Ռազմավարական պարտավորություններից` դիվանագիտական լճացում
Հայաստանի եւ Մ. Նահանգների միջեւ պաշտպանական ոլորտի հարաբերությունները զարգացել են վերջին երկու տասնամյակների ընթացքում արձանագրելով երբեմն առավել ակտիվ, երբեմն էլ առավել պասիվ պարտավորություններ: Մինչ 2000-ական թվականներին նկատվում էր հիմնականում բարձրաստիճան հանդիպումների եւ շոշափելի ռազմական համագործակցության ակտիվացում, վերջին շրջանում, հատկապես ներկայիս ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պաշտոնավարության ներքո, դրանք նվազ արդյունավետ են դարձել` առաջացնելով հարցեր երկկողմ հարաբերությունների ուղղվածության եւ խորության վերաբերյալ:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վերջերս երրորդ անգամ այցելեց Մ. Նահանգներ: Հոկտեմբերի 12-ի այցելությունը առաջինն էր Թրամփի վարչակազմի օրոք: Բարձրաստիճան հանդիպումներ չկայացան: Ոչ էլ տեսակցություն` մասնավորապես ԱՄՆ պատերազմի քարտուղար Պիտ Հեգսեթի հետ: Պապիկյանի միակ պաշտոնական հանդիպումը տեղի ունեցավ Պենտագոնում պատերազմի քաղաքականության փոխքարտուղար Էլբրիջ Կոլբի հետ: Կոնկրետ արդյունքներ չհրապարակվեցին: Հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը սովորաբար ընթանում է գոյություն ունեցող ծրագրերի շրջանակներում: Այդ շրջագայության միակ արդյունքը Հայաստանի զինվորական համազգեստի փոփոխությունն էր: Պապիկյանը Վաշինգտոնում հանդիպել էր զինվորական համազգեստներ նախագծող եւ բարեփոխություններ իրականացնող «Միլլիքեն» ամերիկյան ընկերության ղեկավարության հետ:
Հայաստանի ներկա իշխանությունների համար Մ. Նահանգների Հանրապետական վարչակազմի հետ արդյունավետ հարաբերություններ հաստատելը կարծես մարտահրավեր լինի: Դրա հնարավոր բացատրությունն այն է, որ 2024-ի դեկտեմբերի 5-ին, Բայդենի վարչակազմի վերջին օրերին Պապիկյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լոյդ Օստինի հետ: Այդ հանդիպումը կայացավ Պենտագոնում բարի գալստյան պաշտոնական արարողությամբ, որից հետո Օստինն իր ելույթում շեշտեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի այցի պատմական նշանակությունը:
Չնայած Մ. Նահանգների Դեմոկրատական վարչակազմը 2018-ից ի վեր հավելյալ հետաքրքրություն էր ցուցաբերել Հայաստանի եւ ընդհանրապես տարածաշրջանի նկատմամբ, երկու պետությունների պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների միջեւ բարձրաստիճան հանդիպումներ չէին կայացել, եւ հանդիպումը նշանակալի էր, որովհետեւ տեղի էր ունենում Թրամփի իշխանության ղեկը ստանձնելուց մոտ 40 օր առաջ: Չկային Հայաստանի կողմից ԱՄՆ-ին ներկայացված համագործակցության որոշակի կարեւոր ծրագրեր: Օրակարգում ընդամենը Հայաստանին ամերիկյան օգնություն ցուցաբերելու հարցերն էին: Հանդիպումը պատմական էր այն իմաստով, որ լրացնում էր երկու տասնամյակ տեւած բարձրաստիճան հանդիպումների բացթողումը, սակայն կոնկրետ արդյունքների կամ առաջարկների չգոյությունը հարցեր էր առաջացնում դրա հետեւանքների եւ ընդհանրապես Հայաստանի շահերի նպատակահարմարության վերաբերյալ:
Մի քանի տարի առաջ, ավելի կոնկրետ՝ 2022-ի սեպտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱՄՆ էր մեկնել հանդիպելու առաջին անգամ պաշտպանության քաղաքականության փոխքարտուղար Կոլին Կահի հետ: Այցելության նպատակը, կարծես, կրթական եւ վերլուծական ոլորտի համագործակցությունն էր, քանի որ երեք հանդիպում տեղի ունեցավ կրթական հաստատություններում, որոնց թվում էին Կանզասի վերապատրաստման կենտրոնը, Ազգային գվարդիան եւ Վաշինգտոնի համալսարանը:
Եթե առավել լայն իմաստով վերլուծենք ԱՄՆ-Հայաստան բարձրաստիճան պաշտպանական հարաբերությունների կոնտեքստը, կտեսնենք, որ Պապիկյանի այցելությունները նվազ արդյունավետ են եղել, քան իրեն նախորդած Հայաստանի մյուս պաշտպանության նախարարների այցելությունները: Ընդհանուր առմամբ, 1990-ականներն ու 2000-ականները ռազմական համագործակցության ամենաակտիվ ժամանակաշրջաններն են եղել: Մինչ դա, անկասկած ժամանակի պատմական, քաղաքական եւ անվտանգության դինամիկայի ներգործության արդյունք էր, դա նաեւ կրիտիկական պահ էր, հանուն մեր երկրի շահերի, կապիտալի վերածելու ընձեռված մարտավարական հնարավորությունները:
Ինչպես ստորեւ կշարադրենք, այդ տարիներին բազմաթիվ բարձրաստիճան հանդիպումներ են տեղի ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարների եւ Ամերիկայի պաշտպանության քարտուղարների միջեւ: Ավելին, այդ ժամանակ նույնիսկ համագործակցության նոր ոլորտներ են ստեղծվել, որոնցից շատերն այսօր էլ շարունակվում են գործել:
1994-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ԱՄՆ այցելության ժամանակ, իրեն ուղեկցող ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը բարձրաստիճան հանդիպում ունեցավ իր գործընկեր ԱՄՆ պաշտպանության քարտուղար Ուիլյամ Պերրիի հետ: Երկու կողմերը Պենտագոնում ստորագրեցին ռազմական համագործակցության հուշագիր, որն էապես կարեւոր էր ԱՄՆ-Հայաստան պաշտպանական հարաբերությունների համար: Հուշագիրը աննախադեպ էր, քանի որ նման փաստաթուղթ դեռեւս չէր ստորագրվել նախկին Խորհրդային Միության հանրապետություններից որեւէ մեկի հետ:
Սա հատկանշական է, քանի որ այդ ժամանակ Հայաստանը պատերազմի մեջ էր եւ ակնկալվում էր, որ նման համաձայնագիր էլ կկնքվի Ադրբեջանի հետ: Բայց այդպիսի բան տեղի չունեցավ:
Հետո, նախագահ Քոչարյանի վարչակազմի ներքո, 21-րդ դարի առաջին հանդիպումը կայացավ, եւ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը 2000 թվականի հուլիսի 24-ին Վաշինգտոնում հանդիպեց Մ. Նահանգների պաշտպանության քարտուղար Ուիլյամ Քոհենի հետ: Հանդիպման ընթացքում Սարգսյանն ու Քոհենը ստորագրեցին զանգվածային ոչնչացման զենքերի տարածումը կանխելու մի պայմանագիր, որով նախատեսվում էր նաեւ 300,000 դոլար հատկացնել Հայաստանին` սպառազինության եւ վերապատրաստման ծախսերի համար: Դա նշանակալի այցելություն էր եւ կարեւոր քայլ հետխորհրդային ժամանակահատվածում խորացնելու հարաբերությունները Հայաստանի եւ Մ. Նահանգների միջեւ:
Երկու տարի անց, 2002-ի մարտի 20-ին պաշտպանության նախարար Սարգսյանը երկրորդ անգամ մեկնեց Վաշինգտոն, եւ այս անգամ Պենտագոնում հանդիպեց ԱՄՆ պաշտպանության քարտուղար Դոնալդ Ռամսֆելդի հետ, որը մեկ տարի առաջ (2001-ին) Հայաստան էր այցելել: Այսպիսով, Սարգսյանը Ռամսֆելդի հետ իր երկրորդ հանդիպումը համարում էր «ԱՄՆ-Հայաստան ռազմավարական խորհրդակցությունների մեկնարկը»: Ռամսֆելդը Հայաստանին շնորհակալություն հայտնեց ահաբեկչության դեմ պայքարին աջակցելու համար:
Պաշտպանության քարտուղարի հետ հանդիպումից բացի, մի շարք այլ բարձրաստիճան հանդիպումներ եւս կազմակերպվեցին Սարգսյանի համար, ներառյալ ԱՄՆ պաշտպանության փոխքարտուղար Պոլվուլֆովիցի հետ: Բանակցությունները բավական արդյունավետ էին: 2002-ին հիմնվեց Հայաստանի պաշտպանության նախարարության ականազերծման մարդասիրական կենտրոնը, իսկ 2003-ին Կանզաս նահանգն ու Հայաստանը միացան իրար «Ազգային գվարդիայի բյուրոյի պետական գործընկերության ծրագրի» շրջանակներում, դյուրացնելով համագործակցությունը Կանզասի Ազգային գվարդիայի եւ Հայաստանի կառավարական մարմինների (պաշտպանության, առողջապահության նախարարությունների, փրկարար ծառայությունների, եւայլն) հետ:
Սարգսյանի Ամերիկա այցելությունից ընդամենը մեկ ամիս անց հայաստանյան պաշտոնյաների մեկ այլ այցելություն եւս կազմակերպվեց: 2004 թվի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 5-ը ՀՀ ՊՆ առաջին տեղակալ եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը (որ հետագայում` 2007-08 թթ. դարձավ պաշտպանության նախարար) Մ. Նահանգնրում էր եւ հանդիպումներ էր ունեցել Վաշինգտոնում, այցելել էր Ֆլորիդայի կենտրոնական հրամանատարության եւ Կանզասի Ազգային գվարդիայի կառույցները: Կազմակերպվել էին նաեւ հանդիպումներ Ամերիկայի ռազմական ղեկավարության գրեթե բոլոր անդամների` ներառյալ շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Ռաբների եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Նման այցելությունները է՛լ ավելի ամրապնդեցին Հայաստանի ստանձնած պարտավորությունները սերտացնելու ռազմավարական կապերը Մ. Նահանգների հետ:
Ուղիղ մեկ տարի անց մեկ այլ այցելություն կազմակերպվեց: 2005-ի հոկտեմբերին Սարգսյանը առանձին հանդիպումներ ունեցավ ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդատու Սթիվն Հեդլեյի եւ պետքարտուղար Դոնալդ Ռամսֆելդի հետ: Ռամսֆելդը Հայ-ամերիկյան ռազմական հարաբերությունների զարգացման հեռանկարները գնահատեց «շատ լավ» եւ Սարգսյանի այցն էլ «դրական» որակեց: Նա նաեւ շեշտեց, որ բարձր է գնահատում հայ-ամերիկյան հարաբերությունները, ավելացնելով, որ «այցելության ժամանակ կայացած միջոցառումները փաստացի վկայությունն են այդ հարաբերությունների»: «Մենք իրավունք չունենք բաց թողնելու բանակը վերակազմավորելու այս լավ առիթը», եզրակացրեց նա:
Հաջորդ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը պաշտոնական այցելություններ չկատարեց, քանի որ ընդամենը մեկ տարի մնաց այդ պաշտոնում: Բայց նա այցելել էր ԱՄՆ որպես ՊՆ առաջին տեղակալ եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, ինչպես նշվեց վերեւում:
Նրան հաջորդած Սեյրան Օհանյանը շարունակեց բարձրաստիճան հանդիպումների ավանդույթը Սարգսյանի իշխանության ներքո: 2012-ի մարտին ՀՀ ՊՆ Օհանյանը պաշտոնական այցով մեկնեց ԱՄՆ, որտեղ հանդիպեց իր գործընկերոջը` Լեոն Պանետտային: Վերջինս իր երախտագիտությունը հայտնեց այն բանի համար, որ Հայաստանն իր մասնակցությունն է բերում Կոսովոյում եւ ԱՖղանստանում ՆԱՏՕ-ի տարած առաքելություններին: Օհանյանը նաեւ հանդիպեց ԿՀՎ-ի տնօրեն Դեյվիդ Հ. Պետրեուսի, պետքարտուղարի տեղակալներ Ֆիլիպ Գորդոնի եւ Էնդրու Շապիրոյի հետ: ՀՀ պաշտպանության նախարարը այդպիսով կարողացավ պահպանել ԱՄՆ-ի իր գործընկերների հետ հանդիպումների ավանդույթը:
Հակառակ, որ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ է ստորագրված, Հայաստանի եւ Մ. Նահանգների միջեւ պաշտպանության ոլորտում հարաբերությունները չեն խորանում: Ավելին, Թրամփի վարչակազմի ներկա ընթցաքում Հայաստանին (ներառյալ անվտանգության ոլորտին) հատկացվող օգնությունը նվազել է: Բարձրաստիճան հանդիպումները նշանակում են, որ օրակարգում կարեւոր հարցեր կան քննարկելու: Հակառակ, որ տարածաշրջանում շուտով կմեկնարկի Թրամփի ուղի (TRIPP) կոչված ծրագիրը, ռազմական համագործակցությունը երկու պետությունների միջեւ առաջ չի գնում եւ նոր ծրագրեր չեն իրագործվում:
ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ
Անգլ. բնագրից թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)





