Հայի զգեստապահարանը
Հայի ազգային հագուստը (հայկական տարազը) մեր ժողովրդի մտածողության արտացոլանքն է՝ հայի ինքնությունը բնութագրող կարեւոր ազդակներից մեկը, եւ իր բազմազանությամբ նման է մեր բազմաբարբառ լեզվին:
Եվ թեեւ աշխարհի ամենահին ոտնամանը հայտնաբերվել է Արենիի քարանձավային համալիրում, բայց չգիտես ինչու այդ կարեւորագույն հանդերձանքը մենք ժամանակին ձեռք ենք բերել իրանական «տոնավաճառից»՝ այն անվանելով ԿՈՇԻԿ, որը միջին պարսկերենում ունեցել է kafšak ձեւը (վկա՝ ժամանակակից պարսկերենի kafsh բառը):
Համաձայն եմ՝ Արենիի քարանձավում հայտնաբերված ամենահին հայկական կոշիկը հագնելիս հայն անմիջապես իր ոտքի թաթերն ու սրունքները ծածկող գործվածք չի օգտագործել, բայց հետագայում, երբ նման հանդերձանքը նորաձեւ է դարձել, հայը դարձյալ դիմել է օտարերկրյա տոնավաճառներին: Այս անգամ այդ հանդերձանքը ձեռք ենք բերել Հին Ասորեստանի շուկայից եւ ասորերեն gurpa բառը դարձրել ԳՈՒԼՊԱ:
Արենիի քարանձավային համալիրում աշխարհի առաջին ոտնամանը հայտնաբերվելուց մեկ տարի անց գտնվել է նաեւ մ.թ.ա. 3900 թ.-ին վերագրվող կանացի առաջին կիսաշրջազգեստը, որը նույնպես մենք ձեռք ենք բերել իրանական «տոնավաճառից» եւ պահլավերեն p բառը հայերենով դարձրել ՓԵՇ:
Չնայած մեր քարանձավներում դեռ չի հայտնաբերվել տղամարդու մարմնի վերեւի մասը քողարկող առաջին զգեստը, սակայն հայտնաբերվելու դեպքում այն, հաստատ, կոչվելու էր ՇԱՊԻԿ, քանի որ այդ զգեստը վերցնելու էինք իրանցիներից՝ զրադաշտականների նվիրական հանդերձանք համարվող šapik բառից:
Բժշկական ԽԱԼԱԹ-ն էլ ներմուծելու էինք Արեւելքից՝ հավանաբար արաբերենին տիրապետող հայ բժշկապետեր Մխիթար Հերացու եւ Ամիրդովլաթ Ամասիացու շնորհիվ:
Այնուամենայնիվ, մեր հարուստ ու հագեցած զգեստապահարանում ամենագլխավոր հանդերձանքը վերապահվելու էր ԾԻՐԱՆԵՆՈՒՆ՝ թագավորական անթեւք վերնազգեստին, որի հայկական ծագման վերաբերյալ գրեթե կասկածներ չկան
Գ. ԱՌԱՔԼՅԱՆ









