Մերօրյա հայաստանյան առօրյան երկակի տրամադրությամբ է հագեցած: Մի կողմում բակում հանդիպող ու հավաքված հարեւաններն են, շատ հաճախ միջին ու ավագ սերնդի մարդիկ, մյուսում` հեռուստացույցի էկրաններից իրենց արածի շուրջ թվեր ու տոկոսներ սփռող փոքր ու մեծ դիրքերի պաշտոնյաները: Եթե առաջիններից ոմանք գոհ լինելով իշխանությունների գործողություններից՝ այսուհանդերձ չեն հասկանում կենսաթոշակը հազիվ 3 հազար դրամով բարձրացնելու տրամաբանությունը, երկրորդները նշում են, ասենք, կրթության կամ առողջապահության ոլորտներում ծախսերի ավելացումը, շատ հաճախ դրանք աննախադեպ անվանելով: Պաշտոնյաներին պետքն էլ չէ, որ հարյուր հազարավոր հայաստանաբնակներ որեւէ առնչություն չունեն կրթական համակարգի հետ, մի այլ հարյուր հազարավորներ էլ տասնամյակներ շարունակ պոլիկլինիկաներ ու հիվանդանոցներ չեն այցելել:
Կան, չէ՞, մեր շրջապատում մարդիկ, որոնք տարօրինակ են համարում սուբսիդավորում կոչվող ֆինանսավորմամբ գյուղական համայնքներում փողոցների ու վարչական հաստատությունների վերանորոգումը, գտնելով, որ այդ աշխատանքները հարկ է կատարել տեղական հարկերի հավաքագրված միջոցներով, իսկ երկրի բյուջեն օգտագործել համերկրային առաջնահերթությունների ուղղությամբ:
Ասենք` ՀՀ տարածքում տեղացող ջրերը ջրամբարներում կուտակել, կանխել դրանց հոսքը դեպի անբարյացակամ հարեւանների տարածքները: Գիտեմ անմիջապես կասեն, որ կառուցվում է, որին ի պատասխան նշեմ, որ մի քանի տասնյակ հնարավոր կառուցապատումներից հազիվ 1-2-ն է իրականացվում, մյուսների համար` բյուջեում փող չկա, նախկիններն են… Կարծես ոչինչ, որ այսկերպ առաջիկա տասնամյակներին էլ երկրի մի ամբողջ ոլորտ ջրային խնդիր է ունենալու, որի հետ սերտորեն կապված է այլ մի բնագավառ, հանձին վերականգնվող հիդրոէներգետիկայի: Եվ հարցը` ո՞վ է այսօր խոսում ու գործում այս ուղղությամբ, հնչում է ինքնաբերաբար:
Կատակ չհամարեք, սակայն անգամ տանը սրճեփ ու արդուկ միացնելիս կարող էս ինչ-որ մեկի դատողությունները լսել Հայաստանի հանրապետությունում նոր ատոմակայան կառուցելու շուրջ: Խոսողին բացարձակապես չի հետաքրքրում, թե ի՞նչ խնդիրների են բախվել ներկայում գործող Մեծամորի ատոմակայանի տեղի ընտրության հարցում 1960-70-ականների մասնագետներն ու ՀՍՍՀ իշխանությունները: Տասնյակ ու տասնյակ տարբերակներ են առաջարկվել ու քննարկվել, հիմնավորումներով մերժվել: Հիմա էլ է երբեմնի գործընթացը ծավալվում, որի արդյունքում կարծիք է կազմավորվում, որ կառուցվելիք միջուկային կայանի ամենահարմար վայրը գործողի տարածքն է: Սիրողական այս մակարդակից զուտ միայն պարզ չէ, թե ինչ կարծիքի են ոլորտի նեղ մասնագետները, որոնք ՀՀ-ում թերեւս չկան: Եթե կան, թող որոշակի հիմնավորումներով արձագանքեն, մեր թերթը պատրաստակամ է տպագրել նրանց խոսքն ու փաստարկները:
Այսուհանդերձ, վերադառնանք վերականգնվող էներգետիկային, արեւի, քամու, ջրի, ինչու ոչ` նաեւ ընդերքի որոշակի շերտերում կուտակված ջերմային ռեսուրսների օգտագործմանը: Օրերս կայացած ՀՀ կառավարության նիստում խոսվեց արեւային կայանների միացյալ հզորությունը 2000 մեգավատի հասցնելու ծրագրից, միայն թե… 2040 թվականին: Թե մինչ այդ որոշակի ժամանակահատվածներում ի՞նչ քանակի էլեկտրաէներգիա կարտադրվի, չի ասվում ու նշվում:
Հանրահայտ է, որ այսօր արտադրվող 6-7 մլրդ կվտժամ էլեկտրաէներգիան, որքան արտադրվել է նաեւ 20 տարի առաջ, 2000-ականների սկզբին, ոգեւորության նվազագույն պաշար է պարունակում: Այն մոտեցումը, որը թերեւս արդարացում կարելի է դիտարկել, որ էլեկտրականությունը կուտակվող արտադրանք չէ, ապացույց է տնտեսության անկատարության, քանզի էլեկտաէներգիայի արտադրության ծավալներով է նաեւ որոշվում երկրների տնտեսական կայացվածությունը: Ասենք, Ֆինլանդիան մեկ բնակչի հաշվով ունի տարեկան 14.000 կվտժամ էլեկտրաարտադրություն, Նորվեգիան՝ դրա կրկնապատիկը, փոքրիկ Էստոնիան` 10.000 կվտժամ, երբ ՀՀ ցուցանիշը հազիվ 2.300 կվտժամ է, այն էլ` հիմնականում ներկրվող հումքի հաշվին: Թե ինչու այս պայմաններում չի կայանում ասենք հիդրոէներգետիկ ոլորտը, պարզապես անհասկանալի է: Ընդամենը 2 տարի առաջ խոսվեց Արաքս գետի վրա հայ-իրանական համատեղ 75 մգվատ հզորության «Մեղրիհէկ» կայանի կառուցման մասին, որին հետեւելու էր «Մեղրիհէկ-2»-ի մեկնարկը: Ոչ մի ակնարկ կամ խոսք այն սկսելու մասին, երբ առկա է ադրբեջանա-իրանական ակտիվ համագործակցություն:
Լավ, ընդունենք ինչ-ինչ հանգամանքների թե գործընթացների արդյունքում այն սառեցվել կամ դադարեցվել է, արդյոք անհնարի՞ն է այն սեփական ուժերով իրականացնել: Հիդրոկայանների նախագծման ու կառուցման կադրեր կան, ֆինանսական միջոցներ վարկերի տեսքով տվողների պակաս էլ չկա: Բայց պարզվում է հարցն այլ դրդապատճառ ունի, քանզի արդեն որերորդ տարին երկրում չի կառուցվում նաեւ ծրագրված 300 փոքր ու միջին հզորության էլեկտրակայաններից հերթականը: Մոտ 130-ը կառուցվել է եւ վերջ, ձայն-ծպտուն չկա: Ասվեց, որ Դեբեդի վրա է համեմատաբար հզոր հիդրոկայան կառուցվելու, ավաղ… Երեւանի քաղաքապետարանը հայտարարել է տրոլեյբուսային երբեմնի հզոր ցանցի վերականգնման մասին, կառուցվող հարյուրավոր բազմաբնակարան բարձրահարկերը էլեկտրասնուցում են պահանջելու, ընդլայնվելու է մետրոպոլիտենը, գործարար միջավայրն իր ակնկալիքները կարող է ներկայացնել…
Այսօրինակ գործընթացների արդյունքում առնվազն տարօրինակ է պետք դիտարկել վիճակագիրների այն հաղորդագրությունը, որ 2023 թվականի անցած ինը ամիսներին, նախորդ տարվա տարեկան կտրվածքով, էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 2.8 տոկոսով: Այն փոքր թիվ է կարծես, սակայն 7.000.000.000 կվտժամի պարագայում մոտ 200 մլն կվտժամ պակաս արտադրության մասին է նշում:
Հանրության մտահոգ հատվածի համար մանրամասնեմ: ՀՀ-ում միւին օրական էլեկտրասպառումը 20 մլն կվտժամ է. ստացվում է յուրօրինակ 20-օրյա էլեկտրադադար: Հետեւությունն ինքներդ արեք:
Ի՞նչ է սա, պարոնայք կառավարիչներ:
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ