Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից ընդամենը մի քանի շաբաթ առաջ անցկացված հասարակական կարծիքի հարցումները թեժ պայքար են կանխատեսում գլխավոր երկու թեկնածուների` իշխող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ընդդիմադիրների առաջնորդ Քեմալ Քիլիջդարօղլուի միջեւ, տեղեկացնում է Ստամբուլից «Ալ-Մոնիտորի» թղթակից Էնդրու Ուիլքսը: Երկրում հասարակական կարծիքի ուսումնասիրման «MetroPoll» ամենահեղինակավոր ընկերությունն, օրինակ, գրում է նա, մարտ ամսվա տվյալներով 2.6 տոկոսի աճ է գրանցել ժողովրդահանրապետական CHP կուսակցության ղեկավար եւ «Ազգային դաշինք»ի կողմից առաջադրված թեկնածու Քիլիջդարօղլուի օգտին: Էրդողանի աջակիցների ձայները, որոնք հունվարին 45.9 տոկոս էին կազմում, մարտին 42 տոկոսի են իջել երկրաշարժի ժամանակ ոչ համարժեք ուշադրության համար կառավարության հասցեին ուղղված քննադատությունների պատճառով, մինչ Քիլիջդարօղլուի կողմնակիցների ձայները 43 տոկոսից բարձրացել են 44.6 տոկոսի:
«MetroPoll»ի տնօրեն Օզեր Սենկարի կարծիքով Քիլիջդարօղլուն մեծ աճ է արձանագրել անցյալ դեկտեմբերից ի վեր, երբ քվեարկողների մոտ 60 տոկոսը կանխատեսում էր, որ նա չի հաղթի: Մեկնաբանելով Քիլիջդարօղլուի 2.6 տոկոսի առաջընթացը, նա ասել է, որ ընտրությունների ճակատագիրը վճռելու են դեռեւս չկողմնորոշվածներն ու նախագահական չորս թեկնածուներից Մուհարրեմ Ինջեն, որ պարտվել էր 2018-ի ընտրություններում:
Մյուս կողմից, «Վաշինգտոն ինստիտուտի» թուրքական հետազոտությունների ծրագրի տնօրեն Սոներ Քագապտայը նշել է, որ Իջեն եւ մյուս թեկնածուն` Սինան Օղանը կարող են Քիլիջդարօղլուից քվեներ փախցնել եւ խզում առաջացնել ընդդիմադիրների շարքերում, որի հետեւանքում հավանական կլինի ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը մայիսի 28-ին:
Այլ հարցախույզների արդյունքները շատ ավելի նպաստավոր են Քիլիջդարօղլուի համար: «TAG Research»ը, օրինակ, 51.8 տոկոս է կանխատեսում նրա համար, մինչ Էրդողանի համար` ընդամենը 42,6 տոկոս: Մյուս թեկնածուները` Ինջեն եւ Օղանը ստացել են ձայների համապատասխանորեն 3,2 եւ 2,5 տոկոսը: «Optimar Research»ը, սակայն, 47.4 տոկոսով Էրդողանի հաղթանակն է կանխատեսել, Քիլիջդարօղլուին նախատեսելով ձայների 45,3 տոկոսը:
Քվեարկելու իրավունք ունեցողների շրջանում, մասնավորապես կանայք եւ երիտասարդներ առավելապես աջակցում են ընդդիմությանը: Սոցիալ-դեմոկրատական հիմնադրամի տեղեկություններով խորհրդարանում Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության անդամների փոխարեն, կանայք ցանկանում են տեսնել CHP-ի պատգամավորներին:
Ճակատագրական կարող են լինել նաեւ առաջին անգամ քվեարկող երիտասարդների ձայները:
Նրանք մոտ վեց միլիոն են կազմում եւ հասակ են առել Էրդողանի 20 տարվա իշխանության ժամանակաշրջանում: Ընդհանուր առմամբ 25 տարեկանից ցածր քվեարկողների թիվը հասնում է 13 միլիոնի: «Bupar Research and Consultancy» ընկերության նախագահ Էրդալ Աքալթունի կարծիքով, տասը երիտասարդներից ութը պատրաստվում է քվեարկել ընդդեմ AKP-ի թեկնածուների: «Երիտասարդները փոփոխություն են ուզում», բացատրում է նա: «IstanPol Institute»ի համահիմնադիր Էդգար Սարն էլ հավելում է, որ նրանց կողմնորոշումը հիմնականում սնվում է կառավարության բռնակալական մոտեցումների հետզհետե աճող տեմպերից: «Z» սերունդը 15 տարեկան էր 2013-ի «Գեզի Պարկի» իրադարձությունների ժամանակ, երբ AKP-ն սկսեց կիրառել իր բռնատիրական մեթոդները: Դրանք գնալով աճեցին, զրկելով նրանց սոցիալական իրավունքներից օգտվելու նախորդ սերնդի հնարավորություններից»:
Պատրաստեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)