Հանգցնել եւ հանգուցանել
Ծնվել (ծնունդ առնել) բայիմաստի համար հայերը որպես արտահայտչաձեւ հորինել են ընդամենը «լույս աշխարհ գալ» արտահայտությունն ու վերջ:
Իսկ մեռնելու համար՝ որքա՜ն ուզես:
Անշնչանալ, կյանքին հրաժեշտ տալ, կյանքի թելը կտրվել, հոգին ավանդել եւ բազմաթիվ ու բազմատեսակ այլ արտահայտությունների կողքին կա մի դարձվածք, որն արժանի է հատուկ ուշադրության: Եվ դա «հանգչել» արտահայտչաձեւն է:
Հին հայերը հուրն ու կրակը պաշտել են՝ դրան վերագրելով մաքրագործող սրբազան նշանակություն: Այստեղից էլ առաջացել է «տան օջախի պաշտամունքը», «կրակն ապականելու արգելքը» եւ այլն : Այդ պատճառով էլ կրակ մարելը մեծ հանցանք էր համարվում. այնքան մեծ, որ մեղավորին պատժում էին ամենադաժան եղանակներով: Այդ պատճառով էլ մարդկության համար կրակի առանձնահատուկ նշանակությունն իր արտահայտությունն է գտել տարբեր լեզուներում: Հայերենում, օրինակ, ՀԱՆԳԵԼ (ՀԱՆԳՉԵԼ) բայը նշանակում է ե՛ւ «կրակը մարել» ե՛ւ «մեռնել»: (հմմտ. «Աստ հանգչին ոսկերք …, հանգուցյալ եւ այլն»):
ՄԱՐԵԼ բառը նույնպես երկու իմաստ ունի. Նշանակում է ՀԱՆԳՑՆԵԼ եւ ՄԵՌՆԵԼ:
Մեր կենցաղում կրակի առանձնահատուկ նշանակության մասին է վկայում նաեւ հայերեն «ԿՐԱԿԻ ԳԻՆ» արտահայտությունը, որը հակադրվում է «ՋՐԻ ԳԻՆ» արտահայտությանը:
Պարսկերենում կրակը հանգցնելուն բառացիորեն ասում են՝ «կրակը լռեցնել» (khamush kardan) :
Իմ կարծիքով, իրանահայերի մոտ ԿՐԱԿԸ ՄԱՐԵԼ իմաստով «հաշկացնել» բայի կիրառությունն առաջացել է պարսկերեն khamush kardan (ԼՌԵՑՆԵԼ) բայի պատճենման հետեւանքով: Նկատենք, որ ՀԱՇ-ը հայերեն ԼՈՒՌ իմաստն արտահայտող ձայնարկություն է, որից էլ ՀԱ՛Շ ԿԱՑ նշանակում է լռի՛ր:
Կրակ մարելու փոխարեն «ԿՐԱԿ ՍՊԱՆԵԼ» արտահայտությունը նույնպես կիրառելի է պարսկերենում:
Ներքոգրյալ ասացվածքում «կրակ սպանել» բայը օգտագործված է «կրակը մարել» իմաստով.
ԿՐԱԿԸ ՄԱՐԵԼ (ՍՊԱՆԵԼ), ՄՈԽՐԻ ՀԵՏ Է ԽԱՂՈՒՄ: Նշանակում է` «հիմնական գործը թողել՝ ոչ էական գործերով է զբաղված»:
Իրանցի անվանի բանաստեղծ Սաադին իր սիրեցյալին քողարկելու համար որոշում է մոմը տանից դուրս հանել ու սպանել (հանգցնել).
Հարկավոր է մոմը տանից դուրս հանել ու սպանել (հանգցնել),
Թող դրացին չիմանա, որ դու մեր տանն ես թաքնվել:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ