Բրնձաբլիթ
Պատմում են՝ իբր 1789 թ. Ֆրանսիական հեղափոխության հաղթանակին նախորդած օրերին, երբ իշխանություններից դժգոհ ժողովուրդը գտնվում էր ծայր աստիճան աղքատության մեջ, իսկ իշխողները ցոփ ու շվայտ կյանք էին վարում, պալատականները փորձում են Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XVI-ի կնոջ, Ֆրանսիայի թագուհի Մարի Անտուանետին բացատրել ժողովրդի դժգոհության պատճառները, ասելով, որ մարդիկ ուտելու հաց չունեն: Իբր Մարի Անտուանետն էլ խորհուրդ է տվել հուշել գյուղացիներին՝ եթե հաց չունեն, թող բրնձաբլիթ ուտեն:
Հիմա կհարցնեք, դա ի՞նչ բան է: Ասեմ: Բրձնաբլիթը բարդ բառ է, որի երկրորդ բաղադրիչը, անվանի լեզվաբան Գեւորգ Ջահուկյանի կարծիքվ, հնդեվրոպական ծագում ունեցող, ենթադրաբար՝ (t աճականով) bhle արմատից առաջացած «բլիթ» բառն է: Իսկ բառի առաջին բաղադրիչի մասին խոսելիս, ակամայից հիշում ես դրա անսպառ կալորիականության մասին:
Բրնձաբլիթը քաղցր բակլայի խորիզով պատրաստված թխվածք է, որն օժտված է բազմաթիվ օգտակար հատկանիշներով: Այն ածխաջրերի շտեմարան է, որ օրգանիզմին մեծ էներգիա է փոխանցում:
Բացառել չի կարելի նաեւ այն վարկածը, որ տերունական աղոթքի՝ «զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր» նախադասության մեջ «հացի» փոխարեն «բրնձաբլիթ» բառն օգտագործելու խնդրանքով Աստծուն դիմելու առաջարկ եղած լինի:
Կարելի է ենթադրել, որ Հովհաննես Թումանյանը չի լսել սննդակարգում հացը բրնձաբլիթով փոխարինելու Մարի Անտուանետի հանճարեղ խորհուրդի մասին, հակառակ դեպքում, Ամենայն հայոց բանաստեղծը «Խրճիթում» բանաստեղծությունը գրի առնելու անհրաժեշտությունը չէր զգա: Չէ՞ որ հաց չլինելու պատճառով մանուկների աղեկեզ լացը լսելով, նանին անմիջապես կարող էր սեղանին դնել բրնձի ալյուրով պատրաստած ախորժաբեր բլիթներն ու այլեւս սովահար երեխաների մասին տխուր պատմությունը մեզ չէր փոխանցվի:
Մանուկները գոռում-գոչում,
Լալիս էին աղեկեզ.
– Նանի՛, նանի՛, հաց ենք ուզում,
Վե՛ր կաց, նա՛նի, հաց տուր մեզ:
Ի՞նչ իմանաս, միգուցե հացի փոխարեն բրնձաբլիթ ուտելու հորդորանքն այսօր էլ է արդիական:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ