ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Հնէաբուսաբանության բաժնի գիտաշխատողները նկարագրել են նոր բրածո բուսատեսակներ, ինչպիսին են Թխկի հայաստանյան, (Acer hajastana Papikyan), Բարդի Թախտաջյանի, (Populus takhtajanii I.Gabrielyan) Նիսիդիում, (Nyssidium jiayinense sp. nov), Թխկի Ժիլինի, (Acer zhilinii I. Gabrielyan et R. Hovsepyan), Բարդի Գոխտունու (Populus goghtuniae I.Gabrielyan), ծառատեսակները:
Բրածո բույսերը, երկրաբանական անցյալ ժամանակաշրջանների բույսեր են, որոնց մնացորդները պահպանվել են երկրակեղևի նստվածքային ապարներում:
Հնէաբուսաբանական ուսումնասիրությունների շրջանակում Բուսաբանության ինստիտուտի գիտաշխատողները Որոտան գետի ավազանի վաղ պլեյստոցենի և Արարատի ու Վայոց ձորի սահմանագծի վրա գտնվող Հորթունի պլիոցենյան ֆլորաներ պարունակող նստվածքաշերտերից հայտնաբերել են բրածո բույսերի մոտ 300 տաքսոններ:
Գիտնականները աշխարհի պալեոֆլորայի համար առաջին անգամ նկարագրել են մոտ 120 տեսակ, Հայաստանի և Արցախի պալեոֆլորայի համար առաջին անգամ` մոտ 15 նոր ցեղ (Aulacomnium Schwagr., Brassaiopsis Decne. & Planch. և այլն) և մոտ 200 նոր տեսակ: Բացահայտվել է, որ մոտ 50 տաքսոնների ժամանակակից համարժեք տեսակներն այսօր չեն աճում Հայաստանի Հանրապետության տարածքում:
Գիտական աշխատանքները բացահայտում են նախկին կլիմայական տատանումների պարամետրերը և օգնում կանխատեսել ապագա կլիմայական փոփոխությունները:
Հետազոտություններն իրականացվել են ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտին հատկացված բազային ֆինանսավորման շրջանակներում:
Հետազոտություններին մասնակցում են Բուսաբանության ինստիտուտի Հնէաբուսաբանության բաժնի երիտասարդ գիտնականները: Նրանք մասնագիտական հմտություններ են ստացել արտասահմանյան երկրներում: Բրածո նմուշները ցուցադրվում են Բուսաբանության ինստիտուտի թանգարանում և նպաստում են էկոկրթությանը:
ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ