Գլխարկն ու խաբեությունը
Գլխարկը հայերի համար պատկառանքի ու արժանապատվության խորհրդանիշ է: Հնում, արբունքի շեմին ոտք դնող պատանուն պատկերացնում էին ԳԼԽԱՐԿՈՎ ՀԱՆԴԵՐՁԱՎՈՐՎԱԾ: Պատվարժան տղամարդուն սազական էր հանրությանը ներկայանալ ԳԼԽԱՐԿԸ ԳԼԽԻՆ, որին հակադրվում էր «լաչակ կապած» պատվազուրկ տղամարդը:
Ինչ-որ իմաստով «գլխարկն» ու «պատիվը» հոմանիշներ են, քանի որ «Գլխարկը գետնով տալ» նշնակում է «պատիվը վիրավորել»: Իսկ «ծանր գլխարկ դնել» նշանակում էր դժվար պատասխանատվություն ստանձնել: Հավելենք նաեւ, որ խրոխտ կեցվածքով տղամարդը ՓԱՓԱԽԸ ԳԼԽԻՆ ԾՈՒՌ ԷՐ ԴՆՈՒՄ եւ այլն: (Ի դեպ, պարսկերենով kaj-kolah «ծուռ գլխարկավոր» նույնպես նշանակում է գոռոզամիտ մարդ):
Սակայն դրական հատկանիշներով ներկայացվող ԳԼԽԱՐԿ բառը հայերեն դարձվածքներում ունի նաեւ բացասական կիրառություն: Օրինակ, «մեկի գլխին փափախ կամ գլխարկ դնել» նշանակում է «սուտ խոստումներով խաբել»: Բայց ԽԱԲԵԼ իմաստով այդ արտահայտությունը մեզ մոտ կկորցներ իր կիրառության ոլորտը, եթե չլինեին հետանկախացման շրջանում հայրենիքի հետ կապը վերահաստատած իրանահայերը եւ նրանց Հայաստան բերած նոր շունչը:
Նշենք, որ «ԽԱԲԵԼ» նշանակությամբ այդ արտահայտությունը ներմուծվել է մեր հարեւան Իրանից, որի պարսկերեն հոմանիշը՝ «գլխարկ դնել» kolah gozashtan դարձվածքը, մեծ տարածում ունի իրանցիների մոտ:
Սակայն զարմանալի է պարսկերեն լեզվում ԳԼԽԱՐԿ բառով կազմված մեկ այլ արտահայտության՝ «գլխարկ հանելը» kolah-bardari դարձվածքի գոյությունը, որը նույնպես օգտագործվում է «ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ» եւ «ՇՈՐԹՈՒՄ» իմաստներով: Այս դարձվածքն այնքան է տարածված Իրանում, որ նույնիսկ այն դիտվում է որպես հանցագործություն, եւ քրեական օրենսգրքով հատուկ հոդված է նախատեսված դրա համար:
Ստացվում է, եթե դիպչում ես ինչ-որ մեկի գլխարկին՝ գլխարկը վերցնում կամ դնում, ուրեմն խաբում ես նրան: Այդ դեպքում ինչպե՞ս կարելի է բացատրել նշված երկու հականիշ բառերի նույնանիշությունը:
Հայտնի է մի ավանդապատում, համաձայն որի՝ Հնդկաստան արշաված Նադիր շահը Հնդկաստանի պարտված տիրակալին հյուրընկալվելիս, նկատում է վերջինիս հասարակ գլխարկի տակ փայլատակող 37,21 գրամանոց հայտնի ՔՈՒՀ-Է ՆՈՒՐ ադամանդը եւ հաղթանակած զորավարի վճռականությամբ առաջարկում, որպես բարեկամության դրսեւորում, փոխանակել գլխարկները: Հնդկաստանի տիրակալը հարկադրաբար տալիս է իր համաձայնությունը եւ հանձնում քողարկված ադամանդով իր հասարակ, բայց անգին գլխարկը, փոխարենը գլխին դնելով Նադիր շահին պատկանող անպաճույճ գլխարկը: Այսպիսով, Պարսից շահը երկու դեպքում էլ, թե՛ Հնդկաստանի տիրակալի գլխարկը հանելիս, եւ թե՛ գլխարկ դնելիս, խաբում է նրան:
Հայտնի չէ, թե ի՞նչ ճանապարհով եւ ինչ խաբեությամբ հետագայում այս եզակի ադամանդը հայտնվել է Մեծ Բրիտանիայում: Հայտնի չէ, թե ով, ում գլխին է «գլխարկ դրել»:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ