Երեքշաբթի, Հունիսի 17, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գրեգորի Վ. Դիլ. Ամերիկացի կալավանցին

Արծվի Բախչինյան
13/06/2025
- 13 հունիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
37
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐԵՎԱՆ-ԿԱԼԱՎԱՆ, Գեղարքունիքի մարզ – Ամերիկացի գրող Գրեգորի Վ. Դիլը (ծնվ. 1988 թ.) իրեն անվանում է «խաղի կանոններ փոխող, խնամող, ելքեր գտնող, դասախոսող, ունկնդրող, «հետապնդող» եւ վաճառող»: Հասակ է առել Քալիֆորնիայում եւ դեռ պատանի՝ հեռացել տնից՝ աշխարհով մեկ ճանապարհորդելու համար: 30 տարեկանում արդեն ապրել եւ աշխատել էր աշխարհի ավելի քան 50 երկրներում: 2019 թվականից բնակվում է Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղում: Այս տարիների ընթացքում ձեռք բերած բազմամշակութային փորձը Դիլը կիրառում է «Կալավանի հանգստի կենտրոն» կրթական հասարակական կազմակերպության ղեկավարման մեջ, որի առաքելությունն է անձնական աճի, քննադատական մտածողության եւ մտավոր ազատության ձգտման խթանումը: Կենտրոնը դարձել է միջազգային հանգույց նրանց համար, ովքեր փնտրում են կրթության եւ հասարակության ավանդական համակարգից դուրս այլընտրանքային ուղիներ:

Գրեգորին հեղինակել է հետեւյալ գրքերը՝ «Ճամփորդությունը որպես վերափոխում» (2016), «Բրենդային ինքնության ճեղքում» (2016), «Ազդեցիկ հեղինակը» (2018), «Հերոսական եւ բացառիկ փոքրամասնություն» (2021),  «Ամեն ոք ձեռներեց է» (2022), «Մեր համաշխարհային համընդհանուր լեզուն» (2023) եւ «Ռոմանտիկ իդեալը. ռոմանտիկայի բարձրագույն չափանիշը տղամարդու համար» (2024):

Գրեգորի Դիլի հետ զրույց վարելու ցանկությունս ծնվեց նրա «Ամեն ոք ձեռներեց է» գրքի հայերեն թարգմանությունը կարդալուց հետո (թարգմանիչ՝ Տաթեւ Սահակյան):

–Գրե՛գորի, ձեր գիրքը կարելի է անվանել կրթական-մոտիվացիոն գրականության նմուշ: Սակայն գիտենք, որ նման գրքերի հեղինակները հաճախ կյանքում չեն հասել այն նվաճումներին, որոնց մասին գրել են: «Մտածի՛ր եւ հարստացի՛ր. այս գիրքը քեզ կարող է միլիոնատեր դարձնել»  հատորի հեղինակ Նապոլեոն Հիլը միլիոնատեր չի եղել, «Ինչպես ձեռք բերել բարեկամները» գրքի հեղինակ Դեյլ Քարնեգին չի ունեցել բարեկամներ, «Սով պահելու հրաշքը» գրած, առողջ սնվելու ջատագով Փոլ Բրեգը մահացել է 81 տարեկանում, այն դեպքում, երբ առողջ չսնվող շատերն անցել են այդ տարիքը, դե իսկ «Թողե՛ք մահանալու սովորությունը» գրքի հեղինակ Լեոնարդ Օրրը մահացավ վեց տարի առաջ: Իսկ դուք՝ «Ամեն ոք ձեռներեց է» գրքի հեղինակդ, հաջողակ ձեռներե՞ց եք:

-Պատասխանը կախված է նրանից, թե ինչ նկատի ունեք «հաջողակ» եւ «ձեռներեց» ասելով: Իմ գրքում ես ձեռներեցությունը ներկայացնում եմ որպես համընդհանուր մտածելակերպ, թե ինչպես են մարդիկ կիրառում իրենց գիտելիքները, հմտությունները, գործիքներն ու ռեսուրսները՝ հասնելու իրենց արժեւորած բաներին: Եվ նրանք գործում են ավելի ու ավելի արդյունավետորեն ինչպես իրենց սովորելու, այնպես էլ տեխնոլոգիական առաջընթացի եւ տնտեսության զարգացման շնորհիվ, ինչը նրանց տալիս է ավելի մեծ ազատություն ու հնարավորություններ՝ առանց սահմանափակման կամ միջամտության: Մենք Արեւմուտքում մեծացել ենք այնպիսի մշակույթում, որը խրախուսում է նման մտածելակերպն ու գործունեությունը: Իսկ այստեղ՝ հետխորհրդային աշխարհում, մարդիկ դեռ փորձում են հաղթահարել կոմունիստական մտածողության ժառանգությունը: Ուստի, ձեր հարցին պատասխանում եմ՝ այո՛, ես հաջողությամբ կիրառում եմ ձեռներեցության տնտեսական սկզբունքները՝ կյանքի կոչելով այն, ինչը համարում եմ արժեքավոր, ինչը ներառում է (բայց սոսկ չի սահմանափակվում) գումար վաստակելը: Եվ հենց այդ բանն էլ փորձում եմ փոխանցել հրաշալի եւ հավակնոտ հայ երիտասարդներին:

–Ձեր գրքում ներկայացրել եք այն կարծրատիպերը եւ վախերը, որ ունեն հետխորհրդային Հայաստանի բնակիչները ձեռներեցության հանդեպ: Ի թիվս այլ բաների, կա մտայնություն, թե իբր ձեռներեց ծնվում են, դա պետք է մարդու արյան մեջ լինի: Այս գրքով փորձում եք համոզել, որ ամեն մարդ ոչ թե կարող է լինել ձեռներեց, այլ հե՛նց ձեռներեց է եւ որ ձեռներեցությունը ոչ թե կոչում է, այլ աշխարհայացք…

-Հայերին ամերիկացիների եւ այլ արեւմտյան ժողովուրդների պես ձեռներեց լինելուց զրկող միակ խոչընդոտը նրանց սահմանափակող եւ ամոթի վրա հիմնված մշակույթն է, որը խիստ դժվարացնում է ինքնուրույն մտածելն ու տարածված խնդիրների համար նոր եւ ինքնատիպ լուծումներ փորձելն ու կիրառելը: Այստեղի մթնոլորտը նման է 1950-ականներին, կարծես հետ՝ դեպի անցյալն եմ գնում: Ձեռներեցության էությունը գործեր կատարելու համար առավել արդյունավետ եղանակներ փորձարկելու մեջ է, որի հատուցումն էլ դրամական շահույթն է: Սակայն այստեղի ճնշող մշակութային պայմաններում մարդ պետք է ունենա բացառիկ ինքնավստահություն եւ նախաձեռնողականություն ՝ ընդդիմանալու հոսանքին տրվելու այն մտածելակերպին, որն ընդունված է հայերի 99 տոկոսի մեջ եւ որը սոցիալական մակարդակով սպանում է անհատականությունը:

–Շատ լավ, բայց միայն հետխորհրդային իրականության մեջ չէ, որ սոսկ մտավոր կամ գեղարվեստական գործունեությամբ զբաղվող մարդն ուղղակի անզորանում է՝ չկարողանալով վաճառել իր ծառայությունները եւ ստեղծագործությունը: Դրա համար գոյություն ունի մենեջերի, իմպրեսարիոյի ինստիտուտը, որը չկար խորհրդային ժամանակներում…

-Ձեռներեցության մեջ ղեկավարներն ու ներդրողներն ունեն կենսական դեր: Նրանք կիրառում են իրենց գիտելիքները, հմտությունները եւ ռեսուրսները (որոնցից մեկը ֆինանսական կապիտալն է)՝ խնդիրներ լուծելու եւ մարդկությանն ավելի բարձր արժեք առաջարկելու համար: Արվեստագետներն ու մտավորականները կարիք ունեն նման մարդկանց, քանի որ վերջիններս լրացնող արժեք են ստեղծում՝ նոր գաղափարներն աշխարհ բերելով շուկային հարմար եւ մատչելի ձեւով:

–Իսկ ձեռներեցային աշխարհայացք ձեւավորելու համար մի՞թե պետք չէ տնտեսագիտության տեսության հիմնարար սկզբունքների քաջիմացությունը: Ելնելով գրքիցդ՝ պիտի որ ինքդ էլ դրանցից քաջատեղյակ լինես:

-Այո, իհարկե: Արեւմուտքում մեծանալով՝ մենք համարում ենք, որ այդ հիմնարար տնտեսական գիտելիքը մեր մշակույթի անբաժան ու չարտահայտված մասն է: Հաճախ եմ ասել, որ Հայաստանում ապրելը երբեմն նման է ապրելու մի հասարակության մեջ, որը երբեք անիվ չի հայտնագործել եւ չի հասկանում, թե ինչու նման պարզ մեխանիզմը կարող է իր համար արժեքավոր լինել: Այնպիսի տարրական գաղափարներ, ինչպիսիք են առաջարկն ու պահանջարկը, հասկանալի են միջին մտավոր կարողություն ունեցող յուրաքանչյուր անձի համար: Սակայն եթե այդ գիտելիքը մշակույթում լայն տարածում չունի, ապա միայն քչերն են միտումնավոր կերպով փորձում ուսումնասիրել եւ կիրառել այն: «Ամեն ոք ձեռներեց է» գրքի հիմնական նպատակներից մեկը հենց այդ հիմնարար գիտելիքը Հայաստանում տարածելն է: Եվ հենց դրա համար էլ ես այն թարգմանել տվեցի հայերեն:

–Համաձայն եմ, որ «Ժամանակակից շատ հայեր իրենց ազգային մտածողությունը համարում են դեպրեսիվ, զոհի եւ ձախորդի հոգեբանություն: Իրականում ես երբեք չեմ եղել մի երկրում, որտեղ այդքան շատ խելացի եւ գործունյա մարդիկ կան, որոնք, սակայն, հրաժարվում են հավակնություններ սահմանելուց եւ իրենց գիտելիքներն ու հմտությունները նորարարության մեջ կիրառելուց»: Եվ ինչպե՞ս կարելի է հնարավորինս արագ ձերբազատվել այդ, ձեր բնորոշած, «հետխորհրդային ինքնապարտվողական սինդրոմից»:

-Մշակույթը միշտ էլ դանդաղ է փոխվում, քանի որ այն մարդկանց մտածողությունների ու սովորույթների միաձուլում է, որն ամրապնդվում է հասարակության կողմից: Հայերն ունեն մի բավական վտանգավոր գիծ՝ ամոթով պատժել եւ խարանել նրանց, ովքեր խախտում են ավանդական եւ վաղուց հնացած մշակութային նորմերը, նույնիսկ երբ այդ նորմերն ակնհայտորեն խնդիրներ են ստեղծում իրենց կյանքում եւ խանգարում են վայելել ժամանակակից աշխարհի բարիքները: Ես հասկացել եմ, որ շատ ավելի հեշտ եւ արդյունավետ է ուղղակի կենդանի օրինակով ցույց տալ այն սկզբունքները, որոնք պաշտպանում ես, քան նստել ու փորձել մարդկանց կրթել՝ իրենց կամքին հակառակ: Ես կարող եմ ամբողջ օրը սթափ եւ ամբողջական կերպով բացատրել, թե ինչպես են տնտեսագիտությունն ու ձեռներեցությունը նպաստում համընդհանուրի կյանքի բարելավմանը, բայց մարդ դրան ուշադրություն չի դարձնի, եթե դա իր կամ իր հարազատների կյանքում տեսանելի ու անժխտելի չդառնա: Հենց այդ ժամանակ մարդիկ կսկսեն նորից հավատալ, որ կարող են իրենց կյանքն ինքնուրույն ուղղորդել:

–Գրում եք, որ կան «ձեռներեցության վերաբերյալ տարբեր ուղեցույցներ, սակայն դրանք չեն ծառայում իրենց նպատակին, որովհետեւ չկան ձեռնարկատիրական գործունեության իրական նախադրյալներ, հատկապես՝ իդեալներ»: Սակայն ձեր գիրքը կարծես առնվազն մեկ անգամ ծառայել է իր նպատակին, որը կարդալով՝ Կալավանի բնակիչներից մեկը հիմնել է գյուղի առաջին խանութը: Կա՞ն այլ դրական օրինակներ:

-Բացի հայերին ձեռներեց լինել սովորեցնելուց, ես ուզում եմ նաև սովորեցնել այն արևմուտքցիներին, որոնք կարծում են, թե արդեն լավ գլուխ են հանում այդ սկզբունքներից (որոնք աշխարհում դեռ բացակայում են շատ տեղերում) եւ թե ինչպես փոխանցել դրանք այն մարդկանց, ովքեր ամենաշատը դրանց կարիքն ունեն: Շատ արեւմուտքցի ընթերցողներ, որոնք համալսարանում ուսանել են տնտեսագիտություն եւ ձեռներեցություն, ասել են, որ իմ գրքից ավելի շատ գործնական գիտելիքներ են ձեռք բերել, քան չորս կամ ավելի տարվա ուսումից: Այն օգնում է բացատրել համաշխարհային աղքատության ու տնտեսական սահմանափակումների ծավալներն ու պատճառները մատչելի կերպով, այնպես որ յուրաքանչյուրը կարող է սկսել գործել՝ անկախ մշակույթից կամ միջավայրից:

–Գրում եք նաեւ, որ միայն Առաջին աշխարհամարտի ժամանակ Քալիֆորնիայում ապաստանած հայ տատիկի շնորհիվ է, որ ի սկզբանե որոշել եք ուսումնասիրել հայոց պատմությունը, այցելել Հայաստան, քաղաքացիություն ստանալ ձեր գերդաստանի պատմական հայրենիքում եւ ի վերջո հաստատվել այստեղ: Պատմե՛ք, խնդրեմ, ձեր տատիկի եւ ընտանիքում առկա հայկական ավանդույթների մասին:

-Տատիկս՝ Մարիամ Գյոքճյանը, ծագումով Կիլիկիայից էր եւ փոքր տարիքում փախել է Ցեղասպանությունից: Իրականում ես մեծացել եմ առանց արտահայտված հայկական ինքնության զգացողության եւ կարծում եմ, որ հենց այդ հանգամանքն է ինձ թույլ տալիս ավելի առարկայական լինել Հայաստանի մշակութային ուժեղ ու թույլ կողմերը գնահատելիս : Նույնիսկ իմ կես հայ մայրիկը երբեք չի եղել Հայաստանում, թեեւ երբեմն տանը հայկական ուտեստներ էինք պատրաստում կամ այցելում Լոս Անջելեսի Փոքրիկ Հայաստան թաղամասը: Ես ավելի շատ հետաքրքրված եմ մարդկությանը օգնելու գաղափարով, քան որեւէ կոնկրետ ազգի կամ մշակույթի: Ես ինձ նույնացնում եմ առաքինության, մտքի, ձգտման ու հետաքրքրասիրության հետ՝ անկախ այն բանից, թե մարդիկ ո՛ր երկրից են, ինչպե՛ս են հագնվում կամ ի՛նչ են ուտում:

–Գրել եք, որ չեք ուզի կյանքի մնացած տասնամյակներն անցկացնել նույն թեմայով գրքեր հրատարակելով: Ի՞նչ թեմայով կուզեք գրել ապագայում: Միգուցե անցնեք գեղարվեստակա՞ն գրականության:

-Որպես հեղինակ ես ընտրել եմ ոչ այնքան սովորական ուղի՝ գրելով տարբեր թեմաներով, այլ ոչ թե կենտրոնանալով միայն մեկ նեղ ոլորտի վրա: Սակայն իմ բոլոր աշխատանքներում կան ընդհանրական թեմաներ ու գծեր, ինչպիսին է ինքնարտահայտման եւ ինքնաիրացման հնարավորության ընձեռումը: Ներկայումս աշխատում եմ երեք նոր գրքի վրա: Մեկը նվիրված է ինքնասպանության մտքերից ազատվելուն, որոնք պայմանավորված են գաղափարական պատճառներին, օրինակ՝ աշխարհում տեղ չգտնելու զգացողությանը: Մյուսը վերաբերում է «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարին եւ այն հարցին, թե ինչպես են բարի մարդիկ դառնում չար: Իսկ երրորդն իմ առաջին գեղարվեստական գործն է՝ գիտաֆանտաստիկ մի վեպ, որը կքննարկի Ֆերմիի պարադոքսը եւ բարձր զարգացած կյանքի ու գիտակցության իրատեսական բնույթը տիեզերքի մասշտաբով:

–Շնորհակալությո՛ւն պատասխանների համար, Գրե՛գորի: Հուսով եմ, որ Կալավանը եւ հայկական այլ բնակավայրեր կբարգավաճեն նաեւ ձեզ նման անհատների շնորհիվ: Եվ մաղթում եմ, որ ձեր օրինակը ոգեշնչող լինի Հայաստանը հեռվից սիրող միլիոնավոր հայերի համար:

-Խնդրե՛մ: Ես միշտ պատրաստ եմ համագործակցել Հայաստանի այն մարդկանց հետ, որոնց հետ նույն արժեքներն ունեմ:

Գրեգորի Վ. Դիլի եւ նրա նախագծերի մասին ավելին իմանալու համար այցելեք՝

https://www.kalavan.net
https://gregorydiehl.net
https://www.facebook.com/gregoryvdiehl
https://www.youtube.com/@Kalavan–Retreat–Center

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խոստովանություններ արվեստի եւ գրականության մասին

Հաջորդ գրառումը

Դոկտ. Հաքիմ էլ-Ռոստոմը հայերի համակերպվածության մասին

Համանման Հոդվածներ

13 հունիսի, 2025

Հայ եկեղեցին՝ մեր հոգու ծննդավայրը

13/06/2025
13 հունիսի, 2025

Ինչո՞վ եք զբաղված

13/06/2025
13 հունիսի, 2025

Ափսոս, Պրն. Վարչապետ

13/06/2025
13 հունիսի, 2025

Թեհրանը սկսեց հրապարակել Իսրայելի ատոմային գործունեությանը վերաբերող գաղտնի փաստաթղթեր

13/06/2025
Հաջորդ գրառումը

Դոկտ. Հաքիմ էլ-Ռոստոմը հայերի համակերպվածության մասին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե այս ամենը շարունակվի, հրեաներն աստիճանաբար կոչնչացնեն Իրանի տնտեսության ողնաշարը կազմող նավթային համակարգը

17/06/2025

Ռազմական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանը գրում է. Միջին հեռավորության իրանական բալիստիկ - 50 հրթիռ առաջին օրը, - 40 հրթիռ երկրորդ...

ԿարդալDetails

Իսրայելական զինուժը սպանել է Իրանի զինված ուժերի գլխավոր հրամանատարին

17/06/2025

Հայկ Սարգսյանը ևս դեմ քվեարկեց գումարի դիմաց բանակից ազատվելու իր հեղինակային նախագծին

17/06/2025

Ուղիղ. ԱԺ վերջին քառօրյան՝ ամառային արձակուրդից առաջ

17/06/2025

Մենք մեր հարկերով վճարում ենք «Կրթվելը նորաձև է» քողարկված քաղաքական աղանդավորական հոգեորսության համար. քաղաքագետ

17/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական