ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում հետազոտվել են ՀՀ ԳԱԱ Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում սինթեզված երկու նոր միացություններ` N-բենզոիլ-DL-վալինիդիմեթիլամինոէթիլամիդիյոդմեթիլատ (TVA) եւ 1-(2-դիէթիլամինոէթիլի)-2-ֆենիլ-4-բենզիլիդեն-5-իմիդազոլոն (TVS): Այդ միացություններն ընկճում են Ալցհայմերի հիվանդության զարգացմանը նպաստող ացետիլխոլինէսթերազ եւ բուտիրիլխոլինէսթերազ ֆերմենտների ակտիվությունները:
Ալցհայմերի հիվանդության հիմքն ամիլոիդ բետա պեպտիդների պաթոլոգիական ակտիվությունն է: Հարկ է նշել, որ ամիլոիդ բետան թունավոր ազդեցություն ունի ուղեղի նեյրոնների վրա եւ խաթարում է միջբջջային հաղորդակցությունը: Նկարագրվել են դրանց օպտիկական կլանման եւ ֆլուորեսցենցիայի սպեկտրները:
Նոր սինթեզած միացությունները նվազեցնում են ամիլոիդ բետա պեպտիդների ագրեգացման գործընթացը եւ քայքայում պեպտիդների ձեւավորված տոքսիկ ագրեգատները: Բջջային կուլտուրայում կատարած հետազոտությունները ցույց են տվել նաեւ, որ TVA եւ TVS միացությունները թուլացնում են ամիլոիդ բետա պեպտիդի ագրեգատների ազդեցության հետեւանքով առնետի ուղեղի հիպոկամպի բջիջների նեյրոդեգեներատիվ գործընթացները եւ մահացությունը՝ ցուցաբերելով նյարդապաշտպան հատկություն:
Գիտնականների կարծիքով, միացությունների հետագա նախակլինիկական հետազոտությունների իրականացումը հնարավորություն կտա ստեղծել Ալցհայմերի հիվանդության կանխարգելման եւ բուժման նոր դեղամիջոցներ:
Աշխատանքն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ «Հակաացետիլխոլինէսթերազային ակտիվությամբ օժտված քիմիական միացությունների սինթեզ եւ դրանցով Ալցհայմերի հիվանդության բուժման հնարավոր ուսումնասիրումը» թեմատիկ ծրագրի շրջանակներում:
ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ