Վերջին 13 տարիների ընթացքում Էբրահիմ Ռայիսին Սիրիա այցելած Իրանի առաջին նախագահն է: Իսկ ՍԱՀ նախագահ Բաշար Ասադը, 2011 թվականից Սիրիայում ընթացող ռազմական գործողություններից ի վեր, երկու անգամ է եղել Թեհրանում. առաջինը՝ 2019 թվականի փետրվարին, Իրանի ու Ռուսաստանի ջանքերով Սիրիայում հարաբերական խաղաղություն հաստատվելուց հետո, իսկ երկրորդը՝ 2022 թվականի մայիսին՝ ռուս-ուկրաինական պատերազմի ելքի անորոշության պայմաններում: Երկու դեպքում էլ Բաշար Ասադի այցը Թեհրան տեղի է ունեցել խիստ խորհրդապահական պայմաններում, որոնց մասին տեղեկատվությունը տարածվել է միայն նախագահ Ասադի տունդարձից հետո:
2019 թվականի Բաշար Ասադի այցի մասին տեղեկացված չէր անգամ Ռոհանիի կառավարության ԱԳ նախարար Զարիֆը, որն իր դժգոհությունն արտահայտեց նախարարի պաշտոնից հրաժարական ներկայացնելու եղանակով:
Նախագահներ Ռայիսիի ու Ասադի՝ մայիսի 3-ի հանդիպման ընթացքում ստորագրվել է տարբեր ոլորտների վերաբերող երկարաժամկետ ռազմավարական համագործակցության մասին Փոխըմբռնման հուշագիր:
Բաշար Ասադն իր իրանցի պաշտոնակցին ողջույնի խոսք հղելով՝ երկկողմ հարաբերությունները բնութագրել է որպես երկու վստահելի գործընկերների կամքն արտահայտող եւ ամուր հիմքերի վրա կառուցված բարեկամական կապեր:
Երկու երկրների կողմից վարվող քաղաքականության մասին Բաշար Ասադը նաեւ հետեւյալն է ասել.
«Քաղաքականության մեջ մենք Իրանի հետ երբեւէ բախտախաղի չենք գնացել»:
ԻԻՀ նախագահն էլ իր հերթին երկկողմ հարաբերությունների մասին դիվանագիտական ջերմ խոսքեր հղելով, հետպատերազմյան շրջանի վերականգնողական աշխատանքներում հաջողություններ է մաղթել իր սիրիացի գործընկերոջը եւ անդրադարձել Իրանի ու Սիրիայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հաղթահարմանը:
Իսրայելի դեմ պայքարում Արաբական աշխարհի հետ միասնական ճակատ ստեղծելու նպատակով, վերջին շրջանում Իրանն ակտիվ դիվանագիտական քայլերի է դիմում: ԻԻՀ նախագահ Ռայիսիի Դամասկոս այցելությունը գնահատվում է հենց այդ տրամաբանության մեջ: Քանի որ Սիրիան, Իրանի արտաքին քաղաքականության մեջ, որպես Մերձավոր Արեւելքում անփոխարինելի գործընկեր, առանցքային նշանակություն ունի:
Իսրայելի կողմից Իրանի դեմ ուղղված հնարավոր ռազմական գործողությունները, ինչպես նաեւ Իսրայելի տարածաշրջանային ազդեցության մեծացումը, Թեհրանի պատկերացմամբ, հնարավոր է կանխել նաեւ Սիրիայի միջոցով:
Պատահական չէր, որ մինչեւ Սիրիա այցելելը, լիբանանյան «Ալ-Մայադին» արաբատառ թերթին տված հարազրույցի ժամանակ Ռայիսին ասել է՝ «Իրանի տեսակետով, Սիրիան Իսրայելի դեմ «դիմադրության ճակատի» առաջնագծերից մեկն է, եւ իմ այցի նպատակը հենց «դիմադրության ճակատի հզորացումն է:Էբրահիմ Ռայիսիի Սիրիա այցելության առթիվ Իսրայելից հնչող արձագանքները վկայում են Թել Ավիվի մտահոգության մասին:
Օրինակ, Իսրայելի 13-րդ ալիքը հաղորդել է՝ «Հզբոլլահի, ՀԱՄԱՍ-ի ու Իսլամական ջիհադի միավորումով, Իրանը մտադիր է մերձավորարեւելյան նոր քաղաքականության հիմք դնել»:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ