Ուրբաթ, Մայիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

Մարիետա Խաչատրյան
08/05/2026
- 08 Մայիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
11
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մայիսի 5-ին եւ 6-ին Երեւանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն ու Հայաստան-ԵՄ համաժողովն իհարկե շարքային իրադարձություններ չէին եւ Հայաստանի սուբյեկտության տեսակետից կարեւոր էին` աշխարհի համար տեղեկատվական, ճանաչողական նշանակությամբ գոնե: Հրապարակված բազմակետ հռչակագրերն ու քննարկումների բացվածքը եթե ոչ գործնական, գոնե քաղաքակրթական առումով Հայաստանի գործոնության ու նախասկզբնական դերի հիշեցման հնարավորությունն էին, թեկուզեւ գագաթնաժողովը սոսկ եվրոպական միջոցառում էր:

Միայն այն, որ չորս տասնյակից ավելի եվրոպական պետությունների առաջին դեմքերը, գումարած Կանադայի, Մեծ Բրիտանիայի վարչապետերը, Ֆրանսիայի նախագահը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, եվրոպական բոլոր կառույցների ղեկավարներն էին ժամանել, իսկ եվրոպական շատ պաշտոնյաների ելույթներում (Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնի եւ անգամ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի ելույթներում ներառյալ) ուղղակի եւ անուղղակի ակնարկներ կային Հայաստանի` քաղաքակրթական օրրաններից մեկը լինելու մասին, ինքնին Եվրոպա ձգտող Հայաստանի տարածաշրջանային եւ միջազգային կշռի ավելացման նպաստ էր, ինքնին Ադրբեջանին իր տեղը ցույց տալու, Ալիեւի վերջին ագրեսիվ պնդումերը զրոյացնելու հանգամանք: Ու անգամ չափազանցումները, որ միայն այս իշխանության օրոք են հնարավոր դարձել չորս տասնյակից ավելի եվրոպական երկրների առաջին ռանգի պաշտոնյաների հավաքվելն Երեւանում, կամ Հայաստանին աջակցելու եվրոպական պատրաստակամությունն ու խոստումները, շատ ելույթների մեջ ռուսական ուղղությամբ գլորվող տակառները, չէր կարելի հիմք համարել այն մաքսիմալիզմի համար, որով մեր իշխանությունն ու ընդդիմությունն իրենց քաղաքական նպատակների համար փորձում էին նեղացնել կամ լայնացնել, գերգովել կամ գերփնովել եվրոպական այս իրադարձությունը` մեկը գերագնահատելով Հայաստանի իշխանության ներկա դերակատարումն այդ բոլորում, մյուսը հակառուսականության դաշտ տանելով եւ իշխանության քննադատության մշտական նպատակին ծառայեցնելով այն բոլոր առիթները, որոնք չէին կարող չլինել գագաթնաժողովի ելույթներում, եթե նկատի առնենք, որ Եվրոպան ինքն էլ բազմաթիվ խնդիրներ ու մարտահրավերներ ունի` էներգետիկ, տնտեսական, անվտանգային: Վերջիններն արտացոլված էին ե՛ւ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի, ե՛ւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, եւ մյուս եվրապաշտոնյաների ելույթներում, ֆոն դեր Լայենն անգամ ենթատեքտով լավ էլ քննադատում էր Թրամփի եվրոպական քաղաքականությունը: Մանավանդ բոլորի, անգամ Եվրոպայի հետ առնչություն չունեցող Կանադայի, ԵՄ անդամ չհանդիսացող Մեծ Բրիտանիայի վարչապետերի, Թուրքիայի եւ Ադրբեջանի փոխնախագահների, Ալիեւի տեսակապով ելույթներն էին այդ հնարավորությունը տալիս:

Բայց այդ բոլորին եթե պետության շահի, հեղինակության, վարկի առումով հայացք նետվեր`ապա այն խոսույթը, որ գագաթնաժողովի արդյունքները գնահատելիս ծավալեցին ինչպես իշխանական ներկայացուցիչները, այնպես էլ եվրոպական ամեն ինչին հակառուսականության պատուհանից նայող ընդդիմությունը, եվրաիրադարձության առաջին պահից սկսյալ` մինչեւ թեման պոստֆակտում արծարծած Հայաստանի ԱԺ նախագահի վերջին ճեպազրույցը, ապա կարելի է հանգիստ նշել, որ մերոնք, անկախ զբաղեցրած բարձր պաշտոններից եւ կուսակցական առաջնորդ լինելու պատասխանատու կարգավիճակից, այդպես էլ լիովին չեն նույնանում պետական գործիչ լինելու կոչման հետ, պետական գործիչ համարվողների վարքն ու խոսույթը չի մաքրվում խմբային շահախնդրությունից, պոպուլիզմից: Մինչդեռ բացառիկ դեպքերում գոնե հանուն պետության եւ նրա վարկի` դրանք պետք է տեղը զիջեն միայն պետության շահի, պետության վարկին չվնասելու գիտակցմանը:

Իհարկե, համաձայն ենք, որ կամա, թե ակամա, մտածված, թե ինքնաբերաբար, այս մասշտաբի եվրաիրադարձությունը իշխանությանն աջակցության արար էր Հայաստանում առաջիկա ընտրությունների դռանը` ի տեղի եւ ի ժամանակի: Հայաստանի իշխանության հանդեպ եվրապաշտոնյաների ընդգծված համակրանքն իր ազդեցությունն ունեցավ սովորական հայ մարդու վրա, որը, հետեւելով Անտոնիու Կոշտայի, Ուրսուլա ֆոն դեր Լայենի, Էմանուիլ Մակրոնի, մյուսների ելույթներին եւ պահելաձեւին, դրանք հենց այդպես էլ ընկալել է` իշխանության եւ վարչապետի հանդեպ եվրոպական հովանավորություն որպես:

Իսկ Մակրոնի բացահայտ աջակցությունը Նիկոլ Փաշինյանին, անկախ նրանից, որ Մակրոնը պարզապես իր երկրի աշխարհաքաղաքական շահն է սպասարկում նախ, ինչպես եւ եվրոպաշտոնյաները, ակնկալում Հայաստանի միջոցով տարածաշրջանային ազդեցության մեծացում, տնտեսական, լոգիստիկ, էներգակիր, հանքահումքային նոր ռեսուրսներ ձեռք գցելու հնարավորություն` էմոցիոնալ մակարդակով առաջնային մակարդակում էր, ու թեեւ սերը քաղաքական, տնտեսական ու անգամ անվտանգային կատեգոիա չէ, միեւնույն է, հայ հասարակ մարդու վրա իր հոգեբանական ազդեցությունը գործեց, որպես մոտակա ընտրությունների կողմնորոշիչ գործոն եւ մնացած քաղաքական ուժերին գոտկատեղից ներքեւ հարված:

Համաձայն ենք նաեւ այն մարդկանց հետ, որոնք արցախցիներին սեպերատիստ ու ռազմական հանցագործ անվանող Ալիեւին Հայաստանի իշխանությունից եւ անձամբ Փաշինյանից արժանի հակահարված էին սպասում, որի փոխարեն Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան էր պատասխանում: Որ եվրոպացիներն այդպես էլ արցախցիների մարդկային, հումանիտար, մշակութային ժառանգության իրավունքներն իրենցը չհամարեցին, մի թեթեւ Մակրոնը խոստացավ Ադրբեջանի հետ քննարկել մեր գերիների հարցը:

Բոլոր դեպքերում ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունը դիվանագիտորեն պետք է հավասարակշռեին մեզ համար կարեւոր այս իրադարձության`Ռուսաստանին գրգռող խոսույթը զուտ երկրի տնտեսական եւ անվտանգային շահերի բալանսավորման առումով, չնայած Հայաստանում բոլորն էլ այլեւս առաջվանը չեն եւ Արցախի կորստով Ռուսաստանի ու միջազգային մյուս բոլոր դերակատարների, այդ թվում` Եվրոպայի իրական դեմքը գնահատել են:

Գործնական արդյունքի առումով ստորագրված հռչակագրերը ցանկություններ են` արեւային էներգետիկայի, տրանսպորտային ենթակառուցվածքների, թվային տեխնոլոգիաների ոլորտում եվրոպական ներդրումների եւ վաղուց ու ընդմիշտ սպասվելիք 2,5 մլրդ եվրոյի ընդհանուր ներդրումային խոստումի մասին:

Ընդ որում` եվրապաշտոնյաներն իրենց ելույթներում անընդհատ նշում էին Ռուսաստանի ազդեցության գոտուց Հայաստանի աստիճանաբար դուրս գալու, հիբրիդային պատերազմի դեմ պայքարելու անհրաժեշտության, խորհրդարանական ընտրություններին Հայաստանին աջակցելու, վիզային ռեժիմի ազատականացման հեռանկարի, ԵՄ ընդլայնման (Հայաստանի` ԵՄ անդամակցության անժամկետ հույսի ֆոնին) մասին:

Ֆրանսիայի նախագահի պետական այցի շրջանակում կնքված ռազմավարական համագործակցության փաստաթղթի մասով էլ էլի կարելի է պրագմատիկ-մտահոգ լինել, որ դա չի նշանակի Հայաստանի ռեսուրսային հարստություններին աչքադրելու բացվածք, Ֆրանսիայի շահախնդրությունը անհարմար դիտարան ունի «Վյոլա ջրով» , կոնյակի գործարանով, մեր կենսաթոշակային ֆոնդերի կառավարման իրավունքով եւ այլ նախադեպերով:

ԱԺ նախագահի` Բելառուսին ուղղված վերջին շրջանի սուր բնորոշումների եւ դրան Բելառուսի սուր արձագանքի առիթով երբ Ալեն Սիմոնյանին հարցնում էինք դիվանագիտական ձեւակերպումներով Հայաստանի շուրջ ավելորդ արտաքին լարվածություն չստեղծելու մասին, նրա այն պատասխանում, թե խորհրդարանականն ավելի ազատ է իր խոսքում եւ կարող է իրեն թույլ տալ այդպիսի ազատություն, իրատեսություն փնտրել հնարավոր չէր: Մեր կարծիքով պետության անվտանգությունն ավելի կարեւոր է անձերի նախընտրություններից, նրանց ազատությունների դրսեւորումներից, եւ պետական պաշտոնյան, այն էլ`այդքան բարձր պաշտոն ունեցողը, միշտ պետք է ելնի ոչ թե իր խոսքի ազատության իրավունքի իրացումից կամ համարձակ գործչի կերպարի կերտումից, այլ պետության շահից, նրա արտաքին անվտանգայն ֆոնում լարվածության առիթ չստեղծելուց, քանի որ այս դժվար ժամանակում եւ դժվար տարածաշրջանում ավելի խոհեմ ու դիվանագիտական մոտեցում է պահանջվում: Ալեն Սիմոնյանն ասում էր լրագրողներին, թե իշխանությունը զավթելու, քաղաքական օպերացիայի փորձ է տեղի ունենում, թույլ չի տրվելու ՀՀ-ն սարքեն գուբերնիա , ծայրագավառ, Հայաստանը չի ղեկավարվելու Բելառուսի պես, նախկինի պես ծնկած Հայաստան էլ չի լինելու, երբ ընտրություններ էին կեղծվում, եւ Հայաստանում «նամեստնիկ» էր նշանակվում:

Մի խոսքով եվրոպական դեսանտը Հայաստանում արեց այն, ինչ կանխատեսվում էր ի սկզբանե, մի քանի օր մոռացվեց, որ մայիսի 3-ին ԿԸՀ-ն արդեն գրանցել էր հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների մասնակցող ուժերին` 17 կուսակցություն եւ երկու դաշինք, փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով չգրանցելով ընդհանուր թվով 17 թեկնածուի (հետո դրանց ինքնաբացարկներ էլ են ավելացել), այդ թվում ԴՕԿ առաջին համար Վարդան Ղուկասյանին եւ «Ալյանս» կուսակցության ցուցակի առաջին համար Տիգրան Ուրիխանյանին, վերջիններիս` 4 տարի անընդմեջ Հայաստանում չբնակվելու պատճառաբանությամբ: Քարոզչական պաշտոնական մեկնարկը մեր նյութի հրապարակման պահին տրված կհամարվի, մրցակցության ժամացույցը միացված է, իշխանական կուսակցության համար դա միացված էր արդեն իսկ` Եվրոպական գագաթնաժողովով եւ Մակրոնի այցով, հիմնական ֆավորիտ մյուս ուժերն էլ ձեռքերը ծալած չեն նստել, այսինքն` ագրեսիվ նախընտրական քարոզչությունը Հայաստանում շատ ավելի վաղ էր սկսվել: Միայն այն, որ համացանցում ուզած տեսանյութի դիտման ընթացքում միմյանց ոչնչացնելու բովանդակությամբ լցված գովազդներով ամեն պահ բերան, աչքուականջ են մտնում Փաշինյանին, Ծառուկյանի, Կարապետյանին, Քոչարյանին եւ մյուսներին իբր գովազդող, իրականում միմյանց վրա գործ տվող մեղադրական «դանոսները», տո հենց նշյալ եւ մյուս բոլոր ընտրադերակատար ազգանուններն են ողջ հասակով եւ մարմնամասերով բերանդ մտնում, արդեն ավետում է, որ ընտրական «մռակոբեսիեին» դիմանալու համար Աստծուց համբերելու ուժ ու կորով պիտի խնդրենք:

Իսկ խորհրդարանում այս շաբաթ Անդրանիկ Քոչարյանի ելույթով բացված պանդորայի տուփը` Խոռխոռունու, Արծրուն Մարգարյանի, Մարտի մեկի գործով սպանությունների վերաբերյալ, ի պատասխան ընդդիմության կողմից բարձրացված գաղտնալսումների եւ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցի չհրապարակման թեմաների, հավանաբար նոր դրսեւորումներ դեռ կունենա` գլխավոր դատախազի, Սեյրան Օհանյանի եւ այլոց արձագանքներից է դա երեւում:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հեղինակի յութուբյան հրապարակումներին հետեւեք հետեւյալ հղումով.

https։//www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

Հաջորդ գրառումը

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026
Հաջորդ գրառումը

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
Նորություններ

Շատ ուշադրություն չդարձնեք վարչապետի ասածներին. նա Չինաստանից հալյուցինացիա առաջացնող սունկ է բերել, ուտում է. Սամվել Կարապետյան

07/05/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը հալյուցինոգեն սնկեր է ուտում։ Անդրադառնալով իր հասցեին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ» մեծ ֆիլմը՝ ամբողջությամբ

07/05/2026

«Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ». ֆիլմ՝ անցած ճանապարհի, կյանքի սկզբունքների և ապագայի տեսլականի մասին

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե կարճ՝ Ռոբերտ Քոչարյանը դառնալու է ձեզնից ստացողը. Արթուր Սուքոյանը՝ ՔՊ-ականներին

07/05/2026

Այսօր Ալեն Սիմոնյանը, իրեն հատուկ փողոցային ու գավառական պահվածքով, ԱԺ ամբիոնից հերթական անգամ փորձում էր վիրավորանքներով քաղաքական դիվիդենտներ հավաքել՝ հայտարարելով,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական