«Սեւ թղթի», Կալիմայի ոսկու, «ինվալիդկայի» մասին, եւ թե ինչպես է հայրենիքը մեծատառով գրվում
Ես այն մարդկանցից եմ, որոնք Հայրենական պատերազմը շարունակում են «Մեծ» մակդիրով գործածել, քանի որ, իմ սերնդակիցներից շատերի պես, ոչ միայն ուսումնառության տարիներին բավական խորն ու մանրակրկիտ ուսումնասիրել եմ 1941-45 թ.թ. պատերազմի պատճառները, դրան նախորդած հանգամանքները, երկրի ղեկավարների սխալներն ու ռազմական գործողությունների ժամանակագրությունը, այլ նաեւ վաղ հասակից ունկնդիրն էի պատերազմի արհավիրքն անցած հարազատներիս ազնիվ ու ճշմարտացի վկայություններին: Դա նաեւ հորենական պապիս՝ Գեղամ Սարգսյանի հուշագրությունն է, որում շարադրել է հայ մտավորականի անցած ուղին՝ սկսյալ 20-րդ դարասկզբին իր անմիջական մասնակցությամբ դպրոցաշինությունից եւ մանկավարժական գործունեությունից, 37-ին բանտարկությունից ու Մագադանում աքսորականի ապրած դժոխային իրականությունից մինչեւ Ուրալի ռազմական գործարանում քրտնաջան աշխատանքի տարիներն ու հայրենիքի ճակատագրով մտահոգ մարդու մտածումները: Տատս՝ Սիրանուշը, պատմում էր աքսորականի ընտանիքի՝ շրջապատից ու հարազատներից վտարվածության մասին, քանի որ ահի մթնոլորտում անձը հաճախ կորցնում է սեփական դեմքը՝ մտածելով զուտ իր ապահովության մասին: Եվ ոչ ոք չէր կարող անգամ հուսալ, որ կգա ժամանակը, թեկուզ տասնամյակներ անց, երբ աքսորականն ու անհիմն դատվածը պաշտոնապես կարդարացվի: Հայրս հիշում էր իր դառը մանկությունը, մայրս էլ՝ իր վաղ կորցրած հորը՝ Հակոբ Հովհաննիսյանին, որ դեռ գրկանոց երեխա՝ փրկվել էր Սասունի ջարդերից, մեծացել եւ մանկավարժի ուսում առել Հայաստանում, սակայն ինքնակամ թողնելով ուսուցչությունը՝ հանուն իրեն հաց ու կրթություն տված հայրենիքի, մեկնել էր ֆիննական կռվին, վիրավորվել, ծանր հիվանդացել եւ մահացել՝ որբ թողնելով իր երեք մանկահասակ զավակներին եւ այրի՝ իր քսաներեքամյա կնոջը:
Անձի պաշտամունքի դաժան մամլիչի զոհ լինելով՝ հայ մտավորականության տիպար Գեղամ պապս, այդուհանդերձ, ատում էր ֆաշիզմը, գիտեր պատերազմի տարբեր ելքերի դեպքում հայ ժողովրդի վճարելիք գինը. եթե Ստալինգրադն ընկներ, Գերմանիայի դաշնակից Թուրքիան սկսելու էր պատերազմական ակտիվ գործողություններ, եւ Հայաստանում պատերազմի նոր ճակատ էր բացվելու: Աքսորից հետդարձին Ստալինգրադի մերձակայքով անցնող գնացքից իր տեսածը նա այսպես է նկարագրել.
«Կիշտիմ քաղաքով, Սվերդլովսկով մեկնեցի Ուֆա: Ուղիղ 45 օր տեւեց իմ վերադարձը դեպի հայրենիք: Երկաթուղային կայարաններն ու գնացքները սաստիկ ծանրաբեռնված էին: Գնացքների փոփոխություն կատարելիս, մինչեւ մեկնելը կայարաններում օրերով սպասում էի: Գնացքը դեպի Կովկաս ընթանում էր Ուֆա-Ռոստով-Թբիլիսի ուղղությամբ՝ անցնելով ավերված Ստալինգրադ քաղաքի կողքով: Վագոնի պատուհաններից պարզ երեւում էին Ստալինգրադի տարածքները. Վոլգա գետի երկու ափերով՝ 60 կմ երկարությամբ տարածվող ողջ քաղաքում ոչ մի կանգուն շենք չէր երեւում. բոլորն ավերված էր: Գերմանացիներից խլված ռազմավարը՝ միլիարդների հասնող արժողությամբ, հավաքել եւ դարսել էին երկաթգծի երկայնքով՝ մոտ 300 կմ տարածությամբ: Պահակ զինվորները հսկում էին ռազմավարը մինչ երկրի ներսը փոխադրելը: Հերոս քաղաքի ավերակները եւ այդ ռազմավարը դիտելիս արդեն պատկերացնում էինք, թե ինչ ահեղ կռիվներ են ընթացել…»:
Հետաքրքրական վկայություններ կան նաեւ Համաշխարհային երկրորդ պատերազմում ԽՍՀՄ-ին դաշնակից պետությունների հետ հարաբերությունների գնի մասին: Մագադանի ոսկու հանքերում անմարդկային ծանր աշխատանքի ուղարկված աքսորականները շուտով հաշմվում էին եւ դատապարտված էին անխուսափելի մահվան: Իսկ նրանց հայթայթած թանկարժեք մետաղը բեռնվում էր տեղի նավահանգստում կառանած ամերկյան նավերը, որոնց ուղարկած կառավարությունը հաստատ գիտեր, թե ինչ գնով է կորզվում՝ իրենց մթերքների եւ այլ ապրանքների դիմաց վճարվող ոսկին:
Եվս մի մեջբերում՝ Գեղամ Սարգսյանի հուշագրությունից. «1937թ.-ի նոյեմբերի 5-ին «Ջուրմա» անունով օվկիանոսային նավով մեզ տարան Մագադանի մարզի «Կալիմա» աքսորավայր: Մարզը տարածվում է Կալիմա գետի ավազանում՝ մոտ 100 000 քառ. կմ տարածությամբ, իսկ Մագադան քաղաքը գտնվում է Ախոտի ծովի հյուսիսային ափին՝ Բուխտա-Նագաեւա նավահանգստով: Մարզի գլխավոր հարստությունը ոսկին էր, 1937թ.-ին մարզում շահագործվում էր մոտ 230 հանք: Գերմանիայի՝ Ռուսաստանի վրա հարձակվելուց հետո Ստալինն առեւտրա-տնտեսական պայմանագիր կնքեց իր դաշնակից Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ՝ 10 տարի Կալիմայում արտադրած ոսկին ԱՄՆ-ին հանձնելու եւ փոխարենը պարենամթերք, մանուֆակտուրա ու բեռնատար ավտոմեքենաներ ստանալու պայմանով: Ամերիկայից ապրանքներն ուղարկվում էին Պարսից ծոցով եւ Մագադանով: Ամերիկյան մի փոքր զրահանավ մշտապես կառանվել էր Մագադանի նավահանգստում, որում ապրում եւ աշխատում էին թվով 30 ԱՄՆ ներկայացուցիչներ:
Հաշմանդամների ճամբարը, որ կոչվում էր «ինվալիդկա», մի քառակուսի կիլոմետրի չափ տեղ էր գրավում՝ փշալարերով եւ բարձր պահակակետերով շրջապատված: Մարզի բոլոր ճամբարներից այդտեղ էին բերում նրանց, ովքեր այլեւս չէին կարող աշխատել հանքերում, անտառներում, շինարարության եւ ճանապարհների վրա: Նրանց մի մասը ֆիզիկապես վատառողջ էր, մնացածները զրկված էին ձեռքերից, ոտքերից, տեսողությունից, լսողությունից եւ այլն: Հաշմանդամներին տեղավորել էին առանձին մի մեծ բակում՝ տասնյակ բրեզենտե վրանների տակ, յուրաքանչյուրում՝ 50 մարդ: «Ինվալիդկան» ուներ բուժարան եւ 20-30 հոգուց բաղկացած բուժանձնակազմ՝ բոլորը կալանավորներ: Առավոտից մինչ երեկո բուժարանն աշխատում էր՝ ընդունելով անսպառ հիվանդների: Միջին հաշվով, օրական 4-5 մահացության դեպքեր էին լինում. մեռելներին թաղում էին մի փոսի մեջ եւ ծածկում հողաթմբերով»:
Բայց միայն այս վկայությամբ չի վերջակետվում ի՛մ պատերազմի պատմությունը: Գեղամ պապիս Բագրատ եղբայրը, զորահավաքի ենթարկվելով, անհետ կորել է արեւմտյան ռազմաճակատներում, իսկ Վազգեն եղբայրը զոհվել՝ Հյուսիսային Կովկասի համար մղված դաժան մարտերում: Նրանք, որքան ինձ հայտնի է, անժառանգ էին, եւ իրենց մասին հիշողությունը, թերեւս, ես եմ հիմա միայն պահպանում: Առավել եւս, որ իմ գրապահոցում են նրանց մասին պատմող որոշ փաստաթղթեր՝ 1930-ականներին տրված անձնագրեր, բուհական կրթության մասին վկայագիր եւ այլն: Դրանց մեջ ամենից խունացած, համարյա քրքրված վիճակում կրտսեր լեյտենանտ Վազգեն Գեւորգի Սարգսյանի «սեւ թուղթն» է՝ մի պատառ բարակ, դեղնած մաշված թուղթ, որով հայտնվում է, որ Վազգենը, հանուն Հայրենիքի արիություն եւ հերոսություն դրսեւորելով, զոհվել է 1943 թ.փետրվարի 19-ին եւ հուղարկավորվել Կրասնոդարի երկրամասի Ստարո Վելիչկովո ստանիցայում: Ներքո՝ զորամասի հրամանատարի եւ զինկոմիսարի ստորագրություններն են: Ի դեպ, «Հայրենիք» բառը գրված է մեծատառով՝ ի նշան հարգանքի եւ անձնվիրության: Սա իրականում ծանուցագիր է՝ միլիոնավոր անմահացածների համար մշակված ձեւաթուղթ, որում ավելացվում էին զոհվածի հարազատի կամ ծնողի անունը, հասցեն, զոհվելու թվականը եւ թաղման վայրը: Վազգենը ծնվել է 1914-ին Երեւանում, 1939-ին ընդունվել Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիական ֆակուլտետը: Անձնագրում եւ ուսանողական տոմսում փակցված լուսանկարներից նայում է սիրունատես եւ խելամիտ մի երիտասարդ. ասում էին՝ իրենից երեք տարով ավագ Բագրատ եղբոր պես բարձրահասակ էր:
Բագրատ Սարգսյանի՝ անհետ կորած լինելու մասին վկայող փաստաթղթում ասված է, որ զինակոչվել է 1942 թվականին: Նույն տարվա հուլիսին անհետ կորել է: Իր մասին տեղեկություններն առավել քան սուղ են: Առկա է 1937-ին Բագրատին տրված համար 17 ուսանողական տոմսը, որը վկայում է, որ նա սովորել է ՀՍԽՀ Առժողկոմատի Սան. Բակ. ինստիտուտի կից լաբորանտների դասընթացներում: Այսքանը:
Ինձ հայտնի չէ, թե արդյոք հետագայում անմիջական հարազատների կողմից այց եղե՞լ է այսօր արդեն Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Կալինինի շրջանի կազակական Ստարո Վելիչկովո բնակավայր, արդյոք հայազգի Վազգենի աճյունաթմբին հուշարձան կանգնեցվե՞լ է, խազվա՞ծ է նրա անունը ինչ-որ պատվո տախտակի վրա: Իսկ գուցե եղբայրական գերեզմանատանն է հանգչում: Ես չգիտեմ՝ արդյոք զոհվե՞լ է Բագրատը, վիրավորվե՞լ, գերեվարվե՞լ, գուցե հայտնվել է ֆաշիստական մահվան համակենտրոնացման ճամբարներում, իսկ գուցե թե պատերազմի ավարտին դաշնակից զորքերի կողմից ազատագրվե՞լ է եւ գերադասել իր մասին լուր չտալ: Թեեւ այնտեղ, որտեղ ընթացել են թեժ մարտերը, կենդանի համարյա չէին մնում: Եվ քանի դեռ անհայտները շատ են, ի՛մ պատերազմը շարունակվում է:
Գեղամ պապիս եղբայրներ Վազգենի հերոսական մահվան մասին վկայող ուղղանկյուն (12 սմ լայնքով, 14 սմ երկայնքով) թղթե պատռված ծանուցագիրն ու Բագրատի անհետ կորելու մասին փաստաթուղթն ինձ համար մեր պատմության վավերագրության անկապտելի մասն են: Դրան գումարվում են իմ եւ շատերիս գերդաստանների անդամների, հեռու եւ մոտ այլ ազգակիցների՝ երբեմն պարզ, երբեմն էլ՝ նշանակալից պատմությունները, որոնց իմացությունը կապում է ինձ, մե՛զ մեր արմատներին:
Պատմական ճշմարտությունների մերօրյա աղճատումները, որ հատկապես վերջին տասնամյակներին արվում են դիտավորությամբ, համարում եմ վտանգավոր եւ հանցավոր, հայ ազգային ինքնագիտակցությունը թմրեցնելու ճանապարհին՝ հերթական քայլ: Զուր չեն մեր օրերում ադրբեջանական ջանքերը՝ կասկածի տակ դնելու հայերի նշանակալից ներդրումը Հայրենական մեծ պատերազմում: Նույնքան վտանգավոր եմ համարում ֆաշիզմին հաղթելու գործում խորհրդային երկրի քաղաքացիների դերակատարությունը, անձնազոհությունը եւ հերոսության ու զոհողության գինը նվազեցնելու, հայկական դպրոցների եւ բուհերի պատմության դասագրքերում կիսաճշմարտություններն ու կեղծիքն ամրագրելու, աճող սերնդին իրականության աղճատված պատկերը ներկայացնելու միտումները: Քանզի սա նախադեպ է հայոց մերօրյա հերոսապատումն ու դիմակայության ընթացքը եւս թյուր եւ թերի կերպով շարադրելու եւ մեկնաբանելու՝ այսպիսով ակամա կամ միտումնավոր դարավոր թշնամու «ջրաղացին ջուր ավելացնելով»:
Հ.Գ.- Սարգսյան եղբայրներից Նիկոլը 1940 թ.-ին կալանավորվել եւ Սվերդլովսկ աքսորվելուց հետո սովից հյուծվել եւ մահացել է: Ամենակրտսերը՝ Ռուբենը, լինելով Կապանի պետական թատրոնի դերասան, ազատվել է զինծառայությունից: Դրա մասին է վկայում 1942 թ. փտրվարի 27-ին մոբիլիզացիայից տարկետում ստանալու մասին թիվ 357 որոշումը, որի ժամկետը քանիցս երկարաձգվել է: Ռուբեն Սարգսյանը հետագայում դարձել է ճանաչված դերասան, Կապանի թատրոնի հիմնասյուներից մեկը: Այժմ Կապանում ապրում են նրա սերունդները:
ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ