Իրանի ռադիոյի եւ հեռուստատեսության հասարակության հետ կապի վարչությունից տեղեկանում ենք, որ իրանցի հեռուստադիտողների համար հեռարձակվող իրանական «Սահար» հեռուստաալիքը մտադիր էր դեկտեմբերի 11-ին եւ 12-ին Հեյդար Ալիեւի մասին վավերագրական ֆիլմ ցուցադրել: Սակայն, ֆիլմի անոնսը եթերում հայտնվելուց հետո, Բաքվում դժգոհության մեծ ալիք է բարձրանում:
Իրանական մամուլից տեղեկանում ենք, որ «Սահար» հեռուստաալիքի արխիվային տեսադարանին պահ դրված Ալիեւների ու Փաշաեւների կլանային իշխանության, մասնավորապես՝ Հեյդար Ալիեւի հակաիրանական քաղաքականության մասին պատմող տեսաֆիլմի ցուցադրումն արգելելու համար, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մեծ ջանքեր է գործադրում:
Դեկտեմբերի 11-ին, եթերազրկված վավերագրական ֆիլմի ցուցադրման ժամին, ըստ իրանական iswnews կայքի, «ԱԶԱՏ ԱՐԵՆԱ» ծրագրի հաղորդավարն ուղիղ եթերով հայտնել է, որ ԻԻՀ որոշ պաշտոնատար անձանց կողմից խորհուրդ է տրվել չցուցադրել Ֆիլմը: Պատճառների մասին «ԱԶԱՏ ԱՐԵՆԱ»-ի հաղորդավարը պարզաբանել է.
«Հեյդար Ալիեւի մասին պատմող տեսանյութի ցուցադրման լուրը տարածվելուց հետո, Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, վարչապետի գրասենյակից ու որոշ նախարարների կողմից ֆիլմը չցուցադրելու հորդորով հեռախոսազանգեր են հնչել: Մեր երկրի (Իրան) որոշ հեռատես ու խոհեմ պաշտոնյաներ նույնպես խորհուրդ տվեցին, հանուն Ադրբեջանի ժողովրդի, եւ ի շահ երկկողմ հարաբերությունների, չցուցադրել վավերագրական ֆիլմը: Եվ մենք ընդունեցինք այդ խորհուրդը»:
Շարունակելով ֆիլմի արգելափակման թեման, նույն կայքը գրում է. «Նախօրեին «Ազարի Սահար» ալիքին պատկանող յութուբյան գլխավոր էջն արգելափակվեց YouTube-ի կողմից: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Հեյդար Ալիեւի մասին ֆիլմը նախատեսված է եղել ցուցադրել նաեւ YouTube-ով: Ըստ երեւույթին, Ադրբեջանի կառավարությանը հաջողվել էր «Ազարի Սահար» ալիքին պատկանող յութուբյան էջը արգելափակելու մասին պայմանավորվածություն ձեռք բերել նաեւ YouTube-ի հետ»:
Iswnews կայքը ֆիլմի ցուցադրման հարցում Բաքվի մտահոգության պատճառների մասին գրում է. «Խնդիրն այն է, որ Հեյդար Ալիեւի մասին պատմող վավերագրական ֆիլմը, փաստավավերագրական տեղեկատվության եւ հարցազրույցների միջոցով, բացահայտում է Ալիեւների ու Փաշաեւների կլանային քաղաքականության էությունը: Ի ցույց է դրվում Ադրբեջանի նախկին նախագահ, Խորհրդային Միության Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեի Քաղբյուրոյի անդամ Հեյդար Ալիեւի ընտանիքի, նրա ազգային պատկանելության եւ քաղաքական անցյալի մասին պատմող տվյալներ: Տեսանյութում նկարագրված են այնպիսի դեպքեր, ինչպիսիք են՝ Իլհամ Ալիեւի հոր՝ 1990 թվականի հունվարի 19-20-ին Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունում կազմակերպած հայերի կոտորածների, Արցախի առաջին պատերազմի հրահրման հանգամանքների, մարդկանց ֆիզիկական ոչնչացման, Թուրքիայում Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) հիմնադրման եւ այլ դեպքերի մասին»:
Ըստ iswnews կայքի, եթերազրկված վավերագրական ֆիլմի գովազդային հոլովակի առաջին մասում ցուցադրվել է Արցախի առաջին պատերազմի օրերին Բաքվում գտնվող ԻԻՀ նախկին պատգամավոր, Իրանի Մեջլիսի արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալ Մանսուր Հաղիղաթփուրի հարցազրույցը, որը մի շարք ուշագրավ բացահայտումներ է անում Արցախի առաջին պատերազմի մասին:
Հաղիղաթփուրի տված հարցազրույցից տեղեկանում ենք Աֆղանստանից Ադրբեջան բերված 2000 մուջահիդների ռազմական գործողությունների մեջ ներգրավելու պատճառների մասին: Ըստ իրանցի պատգամավորի, ռազմական գործողություններին մուջահիդների ներգրավումը պայմանավորված էր նրանով, որ ադրբեջանցի զինվորականները ռազմադաշտից փախչում էին, քանի որ հայկական ուժերը ձայնագրում էին տանկերի դղրդյունը, եւ բեռնատարներով շարժվելիս՝ հեռարձակում ձայնագրությունը: Ազերիներն էլ վախեցած՝ փախչում էին:
Ֆիլմի մասին հրապարակված նյութերից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի Հանրապետության պետական այրերը պատրաստ են ֆիլմը չցուցադրելու համար ամեն գին վճարել, եւ Ադրբեջանի կառավարության վախն ու սարսափն այդ ֆիլմի ցուցադրման հարցում այնքան մեծ է, որ դրա ցուցադրումը թույլ չտալու համար պատրաստ են ցանկացած քայլի դիմել:
Ավելի վաղ, արտասահմանաբնակ թալիշների առաջնորդ Իսմայիլ Շաբանովը, որ ներկայումս Մոսկվայում է բնակվում, նույն կայքի հետ ունեցած հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով այդ խնդրին, ասել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը ֆիլմի ցուցադրումը թույլ չտալու համար, լուրջ պատճառներ ունի, եւ ներկայացնում դրանք.
«Ովքեր շարունակաբար թուրքասիրության ու պանթուրքիզմի կարգախոսն էին վանկարկում, պարզվում է, որ նրանք ծագումով քուրդ են, եւ՝ ոչ մահմեդական: Հայտնի է դառնում, որ նրանք գտնվում են օտար ուժերի ազդեցության տակ, ովքեր նպատակ ունեն մահմեդական պետությունների միջեւ թշնամանք առաջացնելու միջոցով տրոհել իսլամական աշխարհը: Հեյդար Ալիեւի մասին պատմող վավերագրական Ֆիլմի ցուցադրման հարցում Բաքվի իշխանությունների մտահոգության պատճառն էլ հենց դա է»:
Հաշվի առնելով Բաքվի վերջին շրջանի հակաիրանական հռետորաբանությունը, Իրանում ոչ մի կերպ չի ընկալվում «հանուն Ադրբեջանի ժողովրդի, եւ ի շահ երկկողմ հարաբերությունների» մասին հնչող արդարացումը, եւ հանրային պահանջ կա զիջումների չգնալ Ալիեւների հակաիրանական կերպարը բացահայտող վավերագրական ֆիլմի ցուցադրման հարցում:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հայր Ալիեւը ազգային ինքնության փնտրտուքներում
Օրերս, մեզ անծանոթ «Լույսի բանակ» կազմակերպության ֆեյսբուքյան էջում, նույնպես մեզ անծանոթ բլոգեր, որ ներկայանում էր Կարեն Արայան անունով, ըմբերանիչ պատասխան տվեց Իլհամ Ալիեւի հոխորտանքներին, հակահայ բարբաջանքներին: Մի բան՝ որը մեր երկրի տակը թրջած պատասխանատուներից ոչ ոք չի համարձակվում անել: Եվ իբրեւ ապացույց դեռեւս ազգային ինքնության փնտրուքների մեջ տվայտվող «ադրբեջանցի» կոչվածների՝ Կարեն Արայանը ներկայացրեց վաղուց արված մի կարճ տեսանյութ, որտեղ հայր Ալիեւը, ըստ երեւույթին՝ իր գիտնականների առաջ բարձրացնում է «Ի՞նչ անել» հարցը, որի ռուսերենից արված թարգմանությունը ներկայացնում ենք ստորեւ.
«Ճակատագիրը մեր այսպիսին էր. Ռուսաստանում մեզ անվանում էին թաթարներ, այստեղի ռուս կառավարիչները մեզ թաթար էին անվանում, փաստաթղթերում որպես թաթար էին գրանցում:
Դրանից հետո, 1918թ.-ին արդեն թուրք էին անվանում: 1918թ.-ից մինչեւ 1936թ.-ական, շուրջ 18 տարի կոչվում էինք թուրք, իսկ լեզուն՝ թուրքերեն:
1936թ.-ից մինչ օրս, արդեն 60 տարի մենք ասում ենք ադրբեջանցի եւ ադրբեջաներեն լեզու:
Հիմա ինչ անենք:
Ինչ անենք: Եթե մենք չպատասխանենք այս հարցերին՝ մենք չենք կարող օրենքներ ընդունել»: «Ազգ»