«Այն, ինչ կախված է քո պատից, շատ ավելին է ասում քո մասին, քան դու գիտես»:
Թայլանդցի հեղինակ Թուպտիմ Մալակուլ Լեյնն իր բլոգում անդրադարձել է Բանգկոկում բնակվող հայազգի նկարչուհի Էլիզաբեթ Ռոմհիլդի (Դավիդյան) վերջին մեծ ստեղծագործությանը՝ «Վերջին ընթրիքին», որը ներկայացնում ենք ստորեւ:
«Վերջին ընթրիքը» զետեղելու համար պահանջվում է մեծ պատ որեւէ պենտհաուսի հյուրասենյակում՝ լինի Նյու Յորքում, փարիզյան դղյակում կամ Վինձորում գտնվող ամրոցում: Այսպիսի նրբաճաշակությունը՝ գնողունակությամբ եւ ռիսկային մտածելակերպով հանդերձ, նկարագրում է հնարավոր շահառուին:
Էլիզաբեթ Ռոմհիլդի «Վերջին ընթրիքը» բացահայտում է այն ստեղծողի բուռն զգացմունքները: Էրոսին՝ հունական դիցաբանության սիրո եւ սեքսի Աստծուն պատկերող նկարը դյութում է նկարչուհու ներքին հոգեւոր հարստությամբ: Առաջին հայացքից այս նկարը բացահայտում է կերպարվեստի հավաքորդի գաղտնի սեքսուալ ցանկությունը, որն արտահայտվում է ներսից, թաքնված է ուրիշների համար, բայց տեսանելի՝ բուռն տենչանքի եւ անառակության աչքով:
Այդպիսի պատմությունները կտավին հանձնելու համար չի պահանջվում հունական դիցաբանության կամ հռոմեական աստվածաբանության իմացություն: Բայց առանձնահատուկ վաղնջական հոգի է պետք մարդկային վավաշոտ վարքագծի նման պատկերում ստեղծելու համար ու կապ հաստատելու երկրպագուի եւ հավաքորդի հոգու հետ, քանի որ մենք բոլորս բազմաթիվ համերի խառնուրդ ենք՝ սկսած քաղցրից, կծուից, թթուից մինչեւ արտամղվող թթվայնություն:
Նկարի պարսկահայ եւ դանիական ծագմամբ հեղինակը բերում է իր վաղնջական գեղարվեստական վարպետությունը 2023 թվականի միլլենիալների աշխարհ. սա հազվագյուտ բան է այն պայմաններում, երբ արհեստական բանականությունը համաշխարհային հրետակոծությամբ համոզում է X սերնդին, որ մարդկային քիչ ջանքերը տալիս են գերազանց արդյունքներ: Մինչդեռ գեղարվեստական կատարելությունը բխում է միայն սեփական հոգու մեջ ներթափանցումից եւ դրա ուսումնասիրությունից՝ ուղեկցված կարգապահ մտածելակերպով:
…Էլիզաբեթ Ռոմհիլդի գայթակղվող կողմը լավ թաքնված է միայն կտավի վրա: Որպես պատմող՝ նա ներկայացնում է Էրոսի ու դեւերի պատմությունը: Դա տասնչորս կերպարների՝ բարու եւ չարի հանդեպ հանդուրժող լինելու պատմությունն է, որ պատկերում է ցանկասիրություն ու որկրամոլություն:
Պատկերացրեք, թե դուք վուայերիստ եք. կեսօրվա արեւի ճառագայթը որսում է փոշին, որը նստում է արվեստանոցում գտնվող մյուս կտավների վրա, որոնք սպասում են չորանալուն, սենյակ է թափանցում սկիպիդարի լուծիչի հետ խառնված կտավատի յուղի ստույգ հոտը: Շարդոնեի մի կումը հնարավորություն է տալիս սավառնել այդ ամենի վերեւում եւ հետեւել վրձնին, մինչ գլխուղեղը կարգավորում է էլեկտրական ազդակները, որոնք պայթում են Մոցարտի «Ռեքվիեմին» համահունչ՝ սենյակը լցնելով ուրիշի ստեղծագործությամբ, իսկ հոգին առաջնորդելով դեպի դրախտ: Հենց այս՝ աշխարհին շատ դարեր առաջ շնորհված կոմպոզիցիան խթանում է Էլիզաբեթի ստեղծագործական գործունեությունը, ինչպես ոչ ոք չի կարող:
Էսքիզները տեղափոխված են կիսալուսնի ձեւի կտավի վրա, 160 x 300 սմ լայնությունը տիրապետում է աչքի մակարդակում, եւ յուրաքանչյուր կերպար բերում է չարաճճի վավաշոտ ցանկասիրության մասին իր ուրույն պատմությունը:
Սատիրը հունական դիցաբանության մեջ արու արարած է՝ ականջներով եւ պոչով, որը հիշեցնում է մշտապես չափազանցված սեռական լարում ունեցող ձիու: Նա կտավի կենտրոնում է՝ գայթակղված երկու բալով: Վերեւում Խոնն է, ձեռքերին բռնած «Ֆաթիմայի աչքը»՝ չար ոգիներին վախեցնելու համար: Դա յուրատեսակ Հանզա է՝ ողջ Մերձավոր Արեւելքում տարածված ափի ձեւով թալիսման, որը պատկերում է խղճի աչքը: Մարիամ Մագթաղինացու բազում դեմքերը նշանակում են նրա փոխակերպումը մարմնավաճառից գուշակ, միստիկից միանձնուհի՝ մինչեւ իսկ դիտվելով որպես ֆեմինիստական պատկերանշան:
Մնայուն է այն միտքը, որ տարբեր սեփականատերերի պատերից կախված այս նկարի կյանքի ճանապարհով դարեր անց, անկասկած, դեռ ճախրելու է Էլիզաբեթի ոգին: Զգացմունքները՝ հակասական էներգիայի կաթիլներում թակարդված, որոնք ծածկում են առաջին շերտը, գաստրոնոմիական ավելորդությունները, որոնք մի քանի շերտեր են շաղ տալիս եւ դրսեւորվող սեքսուալ մղումները ծածկում են ողջ կտավը՝ դարձնելով Էրոսին ու դեւերին եւ Էլիզաբեթի ստեղծագործությունը գրավիչ եւ կենդանի՝ որտեղ էլ որ այն լինի:
ԹՈՒՊԻՄ ՄԱԼԱԿՈՒԼ ԼԵՅՆ
Անգլերենից թարգմանեց ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ