Խորհրդային կամ Երկրորդ եւ Հայաստանի Երրորդ հանրապետությունը կամրջող սերնդի ներկայացուցիչ եմ: Երկու համակարգերում էլ ապրել եմ տասնամյակներ եւ լիովին ըմբռնել դրանց դրական ու բացասական կողմերը: Վստահ կարող եմ վկայել, որ իր բոլոր թերություններով, պակասավոր կողմերով ու գաղափարական դոգմաներով ԽՍՀՄ տարիները Հայոց պատմության այն միակ կարճ ժամանակահատվածն էր, երբ հայ մարդը լիովին վստահություն ուներ վաղվա օրվա նկատմամբ, սոցիալական այն խորը ու անանցանելի անդունդը հասարակության տարբեր շերտերի միջեւ գրեթե չկար, այլ ժողովուրդների նկատմամբ էլ հիմնականում գործում էր միայն պատմական հիշողությունը: Ժամանակին զուգընթաց՝ աստիճանաբար սկսել էր թափանցիկ դառնալ «երկաթե վարագույրը», բավականին սերտացել էին Հայրենիք-Սփյուռք կապերը: Վստահեցնում եմ, որ այս տողերը գրվել են պատմագիտության դոկտորի, իր ժողովրդի ճակատագրով խիստ մտահոգ ու ցավ ապրող հայորդու կողմից եւ հաստատ կարոտախտի խոսքեր չեն: Մի խոսքով, լավ-վատ ապրում էինք, քանակական ու որակական աննախադեպ նվաճումներ գրանցում:
Վրա հասան «զարթոնքի ժամանակները», եւ ամեն ինչ խառնվեց իրար: Խորհրդային Հայաստանի բնակչության մեծամասնությունը պատկերացում անգամ չունենալով Արցախի որտեղ ու ինչպիսին լինելու մասին՝ հանկարծ միանգամից ոտքի կանգնեց ու սկսեց պայքարել դրա ազատության համար: ԲՈւՀ-երում, դպրոցներում, գործարաններում ու ամեն տեղ հայտնվում էին ամենագետ մարդիկ ու բազմանշանակ ակնարկներով հասկացնում, որ այլեւս այսպես շարունակել հնարավոր չէ եւ ոտքի ելնել է անհրաժեշտ: Սկզբում ոմանք փորձում էին հակադարձել, բայց համընդհանուր հայրենասիրական պաթոսում զգաստության այդ կոչերը անհետեւանք կորչում էին: 1988-ի փետրվարին Արցախյան այդ շարժումը Օպերայի հարակից հրապարակում բազմամարդ ցույցերի տեսք ստացավ, իսկ դրան չմասնակցողները որակվեցին հայադավներ:
Սաստիկ լարված մթնոլորտն ավելի էր թեժանում Բաքվի, Սումգայիթի եւ այլ վայրերի ազերիների կատարած անմարդկային ու եղերական իրադարձությունների մասին լուրերից: Գերլարված այդ վիճակն իր գագաթնակետին հասավ Սպիտակի երկրաշարժի ողբերգական օրերին: Ճիշտ է, աշխարհի բոլոր ծայրերից զորակցության ու պինդ մնալու կոչեր էին հնչում, տրանսպորտի բոլոր հնարավոր միջոցներով օգնություն էր գալիս, բայց ձնագնդիկի էֆեկտն սկսել էր ամբողջ թափով գործել: Դրան իր հանցավոր անգործությամբ ու «միշտ ուշանալու» ստոր մարտավարությամբ նպաստում էին ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունները: Աստիճանաբար ուրվագծվում էր աշխարհի հզորագույն կայսրություններից մեկի՝ ԽՍՀՄ-ի, մոտալուտ փլուզումը: Գործընթաց, որը փաստորեն սկսվեց Հայաստանից ու իր մեջ ներառավ կայսրության բոլոր զարգացած ազգերին ու ժողովուրդներին:
Հենց այդ պահին օդում կախվեց հարցերի հարցը՝ հետո ի՞նչ է լինելու: Շատերը փորձեցին պատասխանել, բայց իմ կարծիքով ամենագործնականն ու իրատեսականը Վազգեն Մանուկյանի «Գնացքից թռչելու ժամանակն է» («Որն է մեր ճանապարհը», «Հայք» թերթ, թիվ 15, 16, 18, 19, 1990) հայտնի հրապարակումն էր, որը, ցավոք, կարծես այսօր էլ արդիական է: Մի տարբերությամբ, որ եթե Վ. Մանուկյանի մտահոգությունը ԽՍՀՄ գնացքին էր վերաբերում, ապա այսօրվանը՝ Ռուսաստանի Դաշնությանը (ՌԴ): Ընդհանուր առմամբ գրեթե նույն իրավիճակն է ստեղծվել այս անգամ արդեն ՌԴ-ում: Ալան Դալեսի ԽՍՀՄ-ը փլուզելու Արեւմուտքի որդեգրած ծրագիրն ընդհանուր գծերով եւ անթաքույց, ի դեպ այս դեպքում նաեւ գրեթե չմիջնորդավորված, դրված է գործողության մեջ: Այսինքն, չեմ բացառում, որ ՌԴ-ին սպառնում է նույն ճակատագիրը, որը բաժին ընկավ ԽՍՀՄ-ին եւ, բնականաբար, կարծում եմ նաեւ, որ այս օրերին եւս արդիական է նույն «հետո ի՞նչ է լինելու» եւ «արդյո՞ք գնացքից թռչելու ժամանակը չի» հարցադրումները:
Իր ռազմավարական, մարտավարական, տնտեսական եւ քաղաքական ծրագրերը կազմելիս ոչ մի ժողովուրդ եւ ոչ մի պետություն չի կարող ելնել միայն իր ցանկություններից: Անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն հարեւանների եւ ողջ աշխարհի իրավիճակը, այլ նաեւ կանխատեսել, թե դեպի ուր է գնում աշխարհը: Դրա հիման վրա կառուցել ազգային ծրագրերը եւ որոշել խնդիրների լուծման հերթականությունը: Իհարկե, հնարավոր չէ ամեն բան Ճշգրիտ հաշվարկել, պետք է ուղղակի դիտարկել ամենահավանական տարբերակները եւ գնալ միայն իմաստալից ռիսկների: Եթե այդ կանխատեումները չկան, ապա ընտրում են երկու հնարավոր տարբերակներից մեկը՝ ա) կա՛մ կծկված տրվում են հոսանքին եւ սպասում, թե հետո ինչ կլինի, բ) կա՛մ չդիմանալով անորոշ լարվածությանը, դիմում են «մահ կամ ազատություն» կարգախոսին, որը ողջ ազգի դեպքում անընդունելի է: Այս երկուսն էլ ակներեւ են մեր այժմյան իրականության մեջ՝ միայն թե սեւ ու սպիտակի հիմնաբաժանման ձեւով:
Ակներեւ է, որ հայությունն այս օրերին բախտորոշ ժամանակաշրջանում է ապրում, երբ օրեցօր տեսանելի են դառնում ոչ միայն մեծաքանակ մարդկային ու տարածքային կորուստները, այլեւ պետականության կամաց անկման վտանգը: Այս խորապատկերում ակներեւ է, որ ազգի մի մասին վախեցնում է ինքնուրույն գործելու հնարավորությունը եւ կրկին թափ է հավաքում սրան-նրան ապավինելու վաղեմի անօգուտ մարտավարությունը: Այո, ամենածանրն ինքնուրույն որոշումներ ընդունելու պատասխանատվությունն է: Պատահական չէ, որ ստրկությունը քաղցր է նրանով, որ մարդուն ազատում այդ զգացումից, ստրկությանը սովոր մարդը նույնիսկ վախենում է ազատությունից: Պատահական չէ, որ այսօր օդի նման անհրաժեշտ է ազգի ապագայի վերաբերյալ ինքնուրույն եւ վճռական որոշումներ ընդունել եւ իրագործել, ոմանք հուսահատված խոսում են ինչ-որ փակուղու մասին: Այնինչ, ոչ մի փակուղի էլ չկա: Կա համախմբվելու եւ պայքարելու դեպի բարօրություն գնալու դժվարին ճանապարհը, որով շատ ժողովուրդներ են անցել: Պետք են միայն տարբեր թեւերի միասնությունն ու համագործակցությունը, խելացի հաշվարկն ու վճռականությունը: Հիրավի, եւս մեկ անգամ խիստ արդիական են դարձել «Հայ ժողովրդի ուժը իր միասնականության մեջ է» խոսքերը:
Փորձենք այժմ կռահել, թե ի՞նչ ուղղությամբ է շարժվում ՌԴ-ն, որո՞նք են այդ ընթացքի դրդապատճառները, եւ դրանից ելնելով տեսնենք, թե մեր դեպքում ի՞նչ է հնարավոր անել եւ ի՞նչպես: Ակնահայտ է, որ ՌԴ-ն թեեւ տիրապետում է հզոր էներգետիկ եւ այլ տեսակի ռեսուրսների, այսօր գտնվում է տնտեսական եւ քաղաքական խորը ճգնաժամի մեջ: Նախագահ Պուտինը եւ իշխող էլիտան լավ պատկերացնելով դրա հետեւանքները՝ ստիպված դիմում են որոշ վերափոխումների, փորձելով դեմոկրատական հասարակության եւ ազատ ու կոռուպցիայից ձերբազատված տնտեսության պատրանք ներշնչել: Ակնհայտ է նաեւ, որ ռուս-ուկրաինական ռազմաճակատում ռուսական կողմն անհաջողություններ է կրում, քանի որ ուկրաինական բանակն Արեւմուտքից ժամանակակից զինատեսակներ ստանալով սկսել է նեղել ռուսներին եւ բնակավայրեր հետգրավել: Մեր հարեւան Ադրբեջանն էլ առաջնորդվելով թուրքական մարտավարությամբ (թուրքերն այդպես վարվեցին եւ օգտվեցին Առաջին աշխարհամատով զբաղված մեծ տերությունների թողտվությունից՝ ցեղասպանեցին հայ ժողովրդին) Գեղարքունիքում, Վայոց ձորուն եւ Սյունիքում ագրեսիայի դիմեց ու հաջողություններ ունեցավ:
Իսկ մենք այդ անհաջողություններից ընկճվել, գլուխներս անզորությունից կորցրել ենք: Ու ինքներս մեզ մեղադրելու փոխարեն նախորդ բոլոր ժամանակների նման սկսել ենք աջ ու ձախ դատափետել աշխարհի բոլոր կարող ուժերին մեզ չօգնելու, երբեմն էլ՝ դավաճանելու համար: Ճնշված ենք հատկապես Թուրքիայի հարեւանության պատճառով (մոռանալով, որ մոտիկ անցյալում անհասկանալի խիզախությամբ անընդհատ խոսում էինք Թուրքիայից հողերը ետ վերցնելու մասին), որի հետ օրեր առաջ խաղաղության դարաշրջան էինք կերտում: Մի բան, որի համար պատրաստ էինք զիջումների գնալ, լավ չպատկերացնելով, որ մի բան զիջելու համար պետք է այդ բանը ունենալ, որպեսզի որոշես՝ ում եւ երբ զիջես, հանուն ինչի զիջես եւ ինչ ստանաս դրա փոխարեն: Հետո էլ մեր տարածաշրջանը շփոթում ենք Եվրոպայի հետ, որտեղ ոչ վաղ անցյալում տեղի են ունեցան գործընթացներ, որոնց մասնակից դարձան մայրցամաքի գրեթե բոլոր երկրները, ստեղծելով սկզբում պետությունների մեծ փնջեր, որոնք հետագայում ձուլվեցին մեկ համաեվրոպական միասնության մեջ, եւ դրա շնորհիվ ձեւակերպվեց, թե ինչ է նշանակում անկախությունը 21-րդ դարում:
Որպեսզի հասկանանք, թե այժմ իրականում ի՞նչ է կատարվում Ռուսաստանում, ի՞նչ ուղղությամբ է նա շարժվելու եւ որո՞նք դրանց դրդապատճառները, մի փոքր պատմական էքսկուրս կատարենք:
Դարերի ընթացքում Ռուսաստանում փոխվում էին կառավարման ձեւերը, բայց ծավալապաշտական քաղաքականությունը միշտ անփոփոխ էր մնում: Ծավալվելու արդյունքում նա հասավ նաեւ մեզ եւ հաշվի չառնելով մեր ցանկությունները՝ նվաճեց մեր հողերի մի մասը: Հետաքրքրական է նկատել, որ նվաճված ժողովուրդների մի մասը Ռուսաստանում ավելի լավ պայմաններում էր ապրում, քան բուն ռուսները: Մի բան, որը խորը արմատներ ունի: Զավթողական քաղաքականության տրամաբանությունը նաեւ պարտադրում էր Ռուսաստանին, որ իր ճանապարհին չհանդուրժի անկախ պետությունների ստեղծում եւ այդ նպատակով իրագործվում էր նվաճված ազգերի ռուսականացման քաղաքականությունը: Չհաջողելու դեպքում էլ նվաճված տարածքները ռուսներով վերաբնակեցնելու եւ տեղահանությունների միջոցով արվում էր ամեն ինչ, որ տվյալ ազգը մեծամասնություն չկազմի իր պատմական տարածքում: Դա այն հիմնական պատճառը, որ Միացյալ Անկախ Հայաստանի ստեղծումը միշտ հակասում է Ռուսաստանի շահերին: Եվ եթե ծավալապաշտական քաղաքականություն իրագործող Ռուսաստանը մեր ազգային իղձերի իրականացման բնական թշնամին է եղել, ապա դա կարող է փոխվել այդ քաղաքականությունից Ռուսաստանի հրաժարման դեպքում միայն: Այսօր անչափ կարեւոր է, որ մինչեւ հնարավոր տրոհումը Ռուսաստանը օգնի ուժեղ Հայկական պետության կայացմանը: Սակայն ցավոք տեսանելի ապագայում դեռ այդպիսի բան չի սպասվում, ծավալապաշտական քաղաքականությունը այժմ էլ գործում է ամբողջ թափով:
Գաղտնիք չէ, որ պատմության եւ քաղաքականության ոլորտներում գործում են օրենքներ, որոնք կախված չեն անհատի ցանկությունից: Այդ օրենքներից կարեւոր է մի կանոն՝ ամեն մի պատմական ժամանակաշրջանում գոյություն ունի մարդկության ընդհանուր զարգացման ուղի, եւ եթե մի որեւէ պետության արտաքին եւ ներքին քաղաքականության ուղղվածությունը չի համընկնում զարգացման ընդհանուր ուղուն, ապա այդ պետության ներսում առաջանում են պետությունը քանդող ուժեր: Եվ որքան մեծ է մարդկության ընդհանուր զարգացման եւ տվյալ պետության քաղաքականության ուղղվածության միջեւ շեղումը, այնքան մեծ է քանդող ուժերի զորությունը: Այն ուժերի, որոնց երբեմն չգիտակցված նպատակն է երկրի շարժման ուղղությունը հնարավորինս համապատասխանեցնել մարդկության զարգացման ուղղությանը: Յուրաքանչյուր շեղում այս բանաձեւից՝ տանում է անխուսափելի կործանման, անկախ տվյալ պետության մեծությունից, հզորությունից եւ ունեցած հարստության պաշարներից: Դրա մասին են վկայում այն գործընթացները, որոնց հետեւանքով որոշ կայսրություններ քանդվելով վերափոխվեցին նոր պետությունների, օրինակ՝ Օսմանյան Թուրքիան, Ավստրո-Հունգարիան եւ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այդ ճանապարհը բռնած Անգլիան, Իսպանիան, Պորտուգալիան եւ այլն: Այժմ մնացել է վերջին խոշոր դինոզավրը՝ Ռուսաստանը, որի ճակատագիրը գնալով մշուշապատվում է:
Այսօր Արեւմուտքը զինում է Ուկրաինային, շրջափակում ՌԴ-ին բոլոր հնարավոր սանկցիաներով եւ լարված ուշադրությամբ հետեւում է այդ կայսրության հոգեվարքին: Արդեն զորահավաք հայտարարվեց, բայց պարզ դարձավ, որ ռուսները նախկինը չեն, այնքան էլ տրամադրված չեն կռվելու եւ տրանսպորտի բոլոր հնարավոր միջոցներով լքում են երկիրը: ԶԼՄ-ներում Մոսկվայից մի քանի առանց մուտքի թույլտվության երկրներ ինքնաթիռի տոմսերի գներն աստղաբաշխական թվերի են հասել: Կարծում եմ՝ հոգեդարձի եւ իրավիճակը փրկելու մեկ միջոց կա՝ արագ փոփոխություններ կատարել երկրի արտաքին եւ ներքին քաղաքականության մեջ: Կարվե՞ն դրանք՝ կախված է ռուսական էլիտայից: Իսկ մեզ հարկավոր է խորությամբ վերլուծել եւ ճիշտ հասկանալ այդ գործընթացները, ճիշտ ժամանակին հայտնվել ճիշտ տեղում, որը կարող է լինել նաեւ գնացքից թռչելու ձեւով, որ չլինի թե հանկարծ գնացքի հետ մենք էլ հայտվենք պատմության անդունդի հատակում:
ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ
պրոֆեսոր