…Էն որ մեր դիւցազն Ջոջ Մհերն էր, Սասնա քաղաքի ելքումուտքի ու հացի ճամփան փակած հսկա առյուծին ճղեց, կիսեց, «արեց էնոր էրկու կտոր. մեկ դրեց ճամփու էս դին, մեկել՝ էն դին»: Էն մեր երկիրը պահող Առյուծաձեւ Մհերն էր:
Բայց ժամանակներ անցան, ժամանակներ փոխվեցին, այլ սեւ ու նենգ մարդկային եւ մարդանման ուժեր եկան, որոնք դարեդար, ավաղ, արդեն մեր երկի՛րը, մեզ կիսեցին: Կիսեցին, կիսկսեցին այնքան ու այնքան, մինչեւ որ մնացինք մեր երբեմնի հզոր, աստվածների երկրի այս մի բուռ կտորում, մնացինք մի բուռ… թեեւ բոլոր այդ արհավիրքներին ու չար հողմերին դիմացած, նաեւ ծաղկուն մի շրջան ապրած: Ու մենք եղանք մի երկիր, մի ազգ, որի ամբողջական հայրենիքը մեծավ մասամբ օտարների, եկվորների միջեւ կիսված, կիսկսված է, որի լեռները, գետերը, անգամ լեզուն (արեւմտահայ ու արեւելահայ) կիսված են, որի իրավատեր ազգի մեծ հատվածը աշխարհացրիվ եղած է, իսկ այս նշխար-հողում ապրողներն այսօրվա խառնակ ու վտանգաշատ ժամանակներում արդեն սեւ ու սպիտակի բաժանված, իրար դեմ ելած են…
Այս ամենը եղել է մեր թշնամիների, չարակամների ձեռամբ, անշուշտ մեր կամքին հակառակ, եւ պատմական հանգամանքների որոշակի նպաստավոր փոփոխության դեպքում գուցե երբեւէ ինչ-որ բան կարողանա նաեւ շտկվել, վերադառնալ… Անդառնալի կարող է լինել, սակայն, այն, ինչ մեր մեջ, մեր կամքով է խեղվում, քանդվում, կորսվում: Անցյալ դարի մեր մոտ 70 տարիներին սեփական երկրում, մեր հողում մայրենիի տեղակ ռուսական կրթությունն ու դաստիարակությունը գնալով մեծ չափերի հասան ու մի շարք հարցերում սկսեցին համարվել անգամ առավելություն: Եվ իշխանություն կամ ընդհանրապես մեծ լսարան ունեցող ռուսամտած-ռուսախոսների «թեթեւ» ձեռքով մեր գործածական մայրենին տարեցտարի խճողվեց հայեցի լեզվամտածողությանն ու հայոց լեզվի կառուցվածքին խորթ, դրա կուռ համակարգին կոպտորեն հարվածող, այն խարխլող շատ արտահայտություններով ու սխալախոսություններով: Դրանց տխուր «թագ ու պսակը» այսօր կարծես անհաղթահարելիորեն արմատացած-տարածված, լեզվաքանդ «կիսՎել» բառն է: Ռուսական կրթությամբ եւ շատ դեպքերում ո՛չ ռուսերենին ու ո՛չ հայերենին բավարար չափով տիրապետողներն իրենց մտքում այդպես սխալ թարգմանել ու լեզու են ներմուծել ռուսերեն բառը, որն այդ լեզվում իսկ կիսվել չի նշանակում, այլ նշանակում է մի բան կիսել:
Այս ավերիչ սխալախոսությանը «Ազգ»ում անդրադառնալու առիթներ էլի ունեցել ենք, բայց թե ուր ենք հասել՝ մեզ մեկ անգամ եւս ասաց վերջերս համացանցում պատահաբար հանդիպած, ազգաշահ լավ ու վեհ գործ ստանձնած, «Սերունդ» անունով մի կազմակերպության ֆեյսբուքյան էջի վերեւի ցավեցնող կարգախոս-կոչը: Այնտեղ կազմակերպության առաջին, ի դեպ՝ օտարատառ անվան կողքին հայերեն մեծ տառերով գրված է. «Այսօր կիսվի՛ր դու, վաղը կկիսվեն քեզ հետ, եւ կշահեն բոլորը»: Մի՜թե… Եվ մինչեւ հիմա մեր կիսվածները մի՞թե քիչ են, որ հիմա էլ ինքներս կիսվենք ու կիսենք:
Վերջերս նույն սոցիալական ցանցում իմ մի ազգագրագետ լավ բարեկամին երբ առանձին երկտողով մատնացույց արեցի իր պատահաբար թույլ տված այդ սխալ բառը, նա շնորհակալություն հայտնելով ասաց. «Տեսնո՞ւմ եք, մի անգամ գործածության մեջ մտած սխալը որքան դժվար է մտքից ու լեզվից արմատախիլ անելը»:
Այո, բայց պետք է: Լեզուն նաեւ մտածելու գործիք է: Այն գործածելուց, նրա այս կամ այն բառն ու արտահայտությունը գործածելուց առաջ եկեք նախ մտածենք:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ