Dr. Loqman Radpay-ը «Middle East Forum»-ի աշխատակիցներից է եւ «Դեպի Անկախ Քուրդիստան: Ինքնորոշման խնդիրը Միջազգային իրավունքում» վերնագրով գրքի (հրատարակված 2023-ին Ռուտլեջ հրատարակչատան կողմից) հեղինակ: Բազմաթիվ հոդվածներով հանդես է եկել միջազգային մամուլում (ABS News, Times of Israel, Die Zeit, The Jerusalem Post, եւայլն):
Վերջին տարիների Թուրքիայի նախաձեռնած արտաքին քաղաքականության համարձակ քայլերը արտացոլում են նրա վճռական ջանքերը վերստանձնելու իր երբեմնի տարածաշրջանային եւ գլոբալ դերը: Սկսած Սիրիա կատարած ռազմական ներխուժումից մինչեւ իր խորացող ընդգրկվածությունը ԲՐԻՔՍ-ին, Անկարայի գործողությունները վկայում են շատ ավելի ծավալուն եւ հեռագնա մարտավարության մասին: Էրդողանի «փառասիրությունը» մարտահրավեր է` նետված միջազգային առկա կարգուկանոնի առջեւ:
Թուրքիայի ներգրավվածությունը Սիրիայում շեշտադրում է նրա նվաճողական մոտեցումը ընդհանրապես ամբողջ Միջին Արեւելքի նկատմամբ: Գործնականորեն պաշտպանելով ջիհադիստներին եւ ահաբեկչական խմբավորումներին, Անկարան իրեն է վերապահել գլխավոր դերակատարությունը Սուննի-Շիա հակամարտության պայքարում: Այս մարտավարությունը համահունչ է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նեո-օսմանյան ազդեցության ոլորտի վերականգման տեսլականի հետ, որտեղ Թուրքիան առաջնորդող դերակատարություն է ստանձնում Սուննի մահմեդականության աշխարհում:
Շեղվելով պետականություն կառուցելու ավանդական ձեւից, Թուրքիայի աշխարհաքաղաքական ընկալումները կենտրոնանում են գլխավորապես ներխուժման եւ ազդեցության ոլորտի ընդլայնման վրա: Եվ դա սոսկ անմիջական անվտանգության մտահոգությունները փարատելու համար չէ, այլ նպատակ ունի ձեւավորելու տարածաշրջանային մի նոր կարգավիճակ, որտեղ ակնառու կդառնան Թուրքիայի պատմական եւ գաղափարախոսական վաղեմի նպատակները:
Թուրքիայի գործողությունները Սիրիայում եւ Իրաքում նաեւ ազդարարում են առավել լուրջ տեղաշարժ արեւմտյան դաշնակցային կախվածությունից: Էրդողանի կառավարությունը սերտ կապեր է հաստատել Ռուսաստանի հետ` մարտահրավեր նետելով ՆԱՏՕ-ի համախմբվածությանն ու Անդր-Ատլանտյան շահերին: Որպես օրինակ բերենք Ռուսաստանից S-400 օդային պաշտպանության համակարգի ձեռք բերումը, որը ՆԱՏՕ-ի դաշնակիցների մոտ անվտանգության մտահոգություններ է առաջ բերել` մասնավորապես Թուրքիայում տեղակայված ամերիկյան հենակետերում լրտեսություն կատարելու հնարավորության վերաբերյալ:
Չնայած Թուրքիան զենք մատակարարում է Ուկրաինային, Էրդողանի ջանքերը շրջանցելու Ռուսաստանի դեմ կիրառված ամերիկյան պատժամիջոցները ցույց են տալիս Անկարայի հաշվարկված, մանրամասնորեն կշռադատված քաղաքականությունը: Ռուսական խաղաքարտը օգտագործելու այս պատմական մարտավարությունը նպատակ ունի պահպանել տնտեսական կապերը Մոսկվայի հետ, բայց միաժամանակ վարել անկախ դերակատարություն առավել գլոբալ հարցերում:
Թուրքիայի շահագրգռվածությունը մասնակցելու ԲՐԻՔՍ-ին արտահայտում է նրա ձգտումները ընդդիմանալու արեւմտյան գերակայությանը: Էրդողանը այս մարտավարությունը բնութագրել է որպես գլոբալ տնտեսական համակարգում «մոտեցումների, ինքնությունների հաստատման եւ քաղաքականության դիվերսիֆիկացիա»: Բայց նրա այս հռետորական բացատրությունը ավելի խորը մարտավարական նպատակ է հետապնդում` բարձրացնել եւ առավելագույնի հասցնել Թուրքիայի հեղինակությունը եւ աշխարհաքաղաքական դերակատարությունը` հաշվի առնելով նրա դիրքային առանձնահատկությունը Արեւելք-Արեւմուտք բեւեռների միջեւ ծավալված պայքարում: Նրա քայլը նաեւ վերադարձ է դեպի նախկին կայսերական իսլամական կանոնակարգ:
ԲՐԻՔՍ-ի որոշ անդամներ հետամուտ են ստեղծելու «քաղաքակրթական մի պետություն», որը լիբերալ, ժողովրդավարական նորմերի փոխարեն ինքնիշխանությունն ու մշակութային բազմազանությունն է գերնպատակ հայտարարում: Այս մոտեցումը համահունչ է Էրդողանի նեո-օսմանյան տեսլականի հետ, որը ներառում է թուրքական անցյալի գաղութային յուրահատկությունները: Շվեդիայի եւ Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ի անդամակցությանը ձգտող կնճռոտ բանակցություններում Թուրքիան գերազանց կերպով կարողացավ իր աշխարհագրական դիրքից իրեն դրսեւորելով որպես «դարպասապահ» եւ զիջումներ կորզելով ինչպես արեւմտյան, այնպես էլ ոչ-արեւմտյան պետություններից:
Թուրքիայի արտաքին քաղաքականության «ախորժակը» աշխարհաքաղաքական հարցերով չի սահմանափակվում: Այն ընդարձակվում է դեպի գաղափարախոսական ոլորտը: Էրդողանի կառավարությունը սերտ կապեր է հաստատել քաղաքական իսլամիստ խմբավորումների հետ, ինչպիսիք են Համասը, Մուսուլման եղբայրները, եւայլն, որոնք Թուրքիայի «ներդրումների» արդյունքում ձեւավորում են քաղաքական իսլամիզմի ապագան ամբողջ Միջին Արեւելքում ու Եվրոպայում: Երկրում կազմակերպված համագումարներին հրավիրելով Խալեդ Մաշալի նման Համասի առաջնորդներին, որոնք վերջերս կոչ արեցին Իսրայելի դեմ օգտագործել նաեւ ինքնազոհության պատրաստ ծայրահեղական ֆանատներին, ապացուցում է Անկարայի գաղափարախոսական պարտավորվածությունները: Ավելին, Քաթարի հետ Թուրքիայի իսլամական խմբակցություններին ֆինանսավորելու կամ հովանավորելու մտադրությունը խոսում է սուննի մահմեդական համայնքների գլոբալ, համագործակցված մարտավարության մասին, հատկապես տարածաշրջանում Իրանի ազդեցության թուլացումից հետո:
Թուրքիայի արտաքին քաղաքականությունը հաստատում է բազմաբեւեռ աշխարհաքաղաքական կարգուկանոնի բարդությունները: Երկակի մոտեցում ցուցաբերելով Թուրքիան մի կողմից ՆԱՏՕ-ին մեղադրում է Ուկրաինայում պատերազմը «սնուցանելու» մեջ, մյուս կողմից իր անդամակցության լծակներով ամրապնդում է իր մարտավարական դրիքը այդ կառույցում: Թուրքիայի ընդարձակման փառասիրությունները իրականում բարդ մարտահրավերներ են` նետված Մ. Նահանգներում քաղաքականություն մշակողների առջեւ: ՆԱՏՕ-ի կառույցում կարեւոր դաշնակից հանդիսանալով՝ Թուրքիան շրջադարձ է կատարում դեպի Ռուսաստան, ԲՐԻՔՍ եւ քաղաքական մահմեդականություն, ինչը հյուսիսատլանտյան կազմակերպության սկզբունքներին եւ դավանած արժեքներին դեմ է եւ վարկաբեկում է նրա հեղինակությունը:
Բայց Թուրքիան շարունակում է առաջ տանել իր դերը, որպես անկախ «ուժային բրոկեր», որը կապ չունի որեւէ ավանդական դաշնության կամ սահմանված նորմերի հետ: Սա դժվարին հարցեր է առաջացնում, թե ինչպես վարվել այդ՝ գնալով ավելի համարձակ, պնդերես եւ անկանխատեսելի պետության հետ:
Միջին Արեւելքում Թուրքիայի նկրտումները կարող են է՛լ ավելի սրել գոյություն ունեցող լարվածությունը: Իսկ սուննի մահմեդականության առաջնորդ լինելու հանգամանքը հաստատ կխորացնի աղանդավորական տարակարծությունները, է՛լ ավելի ապակայունացնելով տարածաշրջանը: Թուրքիայի գաղափարախոսական «ընդարձակումները» կարող են նաեւ ծայրահեղականությունը խթանել եւ ջլատել կայունություն եւ ժողովրդավարություն հաստատելու ջանքերը: Ներխուժման մարտավարությանը նաեւ գաղափարախոսական հանդերձավորում հաղորդելով, Անկարան վերաձեւավորում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական բնապատկերը, եւ անցնում «դրանից այն կողմ», ինչպես Էրդողանն է ասում:
Թուրքիայի կերպարանափոխությունները կշռադատված պատասխան են ակնկալում, եւ միջազգային հանրությունը պարտավոր է լրջորեն քննարկել հետեւանքները: Արեւմուտքն ու նրա դաշնակիցները Թուրքիայի հետ առնչվելիս պետք է նրբագույն տարբերակիչ մոտեցում ցուցաբերեն, որպեսզի համագործակցությամբ կշռադատված մարտավարություն կիրառեն` դիմակայելու համար Անկարայի արտաքին քաղաքականության հարաճուն մարտահրավերներն ու դրանց հաջորդող բազմաբեւեռ աշխարհի խնդիրները:
Անգլ. բնագրից թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)