Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 17-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի գլխավորած պատվիրակության հետ: ԵԽ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը ներկա են եղել նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ու ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը: Ուշագրավ է, որ իշխանության հրաժարականը պահանջող ու խորհրդարան միայն սեփական օրակարգով՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, գնալու ընդդիմության առանձին ներկայացուցիչներ լավ էլ խորհրդարան են գնում, լավ էլ քննարկումների ու հանդիպումների մասնակցում: Արմեն Գեւորգյանից զատ, «Ազգ»ի տեղեկություններով, ընդդիմադիր այլ պատգամավորներ նույնպես, օրինակ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, հրավիրված են եղել վերոնշյալ հանդիպմանը, բայց մերժել ու չեն գնացել:
«Հայաստան» խմբակցության պատգամավորները կողմոնորոշվելու ու իրենց քայլերը պարզաբանելու կարիք ունեն, թե իրականում ի՞նչն են հանդուրժում, ի՞նչը՝ ոչ: Եթե խորհրդարան են գնում ըստ սեփական քմահաճույքների, այլ ոչ թե նախապես հայտարարված պայմանի՝ սեփական օրակարգի, ապա ավելի անզնիվ կլինի սեփական ընտրողների ու համակիրների հետ ուղիղ խոսել, այլապես ստացվում է՝ մի բան ասում են, մեկ այլ բան՝ անում:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ