը:
Իր խոսքերով՝ «տիեզերքի բոլոր մասերն իր հեգ ուսերին» տանող բանաստեղծն աղերսներ ունի՝ թոթափելու երկրային ծանրությունը, ու այս թեման վերջին տարիների իր ստեղծագործության մեջ հաճախ է սպրդում: Մահվան շունչն առած եւ երկրային կյանք վերադարձած անձի պայծառատեսությամբ, նաեւ ունայնի եւ հավերժականի կշռույթում իրական արժեքները ճանաչած ու գնահատած՝ նա հավատում է սիրո «համառությանը». այդ համառությունն է, որ ապրեցնում է, այդ ընծան է, որ անխնա, անափսոսանք վատնում է իր բանաստեղծությունում: Ներսում կուտակ լույսը կարծես անսպառ է, եւ նրանով ուզում է լիացնել «կույր հոգիները»:
Արարչի հետ իր զրույցը մե՛կ միջնորդավորված է, մե՛կ անմիջական. բոլոր դեպքերում իր գոյությունը լույսի շավղով մարդուն տանելն է, ու այդ մասին են հետեւյալ տողերը.
«Լավ հաջողեցրեց ինձ էլ ներառել
Առեղծվածային իր հորինվածքում,
Որ շաղեմ սիրով բեռնված բառեր,
Որ լույսով լցնեմ հոգիները կույր…
Գուցե ավելի համառ էր սերը,
Քան չգոյության աղերսները իմ,
Այս տիեզերքի բոլոր մասերը
Կարծես դրել եմ իմ հեգ ուսերին…»:
Փորձությունները, որքան էլ անխնա, անկարող են մաշել բանաստեղծի հոգելույսը.
«Իմ տարածքներին մոտեցեք վստահ,
Փորձություններով հոգի չեմ մաշում,
Չփորձեք լալով ինձ հրաժեշտ տալ,
Երբ անշարժ տեսնեք սեւավոր նաշում…»:
Խավարի դեմ պայքարը խորհրդանշական է.
«Խեղդեմ հույսով,
Մարեմ լույսով
Կարծր խավարը,
Փոխարենը՝
Թա՛նձր սիրո
Կրակնե՜ր վառեմ»:
Բանաստեղծական տողի անկեղծության հրամայականն է նաեւ քերթվածների թեման, որոնցում խոսում է գրական ասպարեզը ողողած «անճարակության անմարս դողերով լցված» անթռիչք ոտանավորների մասին, ու այդ ամենին հակադարձում է իր արարումը.
«Պուճուր սրտերին՝ պուճուր տողեր,
Պուճուր երազներ, սերեր պուճուր,
Անճարակության անմարս դողեր,
Մոռացված թռիչք, գետնամած չու…»:
Ի հեճուկս ինքնաբավերին, որոնց տողն անարյուն է, մարած, իր սիրային բանաստեղծական տողերն է քերթում, հայրենանվեր քնարերգության հերթական փայլուն օրինակը տալիս:
Երբեմն էլ անձնական սիրո եւ սեփական ժողովրդի պատմության քննության խոհական տողերը նույնական են՝ կախված ընթերցման դիտանկյունից: Այսպես, օրինակ՝ «Դու մեղավոր ես, գեղեցիկ ես դու» տողով սկսվող բանաստեղծությունը: Թվում է՝ պաշտելի կնոջ նկարագիրն է՝ Շամիրամա դիմագծով՝
«Դու մեղավոր ես- գեղեցիկ ես դու,
Շռա՜յլ ցնորք ես այս պաղ հանդեսում,
Քո հմայքներից պոկված կրակը
Բյուր երակների պատեր է լիզում…»:
Սակայն հաջորդած երկու տողը բանաստեղծության մի այլ՝ հավելյալ մեկնություն են թելադրում.
«Եվ պարկեշտության ի՜նչ ծովեր են պետք,
Որ կրքի հսկա այդ նավը խեղդեն…»:
Խոսքը զուտ անձի պարկեշտության մասին չէ՛, այլ ժողովրդի բարոյական կայուն նկարագրի, ինչի մասին թեեւ ուղղակիորեն չի խոսվում, բայց ընթերցվում է տողատակում:
Պարկեշտությունն ամենից հազվագյուտ հատկանիշներից մեկն է, որով բանաստեղծն ուզում է օժտված տեսնել մարդուն եւ հայրենի իշխանություններին: Այդ բառի խորքի ու ընդգրկման տարածքի մեջ է տեղավորվում Խ. Մանուկյանի պոեզիան, որի մի բաժինն այս գրքում է: Իրական, ոչ մտացածին կյանքում երազների մասին գույնով խոսող եւ ընթերցողին շռայլորեն նվիրող, կյանքից հետո «երազների մուրացկան» կոչվելուն դատապարտված՝ բանաստեղծն իր խոսքի հնչյունները ձուլում, զրնգացնում է «տիեզերքի հասակով մեկ».
«…Հրաշք մի երգ, որ ձուլվում է
Տիեզերքի հասակով մեկ՝
Հեռուների մեջ դառնալով
Քաոսային հրաշք մի երգ…»:
Իր երազների շարքում է հայրենիքը նյութապաշտներից ազատված, մորթապաշտներից ձերբազատված տեսնելը, որպեսզի նրա ընթացքը դիտելիս հրճվանքից «սրտաճաք լինի»: Հայրենիքի հավերժական լինելիության հիմներգն է հյուսում բանաստեղծը՝ տեղ-տեղ չխուսափելով հռետորական ոճից եւ, սակայն, տեսեք՝ որքա՜ն բանստեղծական են հնչում այս տողերը՝
«…Եղիր մի տարի հետո էլ
Եվ մեկ դար հետո էլ շարունակիր լինել,
Թող մոլորակն իր հմայքը չկորցնի,
Թող չիմաստազրկվեն պտույտները արարչական,
Թող հոգուդ լուսեղեն պարունակները ջահերի տեղ
Աստղերի տեսքով կախվեն տիեզերքի առաստաղից,
Եվ հմայքներովդ քաղցրացած խլիրտները ծավալվեն ճերմակ սավաններին…
Եղիր հազարամյակներ հետո,
Եվ հավերժորե՛ն շարունակիր լինել…»:
Խաչիկ Մանուկյանի սիրային բանաստեղծությունները որոշակորեն կարող են գնահատվել՝ նաեւ իբրեւ խոհական, ինչը բացատրվում է ապրած տարիների թելադրանքով եւ ամբարած իմաստնությամբ: Կյանքի ու մահվան միատեղ հիշատակումը պատահական չէ նրա պոեզիայում: Տողերն այդ հաճախ մահվանով փորձության վերապրումներ են, եւ սիրո տաղն անգամ տառապանքի կնճիռն է խորքում կրում՝
«Դեմքիդ կարոտի ջուրն է հոսել,
Եվ սիրո նավն է ցնցել ահով,
Ես էլ եմ քեզ պես ապրում, իմ սեր,
Ես էլ եմ լցված կյանք ու մահով…»:
ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ