Հայաստանում Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակներում ապրիլի 21-ին ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի «Բարձր տեխնոլոգիական տնտեսության ձեւավորման ու զարգացման հեռանկարները ՀՀ-ում» գիտական թեմայի ղեկավար, տնտեսագիտության թեկնածու Սվետլանա Դալլաքյանի հեղինակած «Инновационная экономика РА: перспекивы, возможности, тенденции» (2022թ.) մենագրության շնորհանդեսը:
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Ռուսաստանի Գ. Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի Երեւանի մասնաճյուղի, Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի, «BDO Armenia» ՓԲԸ-ի, Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի, Հայկական էներգետիկական ակադեմիայի ներկայացուցիչներ, տնտեսագետ հետազոտողներ եւ այլ մասնագետներ:
Հեղինակը ներկայացրեց իր դիտարկումները պայմանավորված ՀՀ տնտեսության նորարարական զարգացման եւ մրցունակության տեսական հիմքերին ու առանձնահատկություններին, գիտելիքի եւ նորարարությունների համատեքստում ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացման արդիականությանն ու ներուժին, կլաստերացմանը՝ որպես նորարարական տնտեսության մրցունակության գործիքի, ՀՀ նորարարության ոլորտում փոքր եւ միջին բիզնեսի զարգացման հիմնական խնդիրներին ու հեռանկարներին:
Ս. Դալլաքյանը խոսեց նաեւ իր կողմից կատարված վերլուծական աշխատանքի մասին: Այն իրականացվել է վիճակագրական տվյալների վերլուծության հիման վրա:
Հեղինակը ներկայացրեց «Ճապոնական տնտեսական հրաշքի» փիլիսոփայությունը, սկզբունքային մոտեցումները եւ Հայաստանի տնտեսական հեղափոխությանը ծառայեցնելու ուղիները:
Տեղի ունեցավ կարծիքների եւ մտքերի փոխանակում: Հեղինակը մի շարք հրատարակություններ նվիրեց գրադարանին:
Ներկաները ծանոթացան գրադարանի մասնագիտական տեղեկատվական պաշարների ցուցահանդեսին եւ փաստաթղթերի էլեկտրոնային առաքման ծառայությանը:
Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ
Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ