Վերջերս, հատկապես ամերիկահայ մամուլում, որոշ գործիչներ փորձում են հանրությանը ներկայանալ որպես հիմնադիրներ Ամերիկայի հայկական համագումարի (Armenian Congress of America) եւ հետնյալ թվով բաժին վերագրել իրենց Հայ դատի եւ, ավելի ուշ, անկախ Հայաստանի համար նշանակալի դեր կատարած այդ կազմակերպության փառքից:
Ճշմարտությունը երեւան հանելու եւ հիշյալ կառույցի ստեղծման հակիրճ պատմությունը ընթերցողին ներկայացնելու համար դիմեցինք ամերիկահայ գաղութում երկար ժամանակ իր հոգեւոր եւ ազգային ծառայությունները մատուցած մեր եկեղեցականներից Գերշ. Տ. Փառէն Արքեպիսկոպոս Ավետիքյանին, որ հետեւյալ բացատրությունները տվեց մեզ:
1967-ին էր կամ 1968-ին, Թուրքիան Վաշինգտոնի թանգարաններեն մեկուն մէջ հնարժեք պատմական իրերու ցուցահանդես մը կազմակերպած էր, ուր ի շարս այլոց նաեւ ներկայացուցեր էր հայկական արվեստի նմուշներ՝ որպես թրքական արվեստի օրինակներ: Ես այն ժամանակ Վաշինգտոնի Սուրբ Աստվածածին Եկեղեցւոյ հոգեւոր հովիվն էի: Մի քանի հոգիով բնականաբար ընդվզեցանք եւ մեր դժգոհությունը ներկայացնելու համար ժամադրվեցանք ու հանդիպում ունեցանք թանգարանի տնօրենին հետ: Բողոքեցինք հայկական արժեքներու թրքական անամոթ յուրացումին համար: Տնօրենը շատ լավ հասկցավ մեզ, սակայն իր պատասխանը կամ առարկությունը եղավ այն, որ այդ ցուցանմուշները պատրաստված կամ ստեղծված են Թուրքիո տարածքին, հետեւաբար այդ գործերը պետք է համարվեն թրքական, անկախ այն իրողութենեն, որ անոնք պատրաստված են հայոց կողմե:
Մենք, որպես հետեւանք այդ փորձառության, որոշեցինք հանձնախումբ մը կազմել եւ նման իրավիճակները կանխելու համար ջանալ ցուցադրություններեն առաջ իսկ արգիլել տալ հայկական արժեքները յուրացնելու երեւույթները: Ուրիշ խոսքով՝ ձեւով մը Armenian Watch հանձնախումբ մը կազմակերպելն էր մեր նպատակը, ոչ միայն օտարներու վրայ ազդելու, այլ նաեւ հայ ժողովուրդին զավակները տեղյակ պահելու նմանօրինակ խարդախութիւններու եւ ընդհանրապես զգոն պահելու մեր ժողովուրդը: Հանձնախումբը ստեղծվեցավ ատենապետությամբ Ջան Հաննեսյանի, որ Ջորջթաուն համալսարանի պատմության բաժնի պրոֆեսորներեն էր: Հանձնախումբի կազմին անդամ էին Բոստոնեն Մանվելյան երկու եղբայրները, որոնցմե մեկը Վաշինգտոն կբնակեր: Այժմ մոռցած եմ կազմի մյուս անդամներուն անունները:
Ահա այս եղավ սկզբնավորությունը Հայկական համագումարին:
Ավելցնեմ, որ սկզբնապես մենք այն հավակնությունը ունեինք, որ նորաստեղծ մեր կազմակերպությունը պիտի գործեր հայ մեծահարուստ բարերարներու նվիրաբերած միջոցներով: Սակայն, ինչպես սովորություն է արտասահմանի մեջ, մեծահարուստ նվիրատուները իրենց գումարները ներդնելու համար կհավակնեին որոշում կայացող ըլլալ: Դժբախտաբար Ջան Հաննեսյանը օդանավային արկածի մը զոհ գնաց եւ անոր բացակայութիւնը առիթ տվավ մյուս մեծահարուստներուն, հանձինս Հրայր Հովնանյանի, Ստիվ Մուգարի, Էդուըրդ Մարտիկյանի եւ ուրիշներու, որոնք վճռական խոսքի իրավունք ստացան հանձնախումբին մեջ եւ կազմակերպությունը առաջնորդեցին ըստ իրենց հայեցողության, հակառակ որ անկուսակցական կամ վերկուսակցական կազմակերպություն մը ստեղծելն էր մեր նպատակը, թեեւ կուսակցական դեմքեր կային անոր մեջ: