Դեսպան Հասան Գյողուշ՝ «Բաքուն չպետք է Անկարա-Երեւան հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտի»
Եվրոպական քաղաքական համայնքի երեւանյան 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Թուրքիայի փոխնախագահ Ջեւդեթ Յըլմազի Հայաստան այցից օրեր առաջ, նույն օրերին «Երեւանյան երկխոսություն» միջազգային համաժողովին «տանտիրոջ իրավունքով» մասնակցող Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ դեսպան Սերդար Քըլըչից բացի, մեր մայրաքաղաքի փողոցներում իրենց տպավորություններն արձանագրելու համար շրջում էին նաեւ Թուրքիայի նախկին դեսպան Հասան Գյողուշն ու հանգստի կոչված երկու այլ թուրք դեսպաններ:
Փորձառու դիվանագետ Հասան Գյողուշը, որ նախկինում որպես դեսպան Թուրքիան ներկայացրել է Հնդկաստանում, Հունաստանում, Ավստրիայում եւ Պորտուգալիայում, զբաղեցրել է նաեւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը՝ համակարգելով ԵՄ-ի եւ եվրոպական երկրների հետ երկկողմ հարաբերությունները:
Նա, որպես քաղաքական վերլուծաբան, վերջերս գտնվել է Երեւանում՝ փորձելով հասկանալ հայաստանցիների վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ, ներքաղաքական իրավիճակը եւ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու հնարավորությունները:
Թուրք դիվանագետի երեւանյան այցի մասին հոդվածով հանդես եկած իրանական «Թեսնիմ» կայքը նշում է, որ հաշվի առնելով անցյալում տեղի ունեցած պատմական իրադարձությունները, Անկարայի եւ Երեանի միջեւ հարաբերությունների կարգավորումը դեռեւս դժվար իրագործելի է թվում: Գյողուշը հույս է հայտնում, որ Բաքուն չի խոչընդոտի Անկարա-Երեւան հարաբերությունների կարգավորմանը, շեշտը դնելով նաեւ փորձագիտական շրջանակներում տարածված այն տեսակետի վրա, որ առեւտրատնտեսական կապերի զարգացումը, զբոսաշրջությունը եւ մարդկային շփումները կարող են աստիճանաբար փոխել մթնոլորտը:
Կայքը անդրադառնում է երեք փորձառու թուրք դիվանագետների այցին, որոնք նպատակ ունեին տեղում ուսումնասիրել Հայաստանի սոցիալ-քաղաքական իրավիճակը եւ պաշտոնական դիրքորոշումներից դուրս ձեւավորել սեփական գնահատականները:
Հրապարակվել են հատվածներ դիվանագետի զեկույցից, որտեղ Հայոց Մեծ եղեռնի եւ Արցախի պատկանելության վերաբերյալ նրա արտահայտած տեսակետները համահունչ են Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումներին:
Հայաստանը Թուրքիայի համար միաժամանակ մերձավոր եւ հեռավոր հարեւան բնորոշող դեսպան Հասան Գյողուշի գնահատմամբ՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Երեւանի եւ Բաքվի միջեւ ստորագրված փաստաթուղթը, որը վերաբերում է ղարաբաղյան հակամարտության ավարտին եւ Ադրբեջանի ու Նախիջեւանի միջեւ հաղորդակցական կապ ապահովելու նպատակով «Զանգեզուրյան» միջանցքի կարգավիճակի հստակեցմանը, պատմական նշանակություն ուներ:
Զեկույցի հեղինակը նշում է, որ հանգստի մեկնած իր գործընկերների՝ Հասան Սարվաթ Օքտամի եւ Օմար Օնհունի հետ երեք օրով այցելել է Երեւան: Ներկայացնելով գործընկերներին՝ դեսպան Գյողուշը հարկ է համարում հիշեցնել, որ Սարվաթ Օքտամը 1984 թվականին, Թեհրանում Թուրքիայի դեսպանատանը ծառայելիս, ենթարկվել է հարձակման երկու հայերի կողմից: Սակայն, ինչպես Օմարը եւ ինքը, Սարվաթ Օքտամը եւս ցանկանում էր մոտիկից տեսնել Երեւանը:
Չնայած պաշտոնաթող դեսպանների ուղեւորությունը զուտ զբոսաշրջային էր, նրանք հնարավորություն են ունեցել հանդիպելու ներկայումս պաշտոններ չզբաղեցնող հայ կարեւոր գործիչների հետ եւ գնահատելու հունիսի 7-ի ընտրություններից առաջ Երեւանում տիրող քաղաքական մթնոլորտը:
Ըստ զեկույցի, պաշտոնաթող դեսպանների հանդիպումների օրակարգը բավականին հագեցած է եղել: Նրանք հանդիպել են Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին խորհրդական Ժերար Լիպարիտյանի, ՀՀ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, Արցախի նախկին արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի եւ թուրքահայ Սամսոն Օզարարատի հետ:
Տարբերվող Հայաստան
Զբոսաշրջության անվան տակ Հայաստան այցելած պաշտոնաթող դեսպանների աչքին մեր մայրաքաղաքը բնավ էլ Թուրքիայում պատկերացվող հետամնաց, մութ ու մռայլ քաղաքը չէ: Նրանց խոսքով՝ խորհրդային տարիներին կառուցված շենքերը մինչեւ ուշ գիշեր լուսավորվում են, եւ Երեւանի ոչ մի թաղամասում չեն նկատել քանդման ենթակա հին շենքերին փոխարինող անկանոն կառուցապատում, ինչպես նաեւ գետնին նետված ծխախոտի մնացորդներ կամ փողոցներում թքող մարդկանց:
Թուրք այցելուները տպավորված են եղել նաեւ Երեւանի փողոցներում երթեւեկող թանկարժեք ավտոմեքենաներից: Նրանց ուշադրությունից չի վրիպել սրճարաններից օգտվող երիտասարդների մեծ թիվը, ինչպես նաեւ դեղատների ու սուպերմարկետների շուրջօրյա աշխատանքը:
Հանդիպումների արդյունքում հյուրերը եզրակացրել են, որ վերջին տարիներին Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել: Վկայակոչելով նախկին արտգործնախարար Մնացականյանի ներկայացրած տվյալները՝ նրանք նշում են, որ 2025 թվականին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը գերազանցել է 3 միլիոնը:
Ըստ զեկույցի հեղինակ Հասան Գյողուշի՝ Մնացականյանը նաեւ նշել է, որ ռուսական եւ ուկրաինական ընկերությունները Հայաստանում ստեղծել են համատեղ ձեռնարկություններ, որոնք արտահանումներ են իրականացնում դեպի Եվրոպա՝ շրջանցելով պատժամիջոցների սահմանած սահմանափակումները:
Հայերի եւ թուրքերի ընդհանրության մասին
Դեսպան Հասան Գյողուշի խոսքով՝ «Մեկ ազգ, երկու պետություն» արտահայտությունը հաճախ օգտագործվում է Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերությունները նկարագրելու համար: Նա մերժում է այն պնդումները, թե հույներն ու թուրքերը նմանություններ ունեն: Նշելով, որ երկու տարի ծառայել է որպես դեսպան Հունաստանում եւ հնարավորություն է ունեցել այցելելու նաեւ Ադրբեջան: Եվ ահա հայաստան այցելելուց հետո, Գյողուշը եզրակացնում է, որ թուրքերի հետ ամենաշատ ընդհանրություններ ունեցող ազգը հայերն են:
Խոսելով այդ ընդհանրությունների մասին՝ նա անդրադառնում է նաեւ խոհանոցին՝ նշելով, որ Թուրքիայում յուրաքանչյուր քաղաք ունի իր առանձնահատուկ խոհանոցը, մինչդեռ Երեւանում կարելի է գտնել Թուրքիայի տարբեր շրջանների ուտեստներ: Նրա դիտարկմամբ՝ Երեւանի փողոցներում հանդիպած յուրաքանչյուր տասը հայից առնվազն երեքից չորսը կարողանում է խոսել թուրքերեն:
Ռեստորանում անցկացրած վերջին երեկոյի ընթացքում, երբ երեք թուրք դեսպանները Սամսոն Օզարարատի եւ Կարեն Միրզոյանի հետ նույն սեղանի շուրջ թուրքերեն էին զրուցում, նրանց է մոտեցել հարեւան սեղանի մոտ նստած մի տարեց տղամարդ՝ երիտասարդ աղջկա ուղեկցությամբ: Նա ներկայացել է որպես Ֆրանսիայում բնակվող հայկական սփյուռքի ներկայացուցիչ եւ նշել, որ ուրախ է լսել թուրքերեն խոսակցություն: Այնուհետեւ հարցրել է՝ արդյո՞ք բոլորը Թուրքիայում բնակվող հայեր են:
Զեկույցի հեղինակ Հասան Գյողուշի կարծիքով՝ նույնիսկ հայերը երբեմն դժվարանում են իրենց տարբերել թուրքերից:
Ընտրություններ
Դեսպան Հասան Գյողուշի զեկույցում նշվում է, որ շուտով, հունիսի 7-ին, Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, սակայն նա առայժմ ընտրական ակտիվություն չի նկատում: Նրա խոսքով՝ եթե պատերին փակցված թեկնածուների մի քանի պաստառներ չլինեին, դժվար թե զգացվեր, որ մեկ ամսից երկրում ընտրություններ են սպասվում:
Նա նշում է, որ ընտրական մրցավազքը հիմնականում կընթանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» եւ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների միջեւ՝ հիշեցնելով, որ Կարապետյանը ներկայումս գտնվում է տնային կալանքի տակ եւ մեղադրվում է իշխանության դեմ հեղաշրջում նախապատրաստելու մեջ:
Գյողուշի տվյալներով, Հայաստանում անցկացված հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ Փաշինյանը առաջատար է՝ վայելելով մոտ 30 տոկոսի աջակցությունը: Միաժամանակ նա նշում է, որ շատ քաղաքացիներ տաքսիներում կամ ռեստորաններում խուսափում են հայտնել իրենց քաղաքական նախընտրությունները:
Ըստ Գյողուշի, հունիսի 7-ի ընտրությունները առաջինն են Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո (հոդվածում հիշատակված չեն 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունները Գ. Ա.): Նա եզրակացնում է, որ այդ ընտրությունները մեծ նշանակություն կունենան, քանի որ դրանց արդյունքներից է կախված ոչ միայն Փաշինյանի քաղաքական ապագան, այլեւ Հայաստանի հետագա քաղաքական ուղղությունը:
Ընտրությունների ընթացքի վրա արտաքին ուժերի հնարավոր ազդեցությունը, ըստ դեսպան Գյուղուշի
«Երեւանում ԱՄՆ դեսպանատունն իր 1800 աշխատակիցներով աշխարհի ամենամեծ ԱՄՆ դեսպանատներից մեկն է: Սակայն ամերիկացիները Հայաստանում այնքան մեծ ազդեցություն չունեն, որքան ռուսները:
Փաշինյանը վերջերս Մոսկվա էր այցելել: Պուտինը մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Ռուսաստանը չի կարող լավ հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ, քանի դեռ ռուս ընկերները բանտարկված են Հայաստանում:
Մեզ հետ զրույցի ժամանակ մի հայ պաշտոնյա ասաց, որ այն, ինչ ռուսները մեկ դոլարով կարող են անել Հայաստանում, ԱՄՆ-ն չի կարող անել տասը դոլարով:
Պետք է նշել, որ եկեղեցին, որը միշտ հայկական քաղաքականության մեջ որոշակի կշիռ է ունեցել, նույնպես դրական կարծիք չունի Փաշինյանի մասին:
Երկրորդ Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակից հետո վեց օրվա ընթացքում 118,000 ղարաբաղցի հայ ներգաղթեցին Հայաստան: Ղարաբաղի հայերը դեռեւս Հայաստանի քաղաքացիություն չեն ստացել, հետեւաբար չեն կարող քվեարկել առաջիկա ընտրություններում: Նրանց միայն հող է հատկացվում՝ իրենց տները կառուցելու համար:
Ղարաբաղի հայերը դժգոհ են Փաշինյանից՝ համոզված լինելով, որ նա բավարար չափով չի աջակցել իրենց»:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացքը, ըստ դեսպան Գյուղուշի
«Ցեղասպանության մասին պնդումները դարձել են հայ ազգային ինքնության կարեւոր բաղադրիչներից մեկը: 1915 թ. իրադարձությունները ցեղասպանություն չորակող քաղաքական գործիչը Հայաստանի քաղաքական կյանքում որեւէ շանս ունենալ չի կարող:
Փաշինյանը, ճիշտ ընտրություն կատարելով, դադարեցրել է այս պնդումների ակտիվ բարձրաձայնումը միջազգային ասպարեզում եւ սկսել է Թուրքիայի հետ հարաբերությունների անվերապահ կարգավորման գործընթաց:
Մի երկրում, որտեղ հակաթուրքական տրամադրությունները շուրջ 100 տարի բորբոքված են, դա (ցեղասպանության ուրացումը Գ.Ա.) խոշորածավալ պատերազմում պարտություն կրած առաջնորդի համար շատ համարձակ քայլ է:
Այնուամենայնիվ, հայերը դժգոհ են Թուրքիայից, թեեւ այդ մասին չեն բարձրաձայնում: Նրանք դժգոհ են, որ տարեսկզբին Թուրքիայի խոստացած Ալիջանի սահմանային անցակետի բացումը դեռ իրականություն չի դարձել:
Նրանք կարծում են, որ ընտրություններին նախորդող մեկ ամսվա նթացքում Փաշինյանին Թուրքիայի կողմից ցուցաբերվող բացահայտ աջակցությունը հակառակ արդյունքը կունենա: Սակայն հայաստանցիները ակնկալում են որոշակի կոնկրետ քայլեր հարաբերությունների կարգավորմանը նպաստելու համար:
Առայժմ կարգավորման ամենամեծ խոչընդոտը Հայաստանի 1991 թվականի սահմանադրությունն է: Սահմանադրությունը չի հիշատակում ցեղասպանությունը, բայց սահմանադրության նախաբանում տեղ գտած Անկախության հռչակագիրը 1915 թվականի իրադարձությունները սահմանում է որպես ցեղասպանություն:
Սահմանադրության 11-րդ հոդվածը նաեւ Արեւելյան եւ Հարավարեւելյան Թուրքիայի որոշ շրջաններ անվանում է Արեւմտյան Հայաստան:
Փաշինյանը եւս մեկ համարձակ քայլ է կատարել՝ ասելով, որ սահմանադրության այս խնդրահարույց հոդվածները պետք է փոխվեն: Սակայն նա չի կարող դա անել ընտրություններից առաջ:
Հիշեցնեմ 1800-ական թվականներին Անգլիայի նախկին վարչապետ լորդ Փալմերսթոնի խոսքերը. «Անգլիան չունի մշտական դաշնակիցներ կամ հավերժական թշնամիներ, Անգլիայի շահերը մշտական են եւ հավերժական»:
Ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի շահերը պահանջում են երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորում: Պետությունները զգացմունքային էակներ չեն: Օրինակ՝ Ադրբեջանը Թուրքիայի մտերիմ բարեկամն է, միեւնույն ժամանակ՝ Իսրայելի հիմնական դաշնակիցներից մեկը: Եվ չնայած Իսրայելը ժամանակակից պատմության մեջ խոշորագույն ցեղասպանություններից մեկն է իրագործել, այնուամենայնիվ Թուրքիան չի խանգարում Բաքու-Թել Ավիվ հարաբերություններին:
Նույն տրամաբանությամբ էլ Բաքուն չպետք է խոչընդոտի Անկարա-Երեւան հարաբերությունների կարգավորմանը»:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանում ՀՀ նախկին դեսպան









