Թանկացումներից մինչեւ դեֆիցիտ,Հայաստան դեղ ներկրող մի քանի խոշոր ընկերություններ զգուշացնում են՝ առաջիկա ամիսներին շուկայում լուրջ խնդիրներ են ի հայտ գալու:
2020թ. հոկտեմբերի 3-ին Կառավարության որոշմամբ՝ Հայաստանում թույլատրվեց չգրանցված դեղերի ներկրումը՝ զուգահեռ ներմուծմամբ, որի նպատակն էր համավարակի պայմաններում բնակչությանն ապահովել անհրաժեշտ դեղորայքով: Այս որոշմամբ Հայաստան ներկրվեցին նաեւ կորոնավիրուսի բուժման հետ կապ չունեցող այլ՝ մոտ 2000 չգրանցված դեղեր:
2021թ. դեկտեմբերի 31-ը չգրանցված դեղեր ներկրելու վերջնաժամկետն էր, հունվարի 1-ից շուկայում խաղի կանոնները փոխվել են:Կառավարությունն այլեւս թույլ չի տալիս ներկրել դեղեր, որոնք Հայաստանում գրանցված չեն:
«Չգրանցված դեղերի ներկրման թույլտվությունը երկարացնելու որոշումը կարող է ունենալ ինչպես տնտեսական հետեւանքներ, այդպես էլ ռիսկեր առաջացնել մեր բնակչության առողջության համար: Չգրանցված դեղերը, անվտանգության եւ որակի խնդիր ունեն»,- նշում է «Ացինո Ֆարմա ԷյՋի» ընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Մ. Թովմասյանը:
Ներկրող ընկերություններից մեկի տնօրեն Վահե Վարսանյանի պնդմամբ անվտանգության հարցն անընդհատ շահարկվում է, որպեսզի դադարեցնեն մրցակցային եւ օպտիմալ գներով դեղերի ներկրումը:
«Երկու տարին, որ ներկրել ենք, որեւէ խնդիր չի եղել, որովհետեւ բերում ենք տեղափոխման նույն պայմաններով, այն` ինչը բերում էինք ուղիղ ներկրումների ժամանակ, նույն իրավատերերից: Բացի դրանից, դեղգործակալությունը վերահսկում է, այսինքն` բոլոր փորձաքննություններն իրականացնում են, իրենք էլ հավաստագիր են տվել, որեւէ դեպք չկա, որ նախարարությունը ներմուծման հավաստագիր տված չի լինի, ու որեւէ խնդիր լինի», – պնդում է Վարսանյանը:
Նախկինում դեղերի 60%-ը բաժին էր հասնում 3 կազմակերպության, իսկ զուգահեռ ներմուծման շնորհիվ նվազել է շուկայի կենտրոնացվածությունը, քանի որ եթե մինչեւ վերոնշյալ որոշումը ներմուծողները 5-6-ն էին, ապա 1,5 տարվա ընթացքում նրանց թիվը հասել է 15-ի: Գների նվազումը շուկայի ապակենտրոնացման եւ մրցակցության արդյունք է:
Շատ հաճախ դեղերը բերվել են նաեւ անմիջապես արտադրողից, ինչը շատ ավելի մատչելի է գնային առումով: Իսկ այդ գործընթացն անընդհատ է, արտադրողն ինքն է իջեցնում գները:
Մի շարք ներմուծողներ նշում են, որ որ զուգահեռ ներմուծման շնորհիվ փոխվել է գնային քաղաքականությունը. տեղի է ունեցել դեղերի գների իջեցում, սակայն եթե համեմատենք շատ զուգահեռ ներկրվող դեղերի գները Ռուսաստանում, Հայաստանում գործող մեծածախ գների հետ, կտեսնենք, որ շատ դեպքերում մեծածախ վերադիրը կազմում է 30-170 %, այսինքն՝ գինը տարբերվում է մինչեւ 3 անգամ, դեղերի գները բնակչության համար նվազել են շատ ավելի փոքր չափով, քան այն գինը, որով դեղը ներկրվում է երկիր, այսինքն՝ ավելի շատ շահում է ներկրողը, քան հիվանդը:
Դեղ ներկրողների պնդումներն ու առաջարկները նախարարությունում չեն կիսում: Կառավարությունը մտադիր է զուգահեռ ներմուծման կարգավորումները պարզեցնել, բայց միայն Հայաստանում գրանցված դեղերի դեպքում:
Ինչպես է պետք պաշտպանել՝ ե՛ւ սպառողների, ե՛ւ ներկրողների շահերը, հարցը դեռեւս օդում կախված է մնում:
ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ