Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության՝ Բունդեսթագում մինչեւ 2021 թվականը պատգամավոր Աքսել Ֆիշերը, որ մեղադրվում է 2010-2018-ին ԵԽԽՎ-ում Ադրբեջանից կաշառք ստանալու, դրա դիմաց այդ երկրի օգտին քվեարկելու համար, երկուշաբթի՝ դեկտեմբերի 22-ին կալանավորվել է՝ Կարլսռուհեի հիվանդանոցից: Ինչ Մյունխենի երկրամասային գերագույն դատարանում հունվարից ի վեր քննվում է Ադրբեջանից կաշառառուների գործը, Ֆիշերը, որին ի թիվս այլ հանցանքների ԳԴՀ դատախազությունը մեղադրում է 2016-ին 21.800 եվրո կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու մեջ, պնդում է, թե «ինքն անմեղ է եւ իր ձայնը չի վաճառել»: Նա բազմիցս, առանց պատճառաբանության չի ներկայացել Մյունխենի դատարան, ինչը ստիպել է դատարանին երկուշաբթի խիստ միջոցի դիմել՝ կալանավորել նրան հիվանդանոցում, տեղափոխել Մյունխեն, այդպիսով շարունակել հետաձգվող դատավարությունը: Ըստ բժշկական փորձագիտական եզրակացության, Աքսել Ֆիշերի առողջական վիճակն արտոնում է մասնակցել դատական նիստերին: Դեկտեմբերի 22-ին դատավարությունը վերսկսվել է կեսօրից հետո: Դատարանը մերժել է Ֆիշերի պաշտպանների ներկայացրած ապացույցների վերաբերյալ բազմաթիվ միջնորդությունները, որոնց նպատակը դատավարությունը մինչև նոր տարի ձգձգել է :Ինչպես ծանուցել ենք «Ազգի» հոկտեմբերի 10-ի համարում
նկատելի է Ֆիշերի պաշտպանական կողմի՝ դատավարությունը անընդհատ ձգձգելու մարտավարությունը, որի նպատակը վաղեմության ժամկետի ավարտն է: Նախորդ շաբաթ Գերմանահայ իրավաբանների միությունը «Ադրբեջանի խավիարային գործի» վերաբերյալ վաղեմության ժամկետի մասին իրավական կարծիք էր ուղարկել ԳԴՀ արդարադատության նախարարին, Բունդեսթագի ՔԴՄ -ՔՍՄ, ՍԴԿ, Կանաչների եւ Ձախերի խմբակցություններին, որով առաջարկ էր ներկայացրել վաղեմության ժամկետի պահանջների հնարավոր բարեփոխման վերաբերյալ: Գերմանահայ իրավաբանների միությունը Transparency International-ի հետ պահանջում է « քաղաքական և իրավական հաշվեհարդարը չխաթարել վաղեմության ժամկետով՝ նման զարգացումը օրենքի գերակայության համար հետընթաց» նկատելով:
Ֆիշերի ձերբակալման որոշումն ուժի մեջ է, հաջորդ դատական նիստը նշանակված է 2026 թվականի հունվարի 9-ին:: Մեղադրանքի վաղեմության ժամկետը լրանում է հունվարին: Եթե դատավարությունը հետաձգվի դրանից հետո, Ֆիշերն այլևս չի կարող դատապարտվել: Մյունխենի դատախազությունը վստահ է, թե դատավարությունը կարող է ավարտվել վաղեմության ժամկետը լրանալուց առաջ:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Լուսանկարը` Մաթթիաս Բալկի, dpa





