«Ուրիշ հնար չկա»
Պատը մարդկության ստեղծած ամենահին կառույցներից է: Այն կարող է պաշտպանել, բայց կարող է նաեւ բաժանել մարդկանց:
Պատմությունը բազմաթիվ պատեր է հիշում՝ քոչվորների հարձակումներից պաշտպանվելու համար կառուցված Չինական Մեծ պատը, հրեաների հոգեւոր միասնությունը խորհրդանշող Լացի պատը, Հռոմեական կայսրության սահմանները պաշտպանող Հադրիանոսի եւ Անտոնիոսի պատերը: Պատմությունը հիշում է նաեւ երկրորդ համաշխարհայինից հետո նույն ժողովրդի բաժանման խորհրդանիշ դարձած Բեռլինյան պատը: Իսկ ո՞վ գիտի հայկական պատի մասին: Կարծում եմ՝ քչերը:
Մեր բազմադարյա պատմության ընթացքում կառուցված ամենաբարձր ու անհաղթահարելի պատը, որը պառակտում է առաջացրել մեր ազգի տարբեր հատվածների միջեւ, «անվստահության պատն» է:
Ըստ երեւույթին՝ մեծ բանաստեղծ Համո Սահյանն անվստահության պատը նկատի չի ունեցել, երբ գրում էր.
«Պատը շարվի պիտի,
Ուրիշ հնար չկա…»
Հազար անգամ ներողություն հայցելով բանաստեղծից, այն վերաշարադրում եմ.
«Պատը քանդվի պիտի,
Ուրիշ հնար չկա…»
Խոսքս անվստահության պատի մասին է: Չէ՞ որ մեր աչքի առաջ անվստահության պատ է գոյացել հայաստանցիների ու արցախցիների միջեւ: Պատ է գոյացել տարբեր պատկերացումներով պատարագի գնացող հավատացյալների միջեւ, շռայլորեն տրվող խոստումներին հավատացողների եւ կասկածամիտ մարդկանց միջեւ: Պատ է գոյացել նախկինում միմյանց հոգսերին հաղորդակից, իսկ այսօր ներհակ գաղափարներ դավանող բարեկամների միջեւ…
Եվ հենց այդ պատճառով առավել հավատով կրկնում եմ Սահյանի մեկ այլ միտքը.
«Խավարը ցրվի պիտի,
Ուրիշ հնար չկա…»
Գ.ԱՌԱՔԵԼՅԱՆ









