«Middle East Forum Observer» պարբերականում դոկտ. Մայքլ Ռուբինը գրում է, որ 2024 թվականի դեկտեմբերի 22-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայի հետ սահմանից ոչ շատ հեռու գտնվող Մերդին քաղաքում գլխավորել է իսլամիստ պահպանողականների մի հավաք, որի ընթացքում ամբոխի հնչեցրած «Պարոն նախագահ, մեզ Երուսաղեմ առաջնորդի» կոչերին, նա մի փոքր մտածելուց հետո, պատասխանել է. «Համբերությունը հաղթանակ է խոստանում»: Նրա այս ակնարկը, շարունակում է Ռուբինը, տեղի ունեցավ Իսրայելի դեմ պատերազմ հայտարարելուց հազիվ հինգ ամիս անց, բայց այյն հանպատրաստից բնույթ չէր կրում: Դեռեւս 2020-ի հոկտեմբերին Էրդողանը հայտարարել էր. «Երուսաղեմը մերն է»: Թուրքիայի Ազգային Ասամբլեան (ժողովը) Երուսաղեմի նվաճումը համարում է իր առաջնահերթությունը: «Թուրքիան իր բոլոր կառույցներով` կառավարությամբ, Ազգային ժողովով եւ ամենակարեւորը` իր պետականությամբ պաշտպանում է պաղեստինցիների դատը: Ես ամբողջ սրտով հավատացած եմ, որ գալիք ժամանակներում Պաղեստինը ազատագրվելու է», հայտարարեց ԱԺ խոսնակ Նուման Քուրդուլմուշը 2024-ի հոկտեմբերի 16-ին:
Մինչ Թուրքիայի պաշտպանները փորձում են չխորանալ այս հայտարարությունների ետին թաքնված մտադրությունների մեջ, Էրդողանի «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) դաշնակից Դեվլեթ Բահչելին եւ Էրդողանի որդին` Բիլանը խոստացել են Երոււսաղեմի համար պայքարը տանել մինչեւ վերջ:
Ոչ ոք չպետք է կասկածի տակ առնի Էրդողանի մտադրությունները: Ինչպես Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, Էրդողանն էլ բազմաթիվ առողջական մարտահրավերներ է հաղթահարել: Բայց նա ուղղակի մոլեգնած է իր սեփական փառքի երեւակայությամբ: Անձնապես նա ատում է ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին, որ կառուցեց նոր, աշխարհիկ, անառարկելիորեն արեւմտամետ պետություն` քայքայվող Օսմանյան կայսրության փոխարեն: Մինչ նա Աթաթուրքին ուղղակիորեն չի քննադատում, բայց ալկոհոլիկ հիմնադրի նկատմամբ իր քամահրանքը նա արտահայտում է խորհրդանշական ժեստերով: 2005-ի հունիսին Էրդողանը փոխել տվեց այն դահլիճի ետնամասային տեսարանը, որտեղ իր ամենամսյա հեռուստատեսային ելույթն էր ունենալու: Աթաթուրքի նկարի եւ Թուրքիայի դրոշի փոխարեն այնտեղ հայտնվեցին Անիտքաբիրը (այսինքն` Աթաթուրքի դամբարանի) եւ մի մզկիթի պատկերը: Թուրքերին ուղղված ակնարկը հստակ էր` Աթաթուրքը մեռած է, բայց իսլամը ողջ է:
Որքան էլ փառասեր եւ քաղաքականապես հմուտ լինի, նա այնքան էլ չի փայլում խելացիությամբ: Նրան զայրացնում է այն, որ ժամանակին չի կարողացել հաճախել Թուրքիայի լավագույն դպրոցները: Որպես նարցիսիստ նա իրենից բացի բոլորին է մեղադրում դրա համար: Իսկ որպես ինքնակալ, նա իրեն շրջապատում է ստորաքարշ մարդկանցով, որոնք հավանություն են տալիս այն ամենին, ինչ ինքն է առաջարկում կամ ասում: Այդ է պատճառը, որ թուրք բռնակալը մշտապես սայթաքում է նախադեպերի հարցում: Երբ, օրինակ, Էրդողանը առաջարկեց չեղյալ համարել Լոզանի պայմանագիրը, որպեսզի կարողանա փոփոխել Թուրքիայի սահմանները, նա չմտածեց, որ այդ փոփոխությունները կարող են Թուրքիայի գծած ճանապարհով չընթանալ: Եթե Էրդողանը իրոք ցանկանում է ուղղել պատմական սխալները, ինչո՞ւ ուրեմն Իզմիրը չվերականգնել Զմյուռնիա անունով: Չէ՞ որ Զմյուռնիայի ձեռք բերումը կայացել է սոսկ էթնիկ զտումների հետեւանքով:
Վերադառնալով Երուսաղեմի հարցին, եթե Էրդողանը ցանկանում է փոփոխել բազմաթիվ կրոնների համար սուրբ քաղաք համարվող Երուսաղեմի «ստատուս քվոն», ինչո՞ւ նույն ձեւով չի վերափոխում Ստամբուլի կարգավիճակը` վերանվանելով այն Կոնստանդնուպոլիս: Եթե հրեաները Երուսաղեմում երաշխավորում են կրոնների ազատությունը եւ պահպանում են բազմաթիվ հրեական, քրիստոնեական եւ իսլամական սրբավայրերը, ապա նույնը չենք կարող ասել Էրդողանի «տնտեսվարության» տակ գտնվող Ստամբուլի մասին: Հարցը միայն Այա Սոֆիա (Սուրբ Սոֆիա) հունական տաճարը գործող մզկիթի վերածելը չէ: 2024-ին Էրդողանի ռեժիմը սրբապղծելով մզկիթի վերածեց բյուզանդական Սուրբ Փրկիչ եկեղեցին, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայրերից մեկն է հռչակված: Էրդողանի քայլերը պարզապես «սալյամի կտրատելու» շարունակական գործողության են նման, որի հարթ շերտերով իր իսկ դիվանագետներին է մոլորեցնում, թե իբր Թուրքիան պահպանում է իր երկրի քրիստոնյաների եւ հրեաների ժառանգությունները:
Հայերն, իհարկե, ամենաշատը տուժեցին: Թուրքիայի ամենահարուստ մարդկանցից ոմանք իրենց հարստությունը կառուցեցին հայերից բռնազավթված ունեցվածքների վրա: Ինջիրլիքի ավիաբազայի (որտեղ ամերիկյան օդուժը ավելի քան 1.800 զինծառայող է տեղակայել) մեծ մասը կառուցված է հայերից բռնազավթված հողակտորի վրա: 2012-ին Հրանտ Դինք հիմնադրամը հրատարակեց մի գիրք, որտեղ նշված է, որ Թուրքիայի կառավարությունը միայն Ստամբուլում ավելի քան 600 կալվածք է խլել հայերից: Հայոց ցեղասպանությունը ժխտելու քաղաքականության հիմքում ընկած են ոչ միայն կրոնական ատելությունն ու ռասիզմը, այլեւ հազարամյա հարստության գողությունը ծածկելու ցանկությունը:
Թրամփի վարչակազմը չի վախենում դիվանագիտական ավանդույթը խախտելուց: Մինչեւ նախագահ Թրամփի հայտարարությունը, որ Երուսաղեմը ճանաչում է որպես Իսրայելի մայրաքաղաքը, պետքարտուղարությունը Երուսաղեմը համարում էր ոչ մի պետության պատկանող «հյուպատոսություն»: Մի տասնամյակ առաջ Մ. Նահանգների Գերագույն դատարանը հաշվի առնելով պետքարտուղար Ջոն Քերրիի պահանջը, թույլատրեց Երուսաղեմում ծնված ամերիկացի քաղաքացիներին նշել Իսրայելը (եւ ոչ թե Երուսաղեմը) որպես իրենց ծննդավայր:
Որովհետեւ Մ. Նահանգները չի ճանաչում Հոնկոնգի վերահսկողությունը կոմունիստական Չինաստանի կողմից, այնտեղ տեղակայված Մ. Նահանգների հյուպատոսարանը շարունակում է վայելել իր անկախ կարգավիճակը եւ չի գտնվում Պեկինում ամերիկյան դեսպանատան ենթակայության տակ: Այդ առումով պետքարտուղարությունը եւ նրա եվրոպական գործընկերները գուցե Ստամբուլի իրենց հյուպատոսարանները հռչակեն անկախ կառույցներ եւ ճանաչեն Թուրքիայի մեծագույն քաղաքի վիճելի բնույթը:
Պետքարտուղարությունը պետք է ճանաչի Ստամբուլի եզակի կարգավիճակը` պաշտոնապես իր հյուպատոսարանը անվանելով Մ. Նահանգների հյուպատոսարան Կոնստանդնուպոլսում: Թուրքիան տանուլ է տվել կրոնական ազատության հարցը: Էրդողանը իրոք քամահրանք է տածել եւ բռնություն իրականացրել Հույն ուղղափառ եկեղեցու եւ Հայ առաքելական եւ կաթոլիկ եկեղեցիների հանդեպ: Թուրքիայի նոսրացող հրեական համայնքի ներկայացուցիչները այժմ փաստորեն թուրքական պետության պատանդներն են դարձել: Նրանք վախի մթնոլորտում են ապրում, թե օրերից մի օր Թուրքիայի ծայրահեղականները իրենց կթիրախավորեն: Եթե Էրդողանը Երուսաղեմի հարց է բարձրացնում, ապա նախադեպ է ստեղծում, որ անկախության ձգտող ամեն մի երկիր հարցականի տակ դնի Ստամբուլի պատկանելիությունը Թուրքիայի եւ բացահայտորեն քննարկի այդ քաղաքի կարգավիճակը:
Անգլ. բնագրից թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
Դոկտ. ՄԱՅՔԼ ՌՈՒԲԻՆ
«Middle East Forum»-ում քաղաքական վերլուծության կենտրոնի տնօրեն