Ռիսկը գործի կեսն է
«Ռիսկ»-ը պայմանականորեն կարելի է «միջազգային» բառ համարել: Բայց ոչ այն պատճառով, որ բառի ստեղծմանը մասնակցել են ՄԱԿ-ին անդամակցած ազգերը, այլ նրա համար, որ բառը փոխառել են գրեթե բոլորը, այդ թվում նաեւ մենք:
Սկզբում «ֆրանսերեն risquer եւ իտալերեն risicare բառերը «ժայռերի միջեւ մանեւրել», հետնաբար նաեւ «ռիսկ անել» է նշանակել: Այժմ, երբ մարդկությանն սպառնացող վտանգների մասին մեր պատկերացումներն ավելի են թանձրացել, ստիպված «ռիսկի դիմել» արտահայտության մեջ ներառել ենք վտանգին ընդառաջ գնալու բոլոր տարատեսակները:
Ռիսկը անորոշ իրադարձություն է, անորոշ պայման, երբ անձը գիտակցաբար եւ կամավոր կերպով իր վրա է վերցնում որոշակի գործունեության հետ կապված հնարավոր վտանգներն ու իր մեջ գտնում դրանց ընդառաջ գնալու հանդգնությունը:
Մենք էլ շատերի նման, ցանկության դեպքում կարող ենք «ռիսկ» բառի փոխարեն հայերեն հոմանիշներ հորինել: Բայց առայժմ գերադասում ենք ապավինել ժողովրդական լեզվի հնարքներին, եւ «ռիսկի» փոխարեն, օրինակ, օգտագործում ենք «յաբախտի գործ», «հիսուն, հիսուն» եւ այդ կարգի այլ արտահայտություններ:
Ավետիք Իսահակյանի համար էլ «ծովին հանձնվելու» վտանգը հավասարազոր է «ռիսկին»: Հավանաբար այդ պատճառով էլ բանաստեղծը, վկայակոչելով Աբու Լալա Մահարիին, զգուշացնում է.
«Խարխուլ մակույկով հանձնվիր ծովին, քան թե հավատա կնոջ երդումին».
Թարգմանաբար նշանակում է՝ «Մեծ ռիսկ է հավատալ կնոջ երդմանը»:Թերեւս Իսահակյանին ծանոթ է եղել իրանցիների՝ «ծովին հանձնվելու» del be daria zadan արտահայտությունը, որն անկախ վտանգի չափից ու տարատեսակից, Իրանում լայնորեն կիրառելի է «ռիսկի» փոխարեն:
Անգլոսաքսոնների համար էլ ծովին հանձնվելու վտանգը հավասարազոր է մթության մեջ ցատկ կատարելու անկանխատեսելիությանը՝ to take a leap in the dark:
Ոգելիցի նկատմամբ մեծ հակում ունեցող արեւելասլավոնական էթնոսը ներկայացնող ռուսների համար էլ ռիսկը զուգորդվում է խմելու հետ՝ «ով ռիսկի չի դիմում, շամպայն չի խմում» (Кто не рискует, тот не пьет шампанское):
Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆ





