Սյունիքի մարզի տարածքը կազմում է 4506 քառակուսի կիլոմետր: Բնակչության թվաքանակը կազմում է 140.3 հազար մարդ: Մարզկենտրոնը Կապան քաղաքն է: Հարկ է նշել, որ ներկայում կարեւոր նշանակություն ունի մեր երկրի էներգետիկ անվտանգության տեսակետից մեծ ուշադրություն դարձնել հատկապես Սյունիքի մարզի բնակավայրերի էներգետիկ խնդիրների լուծմանը: Այն հնարավորություն կտա տարբեր իրավիճակների դեպքում ունենալ էներգետիկ կայունություն եւ հուսալի էներգամատակարարում:
2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ Սյունիքի մարզի մշտական բնակչության թվաքանակը կազմում էր 135.8 հազար մարդ, որից 91.8 հազարը քաղաքային բնակչություն եւ 44.0 հազարը՝ գյուղական բնակչություն:
Ստորեւ ներկայացնում եմ Տորունիք գյուղի էներգետիկ անվտանգության խնդիրները: Տորունիք գյուղը գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան համայնքում: Ռուսական կայսրության ժամանակաշրջանում գյուղն ունեցել է թուրքական Շխլար անունը: Տորունիք է վերանվանվել 1991 թվականին: Գյուղը գտնվում է Այրիգետ գետի ձախ ափին՝ ծովի մակարդակից մոտ 1780-1840 մ բարձրության վրա: Հեռավորությունը Սյունիքի մարզ-կենտրոն Կապան քաղաքից ճանապարհով կազմում է մոտ 118 կմ, իսկ Սիսիան քաղաքից հեռու է մոտ 11 կմ: Բնակավայրն ունի բազմադարյա պատմություն: Հայտնի է դեռեւս միջնադարյան ժամանակաշրջանում: Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Տորունիքի մշտական բնակչությունը կազմել է 120, առկա բնակչությունը՝ 111 մարդ: Ռուսական կայսրության եւ Խորհրդային Միության ժամանակաշրջաններում գյուղը բնակեցվածն է եղել ադրբեջանցիներով, որոնք հեռացել են 1988-1889 թվականներին:, որոնց արտագաղթից հետո գյուղում բնակություն են սկսել հաստատել Խորհրդային Ադրբեջանից բռնագաղթած 34 տուն (78 անձ) հայեր:
Հարկ է նշել, որ գյուղի միջով հոսում է Այրիգետ գետը,որի վրա կարելի կառուցել առնվազն 200 ԿՎտ հզորությամբ հիդրոէլեկտրակայան: Այն հնարա-վորություն կտա տարեկան արտադրել ավելի քան վեց հարյուր հազար ԿՎտժ էլեկտրաէներգիա: Բացի դրանից, գյուղի բնակլիմայական պայմաններում հնարավոր է կառուցել 100 ԿՎտ հզորությամբ արեւային կայան:Այս դեպքում լրացուցիչ հնարավոր է տարեկան արտադրել առնվազն 150 հազար ԿՎտժ էլեկտրաէներգիա: Գումարային արտահայտությամբ այդ նպատակի համար կծախսվի մոտ 200 միլիոն դրամ եւ կարող ենք այդ բնակավայրի էներգամատակարարման արդյունավետությունը լիարժեք համարել:
Կարծում եմ, որ ժամանակն է մտածել Հայաստանի ավելի քան 900 բնակավայրերի համար էներգետիկայի զարգացման հայեցակարգ ունենալ եւ փուլ առ փուլ այն իրականություն դարձնել:Հապաղելու իրավունք չունենք:
ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ
Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ