Աշխարհն` աշխարհով, մերոնք ընտրություններով, էլ ուրիշ թեմա չունեն: Իրանի շուրջ լարվածություն, օվկիանոսում անբարոյականության կղզու ու այնտեղ խառնակված աշխարհի ամենաառաջին դեմքերի խայտառակություն, Ադրբեջանում ցմահ եւ առավելագույն ժամկետներով մեր գերիների դատավճիռներ, Ադրբեջանը Նախիջեւանի սահմանադրությունից հանում է Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերին հղումը եւ Նախիջեւանն ավտոմատ դարձնում իր անբաժանելի սեփականությունն` արդեն սահմանադրական ամրագրմամբ: Մերոնցից ոչ մի ծպտուն չի լսվում` ո՛չ գերիների հետ կապված, ո՛չ Նախիջեւանի: Ֆրանսիայի սենատը միաձայն բանաձեւ պե՞տք է ընդունի` մեր գերիներին ազատ արձակելու կոչով: Գոնե ծրագրում ե՞ք Հայաստան ժամանող ԱՄՆ փոխնախագահի մոտ այդ հարցից խոսել: Կամ Մոսկվայում Լավրովին հանդիպած Հայաստանի ԱԺ նախագահը այդ հարցերի մասին խոսե՞ լ է նրա հետ:
Կամ գոնե Նախիջեւանի հարցում մեր պատմաբանները ձայն հանեն, նստած են, ինչպես ձուկը ջրում` լուռ: Երկրի վարչապետն էլ «Զայեդ» մրցանակ է ստանում, Ալիեւի ձեռքը սեղմում ու մի կես հարց չի տալիս` մեր գերիներին ինչո՞ւ ես պահել, այ խաղաղության մարտիկ, կամ` ինչո՞ւ ես միջազգային իրավակարգը խախտում եւ Նախիջեւանի կարգավիճակ փոխում: Ո՛չ ուրիշ Հայաստան ունենք, որի տարածքը հարյուրհինգ տարի առաջ նվիրել են հարեւանին, ո՛չ էլ ուրիշ կառույց, բացի Հայաստանի կառավարությունից, որ նման հարցերին պարտավոր է արձագանքել: Գոնե քննարկման մակարդակով մի ծպտուն հանեք, չենք ասում` հասնեք Սասուն, մտնեք Վան: Միջազգային որեւէ ատյանում հարցապնդում արեք, մեր խորհրդարանում որպես հատուկ հարց օրակարգ մտցրեք-քննարկեք:
Է՜, ինչի մասին եմ խոսում, մերոնք լրիվ խցանվել են ընտրական տուրեւառի մեջ, անհավանական, չլսված-չտեսնված դաշինքներ են մոգոնում, մեն-մի մտահոգություն ունեն` մաս փախցնել նոր ընտրություններում աճուրդի դրված խորհրդարան-տորթից, որպես բարեկեցության ստույգ աղբյուր: Ու մի խառնաշփոթ է սկսվել` տալիս են-առնում, ով` ում հետ դաշինքվի, ով`ում թեւի տակ մտնի: Մեկ էլ ու տեսնում ենք Թեւանյանի «Մայր Հայաստանն» է բանակցում Ծառուկյանի հետ` մի տես, է: Կամ ամեն տեսակ անարդարությունների դեմ պայքարողի համբավ ունեցող Շանթ Հարությունյանի որդու կուսակցությունը կարող է դաշնակցել նրանց հետ, ում դեմ պայքարում էր առաջ, ՀԱԿ-ն է հակվում`նախկիններին: Ու այսպես ամեն տեսակի անհավանական դաշինք կտեսնենք շուտով` վերստին ապացույցի տեղ չթողնելով մեր բազմիցս բարձրաձայնած այն մտքի առումով, որ մեր ընդհանրական քաղաքական դաշտի միակ խնդիրը միշտ եղել է ոչ թե երկրի փրկությունը, այլ սերնդափոխությանը խանգարելը եւ քաղաքական մատրիցան ներքին ռակիրովկաներով նույն տնտեսական լծակատերերի ձեռքում պահելը` լինի դա իշխանական, թե ընդդիմադիր ֆորմատներով:
Ինչ դաշինք էլ կազմեն` այս գլխավոր խնդիրն է լուծվելու, որ հանկարծ առաջ չգան այնպիսի անկանխատեսելի նոր ուժեր, որոնք գծված ներհայկական աշխարհակարգը փոխեն: Իսկ թե դրա տերը էլի ներկա իշխանությունը կամ ներկա ընդդիմության ինչ-որ թեւ կլինի` դա երկրորդական է, չնայած` ներսում դա կենաց-մահու պայքարի է վերածվելու: Զարմանահրաշ դաշինքների մասին դեռ կգրենք, այսօր նկարագրենք օրենսդրության ընձեռած հնարավորությունները` դաշինքներ ստեղծելու, դաշինքով կամ կուսակցությամբ ընտրության գնալու եւ, առհասարակ, առկա օրենսդրական հիմքով խորհրդարան ծրագրելու մասին:
Ներկա, փոփոխված ընտրական օրենսգրքով կուսակցությունների համար անցողիկ շեմը 4 տոկոս է, երկու կուսակցությամբ դաշինքը խորհրդարան անցնելիս 8 տոկոս քվե պետք է հաղթահարի, երեքով դաշինքն` 9 տոկոս, չորս եւ ավելի կուսակցությունների դեպքում՝ 10 տոկոս:
Ինչպես նկատեցիք` դաշինքներով ավելի դժվար է լինելու խորհրդարան անցնել, դաշինքով ընտրական մրցակցությունն ավելի բարդ է: Սա հատկապես այն փոքր ուժերին է վերաբերում, որոնք առանձնապես վարկանիշ չունեն հանրության մեջ, եւ եթե հույսը դրել են միավորվելով խորհրդարան անցնելու վրա` նրանք հազիվ թե հայտնվեն այնտեղ բարձր անցողիկ շեմի պատճառով: Այսինքն` օրենսդրությամբ էլ նորերի, փոքրերի ճանապարհը փակվում է, եթե նրանք ուզում են միավորվելու հոգեբանական գործոնը գործադրել ընտրողի վրա:
Այդ` միավորվելով ընտրողին գրավելու գործոնը փաստորեն լավ կաշխատի մեկ-երկու մեծ միավորի դեպքում` ՔՊ-ի, Սամվել Կարապետյանի ստեղծած ուժի առանցքի, Ռոբերտ Քոչարյանի շուրջ միավորվածների: Օրենսդիրը, իսկ ավելի ստույգ` իշխող քաղաքական ուժը, որ այս փոփոխություններն արել է, հենց քաղդաշտն ուսումնասիրելով է սա արել, մի տեսակ իր համար ընդդիմախոսներ կամ մրցակիցներ նշանակելով մեկ-երկու ուժի: Այսինքն` փոքր ուժերը կա՛մ պետք է գնան մեկ-երկու մեծ միավորի թեւի տակ`առավելագույնը երեք ուժով խորհրդարան գծելու համար, որոնց մեջ ով ասես միավորված կլինի, կա՛մ գուցե աշխատի երկրորդ տարբերակը, որը, զարմանալիորեն, էլի ներկա իշխանության սրտով կարող է լինել: Այն է` չորս տոկոսը հաղթահարած տասնյակ կուսակցությունների կարկատան- խորհրդարան, որոնցից յուրաքանչյուրի հետ բանակցություններով ավելի շատ իշխանությունը շանս կունենա մեծ կոալիցիա կազմելու, քան թե խորհրդարան անցնելիք մեկ-երկու ընդդիմադիր ուժերը:
Բոլոր դեպքերում անզեն աչքով էլ երեւում է, որ ընտրական օրենսգրքի փոփոխությունները մտածված են արված, իշխանության բացատրությամբ ժողովրդավարություն ապահովելու եւ բոլոր միավորների համար հավասար պայմաններ ստեղծելու համար, իսկ նրա ընդդիմախոսների կարծիքով` ձայներ փոշիացնելու եւ իշխանության համար ավելի կոմֆորտ վիճակ ստեղծելու, քանի որ ինքնին պարզ է, որ դաշինքների համար նախատեսված բարձր շեմը շատ կուսակցությունների մղելու է մենակ մասնակցելու ընտրություններին: Բնականաբար, նրանցից շատերը չեն հաղթահարելու անցողիկ շեմը, իսկ նրանց տոկոսները գնալու են ավելի բարձր քվե հավաքած ուժին:
Այստեղ է գաղտնիքը: Չնայած իշխանության ցածր վարկանիշին, բոլոր տեսակի հարցումներով` նրա վարկանիշը ընդդիմադիր բոլոր միավորներից մի ճըռթ ավելի է:
Մենք արհեստական բանականությանը հարցում արեցինք Հայաստանի քաղաքական ուժերի վարկանիշների մասին: Նրա պատասխանները, որ բնականաբար համացանցում հրապարակված նյութերի վերլուծության արդյունքում են ձեւավորվել, այսպիսի պատկեր են գծում: ՔՊ-ն այսօրվա վիճակով մնում է ընտրապայքարի գլխավոր ֆավորիտը, չնայած նրա վարկանիշը բարձր չէ` տարբեր հարցումներով տատանվում է 11.3-17.3% եւ 16.5 – 17.3 սահմաննեում, ու դեռ հնարավոր է իջնի էլ: Սամվել Կարապետյանի ստեղծած առանցքն, ըստ ԱԲ-ի, հավակնում է երկրորդ ֆավորիտը լինել, տարբեր հարցումներով հետեւյալ երկու վարկանիշային պատկերն է ԱԲ-ն ցույց տալիս`12% եւ 13.4 %, կամ միգուցե երկրորդ տեղի համար պայքարը կարապետյանականները կկիսեն Ռոբերտ Քոչարյանի առանցքի շուրջ ստեղծված դաշինքի հետ (այս դաշինքի ցածր վարկանիշ է ավելի նշվում` նկատի առնելով, որ միավորման գործընթաց սկսելու դեպքում դաշինքի քվեն կավելանա):
Մյուս բոլոր հնարավոր դաշինքների համար ԱԲ-ն կանխատեսում է վեց-յոթ տոկոսանոց կամ ավելի ցածր վարկանիշ, որն, ի դեպ, կարող է փոփոխվել` իշխանության ընդդիմախոսների ոչ ստանդարտ քայլերի արդյունքում:
Ընդ որում` հենվելով տարբեր հարցումների արդյունքների վրա` ԱԲ-ն ընտրողների մեծ մասնակցություն չի կանխատեսում, քանի որ հարցվողների կեսից ավելին բոլոր հարցումներում նշել են, որ չեն վստահում որեւէ քաղաքական ուժի, իսկ ընտրություններին քվեարկելու գնալու մտադրություն հայտնել են հարցվածների առավելագույն երեսուն տոկոսը:
Այնպես որ` երբ որեւէ քաղաքական ուժ հայտարարում է, որ ինքն է հենց հաղթելու, ինքն է լինելու առաջատարը, ԱԲ-ի հարցումի արդյունքում ստացված պատասխաններով մեր վերծանությունը սա է` գետի վրայով թռչելուց առաջ «հոպ» մի ասեք:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի յութուբյան հրապարակումներին հետեւեք այս հղումով. https://www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ





