Տասնյակ հազարավոր հայաստանաբնակներ, որոնց միացել են արտերկրներում ժամանակավոր թե մշտական բնակություն հաստատած մեր հայրենակիցները, ընթացող շաբաթը սկսեցին քաղաքացիական անհնազանդության գործողություններով: Հիմնական շարժառիթն անշուշտ ՀՀ վարչապետի օրեր առաջ արած այն հայտարարությունն էր, որ Արցախի հանրապետության հարցում միջազգային միջնորդները պահանջում են իջեցնել կարգավիճակի աստիճանը, կարճ ասած` Արցախը ճանաչել ազերիական պետության ենթակայության մաս. հայաստանցու ու հայի համար անընդունելի պահանջ, ինքնադավաճանության արձանագրում:
Այսուհանդերձ պարզվում է, որ 10 միլիոնից ավելի հաշվառվող հայության մեջ կա նաեւ հայի մի տեսակ, որ ընտրել է հակադարձելու յուրօրինակից-տարօրինակ մի պահվածք: Հիմնավորումն էլ, ոչ ավել, ոչ պակաս` 80 միլիոնանոց Թուրքիայի առկայությունը: Հայի այդ տեսակի համար ոչինչ, որ անգամ այդ երկրում տարվող պաշտոնական վիճակագրության համաձայն, որը կարող ենք նաեւ ի շահ ազգայնամոլական դրսեւորումների կեղծված դիտարկել, թուրք է այդ թվի ընդամենը 70 տոկոսը: Առավել տպավորիչ է, որ բնակչության 20 տոկոսը քրդեր են, որոնք ոգեւորված սահմանակից Իրաքում իրենց հայրենակիցների ձեռք բերած ինքնավարությամբ, պայքարում են ոչ միայն այդ կարգավիճակի, այլեւ` լիակատար անկախություն ունենալու համար: Զինված պայքարը նրանց համար օրվա հրամայական է, որը դրսեւորվում է թուրքական ոստիկանության ու զորքի դեմ մշտական բախումներով ու հարձակումներով, անգամ երկրի խորհրդարանում քրդական արժանապատվության բարձրաձայնումով: Ասվածն ընդամենը քաղաքացիական պարզ դրսեւորում ու լրագրողական մոտեցում է, որն առավել մանրամասնեցված ու փաստարկված կցանկանայինք տեսնել Հայաստանի հանրապետության թուրք-ադրբեջանական մասնագիտական հանրության կողմից:
Եվ ոչ միայն: Ասենք, ռազմագետ-փորձագետներ ներկայացող հանրային գործիչները անելիք չունե՞ն մեր բացարձակ մեծամասնության սպասումներն ու ակնկալիքները վերահիմնավորվելու հարցում, մարդիկ՝ որոնք քաջատեղյակ են երկիր մոլորակի ամենատարբեր մասերում տեղի ունեցող առճակատումներից ու պատերազմական գործողությունների ընթացքից: Քաշմիրի հարցում Պակիստանի ու 1,4 մլրդ բնակչությամբ Հնդկաստանի, Կոսովոյի անջատողականների, իսրայելա-արաբական տասնամյակներ շարունակվող մեծ ու փոքր ռազմական գործողություններն արդյո՞ք չեն ապացուցում ու հիմնավորում, որ պայքարի վերածվող յուրաքանչյուր գործընթաց իր բացատրությունն ու արդարացումն ունի:
Անշուշտ այստեղ մեզ խանգարում է չգիտես որտեղից ու ինչ շարժառիթներով հայտնվող անզորի ու անօգնականի վիճակը, որը մեկ հիմնական փաստարկում ունի. ՀՀ տնտեսության գրեթե ողորմելի անբացատրելիությունը: 2018-ի այս օրերին իշխանափոխության հայտ ներկայացրած քաղաքական ուժը բացատրությունը տեսավ իշխանության մոտ տնտեսական աճը խոչընդոտող կոռուպցիոն դրսեւորումներում: Թե ինչ է արվում արդեն 4-րդ տարին ձգվող իշխանափոխության արդյունքում, ակտիվ ու պասիվ պայքարի միջոցներն ընտրած հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիների համար պարզ չէ, անգամ բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությունների պարագայում:
Թուրքիայում ազգային արժույթ լիրայի աննախադեպ անկման պարագայում տնտեսությունը գոյատեւում է, ՀՀ-ում դրամը համաշխարհային արժույթ դոլարի հանդեպ արժեւորվում է, իսկ տնտեսությունում, որի երեւացող մասն է առեւտուրը, աննախադեպ գնաճ է: «Խելացի անասնագոմեր» կառավարական ծրագիրը բացառապես գների թանկացման է հանգեցրել, հանրային ծառայությունները կարգավորող ՀՀ բյուջեից ֆինանսավորվող հանձնաժողովը հաստատում է գազ, էլհոսանք ու ջուր կառավարվողների ցանկացած հայտերը, համայնքները հայտնվել են աղքատության եզրին, որի արդյունքում համայնք-կառավարություն սուբսիդավորման 50-50 ծրագիրը հասցվել է մինչեւ 20-80 տոկոսային հարաբերակցության: Թե երբ է համայնքային բնակիչն իր առօրյայում նվազագույն փոփոխություն զգալու, պարզ չէ: Փոխարենն այն պարզից էլ պարզ է իշխանության եւ տնտեսության վիճակագրությունը վարող ԱՎԿ-ի` ազգային վիճակագրական կոմիտեի համար: Երկրի փաստացի 12 մլրդ դոլար ՀՆԱ-ն բազմապատկում է ինչ-որ գնողունակության 3.38 թվով եւ ստանում է 42 մլրդ դոլարի հասնող ՀՀ համախառն արդյունք, 1 բնակչի հաշվով 14 հազար դոլար, երբ իրականում այն 4 հազար դոլար է: Տանտիրուհիները տեղին են դժգոհում, որ հայերիս սեղանին նախընտրելի կերակրատեսակ դարձած ռուսական բորշի պատրաստման համար, հիմա, ամիսներ առաջվա համեմատ, ստիպված են կրկնակի թանկ գնումներ կատարել: Որոշակի համարձակություն է պետք աշխատանքային ընդմիջումների ընթացքում հանրային սննդի կետերի ծառայություններից օգտվելու, այլ առաջնահերթություններ լուծելու համար:
Եվ հարցը` ի՞նչ անել, հնչում է ինքնաբերաբար: Պատասխանը մեկն է` փոխել երկիրն այս վիճակին հասցրած կառավարիչներին, քանզի ՀՀ հողաջրային, առավել եւս ջերմային ու մարդկային կարողությունները որեւէ կապ չունեն գնալով խորացող այս վիճակի հետ: Ահա ձեզ ու մեզ լրացուցիչ շարժառիթ փողոցները փակելու գործողությունների համար: Մարդիկ համեստ առօրյայով ապրելու ակնկալիքի են տրվել, որոնք փոխարինվում են ընթացող առօրյայում ոչինչ չակնարկող խոստումներով. Արգենտինան հետաքրքրված է ՀՀ-ում ներդրումային միջավայրով, Չինաստանը ծրագրեր է կազմում Հայաստանով բեռնափոխադրումներ իրականացնելու նպատակով, Իրանը ցանկանում է օգտվել ՀՀ տարածքից եվրասիական կազմակերպության հետ շփումներն ընդլայնելու նպատակով, եւ այսպես շարունակ: Իսկ այս ընթացքում հողերն անմշակ են մնում, մարդիկ անգործ ու հուսահատ: Միայն ներմուծողների արածն է տեսանելի. ներկրիր որտեղից ի՛նչ կարող ես:
Բնակելի թաղամասը, ուր ապրում եմ, մոտ է Երեւանի էլեկտրալամպերի երբեմնի գործարանին, որի պատերն առայժմ կանգուն են: Հարեւան ծանոթներս այն հույսին են տրվել, որ ոչ վաղ անցյալի մեր այս հսկան երբեւէ կաշխատի, իրենց փորձի ու աշխատուժի կարիքը կզգացվի: Երբ հարազատ Վանաձորում եմ լինում, մարդիկ հարցնում են, թե այդ երեւաններում ի՞նչ են մտածում «Քիմպրոմը» վերաշահագործելու վերաբերյալ, ուր արտադրվում էր գյուղոլորտին անչափ անհրաժեշտ պարարտանյութ: Այսպես անվերջ ու անհատնում հարցեր ամենուր, որոնք պատասխանի են կարոտ: Ավաղ, դրանց փոխարեն ՀՀ իշխանություններն զբաղված են աղակերների ու ծխողների դեմ պայքարի դոնքիշոտություն հիշեցնող հարցերով:
Զավեշտալի է, եթե ողբերգական չգնահատենք, անգամ եթե դրանք մարդկանց առողջության պահպանմանն են ուղղված:
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ
03.05.2022թ.