Հայաստանցիները սննդամթերքի աճը ամսեամիս են զգում իրենց սեփական գրպանների մեջ: Չկա մեկը, ով չնկատի թանկացումը:
«Նայում եմ գներին, վախենում եմ առնեմ: Ելակը էլի հեչ, բա՞ սննդամթերքը, մենակ ես չեմ բողոքում, բոլորի մոտ էլ նույն վիճակն ա»:
«Հատուկ չեմ հաշվում, բայց ամեն ինչն էլ թանկացելա»:
«Երկրորդ աշխատանք ենք փնտրում, որ հասցնենք»:
«Ամեն ինչն էլ թանկացելա, կյանքնելա թանկացել»:
«Ի՞նչ են ուզում մեզանից, սենց թանկացնում են, որ մի կտոր հաց էլ չկարողանանք առնենք»:
Ահա այսպես են արձագանքում մեր քաղաքացիները թանկացումներին:
Չնայած իշխանությունների ձեռնարկած որոշ-անորոշ քայլերին, անգամ պաշտոնական տվյալները փաստում են՝ սննդամթերքի գները Հայաստանում բարձրանում են երկնիշ թվերով:
Ապրիլին այս տարվա առաջին երեք ամիսների համեմատ սննդամթերքի գնաճը ամենամեծն է եղել. նախորդ տարվա ապրիլի համեմատ պարենը թանկացել է 14.5%-ով:
Հայաստանում գների կայունության համար պատասխանատուն Կենտրոնական բանկն է, գնաճը զսպելու գլխավոր գործիքը, որ կիրառում է այդ կառույցը վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն է, ինչը թանկացնում է դրամը, եւ պետք է որ կանգնեցնի գնաճը, կա՛մ առնվազն դանդաղեցնի: Նախորդ ողջ տարվա ընթացքում, եւ այս տարի էլ շարունակաբար բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ ավելի քան երկու անգամ եւ հասցնելով 9.25%-ի, Կենտրոնական բանկը 2022 թվականի մայիսի սկզբին որոշեց կանգ առնել եւ անփոփոխ թողնել այն: Արդյո՞ք սա նշանակում է, որ Կենտրոնական բանկում կարծում են, թե գների սրընթաց աճը առաջիկայում կանգնելու է…
ՕՍԻՊՅԱՆ ԼԱՈՒՐԱ