«Հայաստանում երկու սերունդ է աճում կողք-կողքի. մեկը՝ ազգամերժ, կոսմոպոլիտ, լեւանդին, անիդեալ, ձուլվող, ազգուրաց, մայրենի լեզուն արհամարհող, կարիերիստ, մյուսը՝ թանձր, թունդ հայրենասեր, հայրական օջախներին կառչած, գրաբարյան:
Մի օր այս սերունդները՝ հայերը եւ այլասերվածները, իրար փոր պիտի թափեն»:
Ավ. Իսահակյան
Հայաստանը գտնվում է կոլափսի շեմին: Ազգովին նստած ենք վառոդի տակառի վրա, որն ամեն պահ կարող է պայթել: Բոլորի նյարդերը պրկված են, ամեն պահ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Իսկ Ադրբեջանն իր հովանավորների թողտվությամբ առաջիկայում գալու է Սյունիքում միջանցքի հետեւից: Էն որ Թուրքիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այդ հարցն է բարձրացնում, որ Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիեւը հայտարարում է, որ Հայաստանը դիմադրում է Զանգեզուրի միջանցքի հարցում, իսկ մերձկրեմլյան փորձագետ Մոդեստ Կոլերովն էլ ասում է հաջորդը Զանգեզուրի միջանցքն է, բոլորովին էլ պատահական չէ:
Ստեղծված պայմաններում իշխանությունը պետք է անհապաղ մի քանի քայլ կատարի՝ ա) գանձապետարանում եղած փողերի զգալի մասով զենք գնի, բ) ԱԱԾ պետին եւ գլխավոր դատախազին, հանձնարարի անհապաղ բռնագանձման դաշտ բերել Հայաստանից թալանած ապօրինի գույքն ու ֆինանսական միջոցները եւ դրանցով էլ զենք գնի, քանզի միայն մարտունակ բանակը կարող է սանձել Ադրբեջանին եւ պաշտպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը: Իսկ արտաքին քաղաքականության մեջ հարկավոր է՝ ա) Լրջորեն աշխատել Արեւմուտքի, Հնդկաստանի ու Իրանի հետ, եւ ճիշտ աշխատելու դեպքում ենթադրում եմ՝ շուտով նաեւ արեւմտյան զենք կստանանք, բ) Ուշադրություն չդարձնել Հայաստանի դեմ հոխորտացող արտաքին ուժերին ու նրանց վստահված անձանց: Թող ինչքան ուզում են զառանցեն: Էս քայլերն անել շատ արագ ու ճշգրիտ, այլապես նորից հայտնվելու ենք ծանր իրավիճակում, քանի որ Ալիեւը ամեն անգամ մի քայլ առաջ է գործում ու մեզ կանգնեցնում փաստի առջեւ:
Հարկավոր է զգուշորեն վերաբերվել պետականության հանդեպ բոլոր վայրահաչոցներին: Հիշենք, որ Ուկրաինայում էլ ամեն ինչ սկսվեց կեղծ ու տգետ բանավեճից`«լինել Ռուսաստանի ծայրագավա՞ռ, թե՞ անկախ պետություն»: Ու սա այն դեպքում, երբ Ուկրաինան մինչմայդանային սահմաններով ուղղակի ռուսական քաղաքական նախագիծ էր: Որեւէ այլ պետություն նման սահմաններում երբեւէ «Ուկրաինա» ո՜չ պատկերացրել է, ո՜չ դիտարկել: Իհարկե, հանուն ճշմարտության նշենք, որ Հայաստանը Ուկրաինայի հետ համեմատելի է ոչ ավել քան 10%-ով` թե՛ աշխարհագրական տարածքով, թե՛ բնական պաշարներով, թե՛ արտադրական հզորություններով, թե՛ բնակչության քանակով, ծովերով, բերրի հողերով, կայացած ենթակառուցվածքներով, ԵՄ երկրների հետ ունեցած սահմաններով: Բայց արի ու տես, որ նրանց դեպքում էլ սկսեց ծավալվել «ծայրագավա՞ռ, թե՞ անկախություն» անհեթեթ բանավեճը եւ դրանով նա էլ հավասարվեց Հայաստանին: Այդպես լինում է միշտ եւ ամենուր, երբ սկսում ես հակառակ ընթանալ պատմության եւ աշխարհաքաղաքականության տրամաբանությանը:
Սառը պատերազմի շրջանի ամերիկյան աշխարհաքաղաքականությունն ունի հրաշալի տեսաբան` Նիկոլաս Սփիկմեն, 1893-1943 (հոլանդական ծագումով ամերիկացի, աշխարհաքաղաքագետ, որը Աշխարհաքաղաքականությունը համարեց միջազգային քաղաքականության կարեւորագույն գործիք, որպես վերլուծական մեթոդ եւ բանաձեւերի համակարգ, որը թույլ է տալիս մշակել ամենաարդյունավետ ռազմավարությունը): Հարկավոր է կարդալ նրան եւ վերջ տալ ապուշ եւ անպտուղ բանավեճերին, քանի դեռ պետության վերջնական անկումը կանգնեցնելու հնարավորություն ունենք: Հարկավոր է մեկընդմիշտ դուրս գալ այն հոգեվիճակից, երբ ինքներս վախենում ենք մեր ուժից, քանի որ մեզ վարժեցրել են ուրիշի ուժին: Երբ սովորեցրել են, թե մենք ընտիր հպատակ ենք, խելոք կատարող, իսկ հայտնագործություն ենք կատարում, երբ ուրիշի ձեռքի տակ ենք: «Հայ մարդ, շեշտում էր Վազգեն Սարգսյան սպարապետը, հիմա ուրիշը Դու ես: Քո ուրիշը Դու ես… Մի հավատա, թե քո թշնամին քեզնից ուժեղ է: Թշնամուդ ուժեղացնողը քո վախն է, քո ցավն է, քո հիմարությունն է»:
Վերանկախացման տարիներին մեր բոլոր ղեկավարներն էլ թերացումներ ու բացթողումներ ունեցել են, բայց վերջին վարչակարգի հատկապես արտաքին անորոշ քաղաքականությունը բացահայտ անպտուղ եղավ, հետեւաբար պետք է լքի ասպարեզը եւ տեղը զիջի մեկ այլ թիմի: Սակայն միաժամանակ հասկանալի է, որ սրանց հեռանալուց հետո, ով էլ գա, մեծ հաշվով, շատ բան միանգամից չի կարողանալու փոխել, քանզի աշխարհաքաղաքական այս դասավորվածության մեջ եւ մեր այս ողբալի վիճակում խաղալու հնարավորությունները մեծ չեն: Սակայն ենթադրելի է նաեւ, որ այս վարչակարգի կառավարման պայմաններում այդ փորձությունների միջով մենք անցնելու ենք առավելագույն զոհերով ու մեր համար հնարավոր ամենաանբարենպաստ արդյունքներով: Նոր իշխանությունները գոնե հնարավորություն կունենան նվազեցնել կորուստները եւ որոշ բաներ շահել:
Ամենացավալին այն է, որ տարածքային ամբողջականության սկզբունքին զուգահեռ այլեւս չի կիրառվում ազգերի ինքնորոշման իրավունքը: Սա վերաբերում է նաեւ Հայաստանին եւ առաջին հերթին Հայաստանին: Որեւէ ողջամիտ երկիր չի կարող դա համարել տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություն: Հայաստանը կարող էր ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ միաժամանակ ճանաչեր, որ ամեն ազգ, այդ թվում` Արցախի հայերը, ունեն ինքնորոշման իրավունք, եթե դա առնվազն անհրաժեշտ է բնաջնջումից փրկվելու եւ բնականոն կյանքով ապրելու համար, առավել եւս, որ ԽՍՀՄ-ի փլուզման պահին ԼՂԻՄ-ն ու Նախիջեւանը ինքնավար մարզի կարգավիճակ ունեին: Այս մոտեցումը թույլ կտար՝ ա) դրա մասին խոսել, երբ ռմբակոծում են խաղաղ բնակչությանը, կամ երբ ՌԴ-ն ու Թուրքիան Խանքենդի են անվանում Ստեփանակերտը, բ) ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանկ ողջ քաղաքակիրթ աշխարհը լիաձայն կարձանագրեր արցախցիների արժանապատիվ ու անվտանգ ապրելու իրավունքը, գ) ՌԴ-ն այս պահին չէր ձգտի տեղահանել հայերին, քանի որ նրանց առկայությունն անհրաժեշտ է խաղաղապահների մնալու համար:
Իհարկե, չենք բացառում նաեւ, որ եթե այդ հարցը կարգավորվի Թուրքիայի հետ, ապա շատ հավանական է, որ Արցախի հայությունը հերթական անգամ փոխանակվի ռուսթուրքական օրակարգի մեկ այլ հարցի հետ: Լինի դա Ուկրաինա, ցորեն, Սիրիա, թե այլ կարեւոր հարց, ավելի կարեւոր քան ռուսական խաղաղապահների առկայությունն Արցախում: Այսինքն այս պահին շատ կարեւոր է ՄԱԿ-ի կամ միջազգային այլ ձեւաչափով խաղաղապահների առկայություն Արցախում, որը կբացառի հայության շահերի միանձնյա վերավաճառումը թուրքերին: Բազմազգ խաղաղապահներն, ինչ խոսք, ավելի արդյունավետ կլինեին: Դա ՀՀ-ն ու Արցախը պետք է պաշտոնապես պահանջեն ՄԱԿ-ից, ԵՄ-ից, առանձին առանձին ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Կանադայից, Գերմանիայից, Անգլիայից ու Ճապոնիայից, դ) ՌԴ-ՀՀ մասնակցությամբ պայմանագրերը, հատկապես սանկցիաների շրջանցման, ԵԱՏՄ ու ՀԱՊԿ, պետք է կասեցվեն եւ սկսվի դրանց չեղարկման գործընթաց` զուգահեռաբար սպասելով Արեւմուտքի հստակ արձագանքին, ե) Հունգարիայի հետ պետք է կրկին խզել դիվանագիտական հարաբերությունները, արգելել այդ երկրի քաղաքացիների մուտքը ՀՀ: Թուրքիայի հետ բոլոր տեսակի բանակցությունները եւս պետք է դադարեցվեն: Սա աշխարհին ցույց կտա, որ մենք սկզբունքային երկիր ենք:
Վերջապես պիտի ըմբռնենք, որ Հայաստանի անվտանգությունն ուղղահայաց առանցքի վրա է հենված եւ ապագայում էլ է Ռուսաստանի եւ Իրանի գործուն մասնակցությամբ հենվելու: Իսկ այսօրվա վարչակարգի հենարան թուրք-ադրբեջանական առանցքը ենթադրում է Հայաստանի եւ հայ ժողովրդի ոչնչացում: Իսկ անձամբ Լավրովի վատ դերակատարությունը բնավ այս վարչախմբի ոչ խելամիտ գործողությունները չի արդարացնում: Ուստի վարչախմբի անհապաղ հեռացմամբ փրկվելու հրամայականն ու ՌԴ-Իրան առանցքի հետ նոր որակի հարաբերություններն այլընտրանք չունեն:
Մեր ժողովրդի ստվար մեծամասնությունը սիրում է մեր հարեւան ազգի հասցեին միլիոնավոր անհեթեթություններ դուրս տալ` նրան ոչխար համարելով, իսկ իրեն` բանականության կաճառ: Բայց վերադառնանք իրականություն: Էրդողանը գնում է Սոչիում Պուտինին խոնարվելու եւ երկու ձիու վրա խաղալու, իսկ մեր ղեկավարն այդ գերտերության ղեկավարին աստիճանների վրա էր դիմավորում, որ իրեն պաշտողները տեսնեն ու ասեն` կեցցե մեր հզոր ղեկավարը: Սակայն համոզված եմ, որ եթե մի օր ԱՄՆ-ի նախագահի դռնապանը գա ու մեր զոհերի հուշահամալիրին երկու ծաղիկ դնի` մեր ազգի ղեկավարներն օրերով պիտի բարձրաձայնեն եւ իրենց արժեւորված զգան, իսկ երբ հայոց Մեծ Եղեռնի հարյուրամյակին Ռուսական կայսրության առաջնորդը, հարգելով մեր ազգային վիշտը, ժամերով մասնակցում է սգո հանդիսությանը, մարդկային սովորական արժեհամակարգից զուրկ, իր հայրենիքի գոյաբանական հարցերի վրա թքած ունեցող, որկրամոլ ու սնապարծ հայի կողմից դա ընկալվեց մի ցինիկ ու ինքնապարծ ստահակությամբ. «Ինքն ո՞վ ա, բա, ի՞նչ պիտի աներ, որ չգար»:
Ստիպված եմ դիմելու մեր ժողովրդին՝ սիրելի՛ հայաստանցիներ, իրավիճակն իրականում շատ ավելի բարդ է, քան պատկերացնում են Հայաստանի քաղաքական ուժերը: Այսօր մենք պետք է պատասխանենք երկու հիմնական հարցի.
1. Պատրա՞ստ ենք արդյոք Հայաստանը վտանգի տակ դնել Արցախի փրկության համար: Մեր նորագույն պատմությունը եւ մեր ղեկավարների քաղաքական գործունեությունը հանգեցրել են նրան, որ ժողովուրդը պատրաստ չէ զոհաբերել իր երեխաներին ապագայի համար: Այսօր մենք պետք է հստակ արձանագրենք, որ այլեւս իմաստ չունի այս հարցը բարձրացնել:
2. Արդյոք պատրա՞ստ ենք Հայաստանը, Երեւանը փրկելու համար ընկնել արեւմտյան պատժամիջոցների տակ, փչացնել մեր հարաբերություններն Արեւմուտքի հետ եւ կանգնել մեր ռազմավարական գործընկերոջ՝ Հայաստանի անվտանգության փաստացի միակ երաշխավորի, մեր տարածաշրջանում միակ եւ հիմնական խաղացող Ռուսաստանի Դաշնության կողքին:
Փորձը ցույց տվեց, որ ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում իմ կարծիքով Հայաստանը չպե՛տք է շարունակի խաղալ երկու լարի վրա եւ շանտաժի ենթարկել Ռուսաստանին, այլ ուղղակի պարտավոր է ամուր կանգնել Ռուսաստանի կողքին: Լավ հասկանում եմ, որ այս դեպքում եւս մեծ ռիսկեր կան, որ մենք հայտնվելու ենք արեւմտյան պատժամիջոցների տակ: Բայց ներկա պահին սա միակ ճանապարհն է փրկելու Հայաստանն ու Հայաստանում ապրող հայ ժողովրդին հետագա վտանգներից ու ապագա ավերածություններից: Պետք է էմոցիաները մի կողմ դնել եւ իսկապես նայել, թե ինչ է կատարվում մեր տարածաշրջանում, որտեղ Հայաստանն ունի մեկ ռազմավարական բարեկամական պետություն՝ դա Ռուսաստանն է: Իրանը, որը նույնպես գտնվում է արեւմտյան պատժամիջոցների տակ եւ որին նաեւ հասկանալի ու հոգեհարազատ է ռուսական երկբեւեռ աշխարհը, նույնպես դեմ է, որ Հայաստանը խաղա երկու պարանի վրա եւ փորձի արեւմտյան խաղացողներին ներգրավել տարածաշրջանային խնդիրների լուծման մեջ: Սա է իրականությունը, այս իրականության հետ պետք է հաշտվել հանու՛ն Հայաստանի, հանու՛ն Արցախի, հանու՛ն հայ ժողովրդի՝ իր հայրենիքում ազատ ապրելու իրավունքի: Գաղտնիք չէ, որ 2018 թ. մայիսից մինչ օրս այս իշխանությունների հիմնական հենարանը մնում են ռուսները: Սա իհարկե չի նշանակում, որ ամերիկացիները, անգլիացիները, ֆրանսիացիները կամ թուրքերը մեր դեմ են: Ամենեւին: Բոլորին ձեռք են տալիս անողնաշար, անսկզբունքային եւ անգրագետ հայաստանյան ներկա իշխանությունները: Եվ ես ոչ մեկին չեմ մեղադրում, որովհետեւ յուրաքանչյուրն իր շահն է հետապնդում: Պարզից էլ պարզ է, որ այս արհավիրքը կախվեց մեր գլխին միայն այն պատճառով, որ անուղեղ, անգիտակից, անպատասխանատու կերպով Ռուսաստանին դեմ գնացիք: Այսօր էլ ամեն ահել ու ձվից նոր դուրս եկած ջահել իր պարտքն է համարում ռուսներին հայհոյել, չհասկանալով, որ մեր գոյությունն ու անվտանգությունը ռուսական շահերով է պայմանավորված, որ առանց ռուսական ներկայության մենք առայժմ գոյության այլ ռեսուրս չունեք:
P.S. Գիտեմ, այս տեսակետի ընդդիմացողները քիչ չեն, որ պատմության մեջ մի շարք իրավիճակներում ռուսները մեր հանդեպ երկակի խաղեր են խաղացել: Ըմբռնելով սակայն այն պարզ իրողությունը, որ յուրաքանչյուր ազգ ու պետություն առաջնորդվում է նախ եւ առաջ իր շահերով, հորդորում եմ բոլորիս, քանի դեռ ուշ չէ, տեղ գրավել այդ շահերի ծիրում եւ օգտվել դրա ընձեռած հնարավորություններից:
ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ
պգդ, պրոֆեսոր
26.09.2023