Դառնահամ մեղքն ու քաղցրանուշ մեղրը
Մեղքը հանցանք է՝պարսավելի, դատապարտելի արարք եւ կրոնաբարոյական պատվիրանների ու օրենքի խախտում:
Բոլորս էլ մեղավոր ենք: Արեւելքի մեծանուն բանաստեղծ ու փիլիսոփա Օմար Խայյամը հավատացած էր, որ աշխարհում անմեղ մարդ չկա: Նա իր դժգոհանքն էր հայտնում Արարչին, որ մեղավորներին պատժելով ինքն էլ է մեղք գործում: Ուստի, նա մահկանացուի ու Աստծո միջեւ ոչ մի տարբերություն չէր տեսնում՝
Այս աշխարհում մեղք չգործած մարդ կա՞ միթե, ասա ինձ,
Իսկ եթե կա, նա ինչպե՞ս է գոյատևում, ասա ինձ,
Վատ արարքս վատությամբ ես հատուցանում, տե՜ր Աստված,
Էլ ինձ ու քեզ տարբերակել դու կարո՞ղ ես, ասա ինձ:
Նման հերյուրանքների համար շատերը Խայյամին աթեիստ ու աստվածամերժ անվանեցին, ոմանք էլ՝ ճշմարտախոս:
Հայերն էլ են մեղք գործում, այն էլ՝ բնիկ հայկական մեղք, քանի որ մեղքը բնիկ հայկական բառ է՝ հնդեվրոպական նախալեզվի «սխալվել» իմաստով mel արմատից:
Հնդեվրոպական նախալեզվում կա նաեւ հայերեն «մեղու» եւ «մեղր» բառերի համար հիմք ծառայած նույն՝ mel արմատը: Դրանով հանդերձ, դառնահամ «մեղքի» ու քաղցրանուշ «մեղրի» միջեւ ազգակցական ոչ մի կապ չկա:
Հայերեն բառի ցեղակիցներից է լատիներեն malum հոմանիշը՝ «վնաս», «ցավ», «տառապանք», «պատիժ» եւ «ոճիր» իմաստներով:
Փաստորեն «մեղքն» ու «վնասը» ոչ թե փոխակպակցված բառեր են, այլ՝ հոմանիշներ: Իսկ հնդեվրոպական ծագումով հայերեն ՎՆԱՍ բառի ազգակցական կապը ռուսերեն вина եւ պարսկերեն gonah բառերի հետ, կասկած չի հարուցում:
Հոգնակիակերտ մասնիկից անբաժան «մեղՔ» բառը, «տառապանՔի», «զրկանՔի» ու «փորձանՔի» նման եզակի չի լինում (կամ եթե լինում է, հազվադեպ է լինում), քանի որ մարդուն բնորոշ է հանապազ ու շատ մեղք գործելը, տառապելն ու զրկանք կրելը:
Մշտապես մեզ հետապնդող մեղք գործելու զգացողությունը փարատելու համար էլ, մեղքին թողություն հայցելու նպատակով, հորինվել է «մեղա՜» բացականչությունն ու «մեղա քեզ Աստված, մեղավոր եմ, խոստովանում եմ մեղքս» արտահայտությունները:
Հայ առաջին տպագրիչ Հակոբ Հովհաննիսյանը, մեղք գործած լինելու կպչուն միտքն իրենից հեռացնելու համար՝ համեստաբար Մեղապարտ ազգանվամբ է ներկայացել:
Գրիգոր Նարեկացին էլ իրեն մշտապես մեղավորի պիտակ է կպցրել, ու երկայնամիտ Արարչին դիմելով՝ հաճախ է թողություն խնդրել:
Մեր հոգեւորականների աղոթագրքերն էլ հագեցած են ինքնամեղադրանքներ պարունակող տրտունջներով, երբեմն աղոթարարի մասին ասելով՝ «Յանցաւորս համարեցայ զամենայն մեղաւորս երկրի»:
Փաստորեն մեղքի մասին համարյա ամեն ինչ գիտենք: Գիտենք մեղք բառի ծագումնաբանությունը, այլ լեզուների հետ դրա ազգակցական կապը, շատ ու շատ ուրիշ բաներ: Սակայն, գործած մեղքերի դիմաց զամենայն մեղաւորիս պատասխանատվության մասին ոչինչ չգիտենք: Չգիտենք պատիժն ինչպե՞ս է սահմանվում՝ անտիկ շրջանի տասը պատվիրաններո՞վ, միջնադարյան Հայաստանի դատաստանագրքո՞վ, թե՞ մերօրյա քրեական օրենսգրքով:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ