Վարդգես Պետրոսյան. Ինձ ազգասիրության դաս դժվար է տալ
Վարդգես Պետրոսյանի եղերական մահվանից անցել է ուղիղ քսանութ տարի: Նա սպանվել է 1994 թ.ապրիլի 15-ին իր տան շքամուտքում: Հանցագործությունն այդպես էլ մնաց չբացահայտված:
Լսենք Վարդգես Պետրոսյանի ձայնը տարիների հեռավորությունից.
«Ո՛րն ես դու, Հայաստան:
Ես քեզ որոնեցի երկար ու ցավագին:
Հազար անգամ գտա:
Չգտա:
Կորցրի:
Շփոթվեցի ու կասկածեցի:
Ես քեզ որոնեցի այսօրվա Հայաստանի թրթռուն, երիտասարդ մարմնի մեջ ու գունաթափ քարտեզներում, որով գրգռեցին մեր պապերի դյուրավառ հոգին, որով խաբեցին մեզ բոլորը: Ես քեզ որոնեցի ամենայն հայոց կաթողիկոսների աղոթքներում առ աստված եւ ամեն հայի հայհոյանքի մեջ, որտեղ մենք ամենք զարմանալի բանաստեղծ ենք: Ես քեզ որոնեցի իմ տատի ոչ թե երկու, այլ երեք տեղից ծալվող մատներում, որ շատ են նման խաղողի ծերացած, բայց չկոտրվող ճյուղերի: Որոնեցի իմ աղջկա դպրոցական առաջին տետրերի մեջ եւ Մատենադարանի մագաղաթներում…
… Հետո ես նորից ճամփա կելնեմ:
Քեզ որոնելու:
Գտնելու:
Կորցնելու:
Կասկածելու: Քեզ համար ապրելու»:
Սրանք արձակագիր, հրապարակախոս Վարդգես Պետրոսյանի խոսքերն են: Նրա որոնման, կասկածների, կորցնելու եւ վերստին գտնելու ուղին անցել ու շարունակում ենք անցնել մենք՝ նրա սերնդակիցները, նրանք, որոնք դասեր են առել նրա գրքերից ու հոդվածներից, նրանք, ովքեր ծնվել են նրա ողբերգական վախճանից հետո: 1994 թ. ապրիլի 15-ին էր, երբ անհեթեթորեն, անսպասելի կտրվեց մտավորականի կյանքը, որը գրողական իր կոչմանը միահյուս նաեւ հասարակական գործիչ էր, ուներ իր հայացքն իրերին, արտահայտում էր դրանք հրապարակայնորեն, որը հայ գրողական անդաստանում վաստակել էր իր սեփական անունը: Եղերական մահն անավարտ թողեց նրա շատ ծրագրեր ու էջեր: «Վարդգես Պետրոսյանի կորստով հայ գրականությունը զրկվեց իր անկրկնելի մի գույնից»,- ասված էր նրա մահախոսականում: Իսկ ինքն իր տողում խոսում էր այլ կորուստների մասին եւ փնտրում առաջ գնալու ճշմարիտ ձեւը. «Մենք շատ ենք կորցրել պատմության ճանապարհներին եւ կորցրած տարածությունը կրճատելու համար պիտի վազենք: Բայց մենք վազում ենք ետ նայելով: Մեզ թվում է՝ բավական է ետ չնայել եւ կմոռանանք մեր պատմությունը, մեր պարանոցները շատ են ծռված: Ես քեզ որոնեցի այդ վազքի մեջ եւ ուզում եմ, որ դու վազես առաջ նայելով: Առաջ, իսկ անցյալը մեր արյան մեջ է, մեր ճակատագրի, մեր լռության»:
Երկար տարիներ ղեկավարել էր Հայաստանի գրողների միության վարչության աշխատանքները, «Գարուն» ամսագրի կնքահայրն էր ու առաջին խմբագիրը: 1988-ից Մշակույթի հայկական ֆոնդի նախագահն էր, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր: (Ի դեպ, անդամ էր ՌԱԿ ֆրակցիայի:- Ծ.Խ.): Ժամանակակիցներից շատերն էին նշում, որ Վարդգես Պետրոսյանն ազգային գործչի մտահոգությամբ ու սիրով է հայտնաբերել պատանի տաղանդներին, երիտասարդ շնորհալիներին, շրջապատել նրանց հոգածությամբ, նրանց համար գտել ժամանակ, միջոցներ ու հնարավորություններ: Վ. Պետրոսյանի ստեղծագործությունները թարգմանվել էին աշխարհի տարբեր լեզուներով, մի քանիսը՝ բեմադրվել:
«Սովորական չապրեց Վարդգես Պետրոսյանը, եւ մահն էլ սովորական չեղավ,- գրողի մահվան առիթով գրեց բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը:- Հիմա ես սրտի խորը ցավով հրաժեշտի բառեր եմ որոնում՝ ասելու մի մարդու, որի հետ այնպես սերտորեն առնչված էր իմ ճակատագիրը դեռ վաղ մանկությունից: Ծանր հիվանդությամբ տառապող, բայց եւ զարմանալիորեն անվերջ երիտասարդ, առույգ ու աշխույժ մնացող, ծերունական դռները կորցրած մի մարդու մասին, որին երախտագիտությամբ չհիշելու իրավունք չունի գրական եւ ոչ մի սերունդ, իմ սերնդից սկսած, որն իր գոյությամբ պարտական է նրան, որը հենց այդպես «գարունական» էր կոչվում ի պատիվ այն ամսագրի, որը փրկարար օազիսի նման գոյատեւելու հնար տվեց իմ սերնդին, երբ մեր պատանեկան առաջին բանաստեղծություններով հայտնվեցինք համընդհանուր ատելության ու թշնամանքի՝ դաժանագույն ու ցամաք անապատում… Վերջերս շատերն էին երեսով տալիս նրա խորհրդային պարգեւներն ու մրցանակները… Եթե չգիտեք, ապա վկայեմ, որ շատ ավելի բազմաթիվ էին նրան «շնորհված» վերջին ու կտրական նախազգուշացումները, խիստ ու խստագույն նկատողությունները, գրավոր ու բանավոր դիտողությունները: Ես այդ կարգի «պարգեւների» մասին չէի կարող չիմանալ, որովհետեւ դրանցից մի քանիսին նա արժանացել էր հենց իմ «հակա» բանաստեղծությունները հրապարակելու պատճառով…
Այն տարիների «Գարունը»… Դա մի փոքրիկ ազատ ու անկախ հանրապետություն էր 60-ականների սոցիալիստական Հայաստանի տարածքում… Դա իմ տեսած ու ապրած առաջին ազատ ու անկախ պետությունն էր, ուր իսկական արվեստով ու գրականությամբ համակված մի այնպիսի տոնական մթնոլորտ էր ստեղծվել, որի մագնիսական դաշտում էին համախմբվել Հայաստանի գրեթե բոլոր շնորհալի երիտասարդները, ազատորեն արտահայտվելու՝ ինչպես ուզում ես… Մենք այնտեղ սովորեցինք գրել բանաստեղծություն, պատմվածք, վեպ, վիպակ, հոդված, ակնարկ ու հրապարակախոսություն՝ անկաշկանդ, առանց որեւէ մեկի կամքի թելադրանքի, առաջնորդվելով միմիայն արվեստի, գրականության բարձր չափանիշներով, ճշմարտության, անկեղծության ու սրտացավության չափանիշներով… Ահա թե ինչու այդ մթնոլորտում հասունացած ու ձեւավորված գրողներից, արվեստագետներից, հրապարակախոսներից ու գրաքննադատներից շատերը ձեւափոխվելու եւ կերպարանափոխվելու – հարմարվելու կարիք չզգացին արդեն նոր օրերի համատարած անկախության – ազատության պայմաններում… Որովհետեւ նրանք արդեն շնչել էին ազատության բարերար օդը, արդեն անհուսորեն «վարակված» էին ազատությամբ ու անկախությամբ եւ այլ կերպ ո՛չ կարող էին ապրել եւ ո՛չ էլ ստեղծագործել… Եվ այդ «անկախ ու ազատ հանրապետության» հիմնադիրը, պաշտպանն ու հովանավորը Վարդգես Պետրոսյանն էր…»:
Ասես հավելելով Հովհ. Գրիգորյանի խոսքը՝ Լեւոն Անանյանը գրեց. «Նրա հիմնադրած «Գարուն» ամսագիրը կենսառատ հրա՞շք էր, սառնակունք աղբյու՞ր, երբ պատրանքներն այլեւս չէին ցնցում մեր անվրդով հոգիները, եւ խեղդամահ էինք լինում գորշության հեղձուկ օղակում: Եվ այդ կախարդական շրջանակի մեջ բոլորիս հետ ու բոլորիս պես բանտված, թո՛ղ որ պատեպատ խփելով (իր բառերն են), առանց վհատվելու նա տարածություն էր նվաճում… գոնե ազատ շնչելու համար»:
Ժամանակակիցները խոսում էին «Գարունի» ազատությունը բերած անհատի հոգու երկփեղկվածության ու հակասականության «ճեղքի» մասին, ինչը երբեմն նրան մղում էր սխալների՝ դառնացնելով մտերիմ ու արժանավոր մարդկանց: Անսխալական մարդիկ չեն լինում, սակայն, իսկ նրա գործունեությունը հայ գրականության համար այնքան արգասավոր էր, որ այն ուրանալն անհնարին էր: Այդ երկփեղկվածությունն արտահայտված էր նրա թե՛ ստեղծագործություններում, թե՛ մարդկային ճակատագրում, եւ այդ մասին էր գրում Հովհ. Գրիգորյանն իր հոդվածում: Գրողի կյանքի ողբերգական ավարտը ցնցել էր բոլորին, 1994-ի՝ առանց այդ էլ տագնապներով ու ցավերով լի օրերում ապրող մարդկանց հոգիները. «Մեն մի կրակոց, որն այնպես պարզ լսվեց արկերի թնդյուններից ու գնդակոծություններից խլացած օրերի ավարտին, մեն մի կրակոց, որի ցավագին արձագանքները դեռ երկար կարյունոտեն մեր սրտերը, քանի դեռ ապրում ենք փոքրիկ այս հողի վրա»:
«Ես նստած եմ Կոմիտասի գերեզմանի մոտ,- հավանաբար նման մի երկվության պահի գրել էր Վարդգես Պետրոսյանը:- Ծաղիկ չեմ բերել: Ուզում եմ պատմել նրան այս օրերի իմ զգացածը, բայց վախենում եմ, որ նա նորից խելագարվի: Արձանները չեն խելագարվում: Չեն ծերանում, նաեւ չեն զգում ոչ ատելություն, ոչ սեր: Եվ այնուամենայնիվ, մարդիկ են երջանիկ եւ ոչ արձանները: Եվ մարդիկ են դժբախտ: Օգնի՛ր ինձ, Կոմիտաս, հասկանալու ոչ թե աշխարհը, այլ ինքս ինձ, իմ ժողովրդին»:
Այդ օրերին հիշելով պատգամավորներ Սամվել Շահմուրադյանի, Արթուր Մկրտչյանի, Վիգեն Շիրինյանի, Վիտյա Այվազյանի ողբերգական մահերը՝ Արամայիս Սահակյանը գրեց. «Հիմա հիշում եմ նրա գրքերը, եւ ուղեղիս մեջ ուրվագծվում են տարօրինակ համեմատություններ: Նա գրեց «Անավարտ դիմանկարներ», բայց մի՞թե նույնքան անավարտ չմնաց նրա դիմանկարը: Նա գրեց «Քաղաքի կիսաբաց լուսամուտները», բայց մի՞թե նույնքան կիսամութ չմնաց նրա կյանքը եւ մահը: Նա գրեց «Ապրած եւ չապրած տարիները», բայց մի՞թե չապրած տարիներն ավելի շատ չեն լինելու: Նա գրեց «Կրակե շապիկը», բայց մի՞թե հենց ինքը չայրվեց այդ կրակում, որի մեջ հիմա այրվում ենք մենք: Նա գրեց «Մենավոր ընկուզենին», բայց մի՞թե ամեն մի մեծություն մենավոր ընկուզենի չէ՝ հողմերի դեմ: Նա գրեց «Հայկական էսքիզներ», բայց մի՞թե ինքն էլ մեր հայկական կյանքի մի հետաքրքիր էսքիզը չէր, որ փայլ էր տալիս մտավոր եւ հոգեւոր մեր կյանքին: Նա գրեց «Վերջին ուսուցիչը», բայց մի՞թե ինքը մեր հրապարակախոսության վերջին ուսուցիչը չէր: Նա գրեց «Ծանր է Հիպոկրատի գլխարկը», բայց մի՞թե ավելի ծանր չէ գրողի, հրապարակախոսի գլխարկը… Նա գրեց «Դեղատուն Անին», բայց հիմա ի՞նչ դեղատուն եւ ի՞նչ դեղ կփրկի նրան, ի՞նչ դեղ կբուժի մեր կսկիծը…
Ինչ մնում է «Հավասարում բազմաթիվ անհայտներով» գրքին, ապա այն նույնպես խորհրդանշական եղավ՝ իրոք նրա կյանքը եւ վախճանը մի հավասարում էր՝ բազմաթիվ անհայտներով»:
Վարդգես Պետրոսյանի գրչընկերները նրան հիշում էին՝ որպես «շարժուն մի սնդիկի», «հավերժական շարժիչի»: Նա միշտ նոր երեւույթներ էր տեսնում, ձեռքը դնում հասարակական կյանքի զարկերակին, թարմություն էր փնտրում ու գտնում: Շատերն էին հիշում նրա մարդկային հոգատարությունը: Այդ հոգատարության մասին էին բանաստեղծուհի Մարո Մարգարյանի խոսքերը. «Նրա համար «ոչ» բառը չկար, ում հարկավոր էր, իսկույն գտնում էր ելքն ու միջոցը եւ օգնության հասնում, դուռ ու ճամփա բացում եւ թեթեւացնում վիճակը: Իհարկե, ինքն էլ ուներ իր եսական կողմերը, ինչպես բոլորս, բայց իրեն դիմողների համար մոռանում էր նույնիսկ իր եսական կողմերը եւ մարդկանց հանում նեղ վիճակից…»:
«Այո՛, հեշտ ու հաշտ չապրեց նա, հիացավ ու հուսախաբվեց, ոգեւորվեց ու կասկածեց, եղավ շռայլ ու մեծահոգի, երբեմն նաեւ կողմնակալ,- սա Լեւոն Անանյանի բնութագրումն է՝ տրված Վարդգես Պետրոսյան անհատին:- Կյանքում իրեն բաժին ընկած փորձություններից ամենածանրը դավաճանությունը տարավ, երբ բախտը երես թեքեց, եւ ոտքը քարի առավ, նրա հոգին չարաչար խոցվեց այն գիսավորների քարկոծումներից, ովքեր գրողի աստեղային ժամերին հոլանում էին նրա արտացոլանքի ծիրում:
Նա տենդագին էր սիրում կյանքը, իր երկիրն ու ժողովրդին, եւ արժանապատիվ զավակի սերը՝ սրտի չափով, անխնա սպառում էր…»:
«Մեր ժողովուրդն իմն է, ինչպես իմ աչքերը, մայրը, իմ հիվանդությունը, իմ կարոտը, իմ վիշտը:
Եղել եմ Տեր-Զորում, Կարսում, նայել եմ Մուսա լեռին, անուժ նստել եմ Եփրատի ափին, եւ ինձ ազգասիրության դաս դժվար է տալ»,- կարդում ենք Վ. Պետրոսյանի՝ մեզ թողած գրավոր մտորումներում:
«Տգեղ, շատ տգեղ բան եղավ, ավելի նողկալին դժվար է պատկերացնել,- Հրանտ Մաթեւոսյանի խոսքերը դառնությամբ ու անհուն ափսոսանքով էին լի:- Իրենցո՞վ են լցնելու այն տեղը, որ կոչվում էր Վարդգես Պետրոսյան… Նա ինքն էր տեղ ու պաշտոն ու գործ: Թե՞ նպատակը հենց այդ խիզախ, շարժուն, սթափ, անընկճելի մարդուն, որ ամեն օր ու ամենուր կարողանում էր գործ ստեղծել ու «Վարդգես Պետրոսյան» կնքել, այդ եզակի գործչին վերացնելն է եղել: Սա արդեն համահանրապետական, համազգային հասարակական-քաղաքական մեր կյանքի բացահայտ կողոպուտն է, սա բաց մարտահրավեր է մեր գոյության բուն հիմքին: Եվս մի երկու այսպիսի խուլ թխկոց՝ եւ մեր ժամանակի կափարիչը կմեխվի անժամանակ, եւ ձեր մեջ այլեւս սթափ մտքի մարդ չեք ունենա…»:
Այսօր հիշելով գրողին, հրապարակախոսին, գրական մի ամբողջ սերնդի առջեւ դռներ բացած «Գարունի» հիմնադրին՝ մի անգամ եւս ընթերցենք ՎԱՐԴԳԵՍՊԵՏՐՈՍՅԱՆԱԿԱՆ մտորումները, որ հավատի, սպասումի խոսքեր են, ու նաեւ՝ ապագայի մարգարեացումներ.
«Եվ բացվեց մի օր, որ սկիզբ առավ, եւ իմ ժողովուրդը կարող էր արդեն հանգիստ, անշտապ շարունակել դարերի գործը՝ ավարտի հասցնել իր հողի ազատումը քարե կախարդանքից:
Ու անցան, անցնում են տարիներ, որ դարեր արժեն:
Բացեք ձեր լուսամուտներն ու նայեք դուրս:
Քայլեք ճանապարհներով, կածաններով:
Զարթնում է քարացած Հայաստանը:
Դեռ մարմնի ոչ բոլոր մասերով, բայց զարթնում է:
Ես գիտեմ՝ կվերադառնան մեր բոլոր անտառները, կզարթնեն քարե քնից մեր բոլոր դաշտերի ծաղիկները, ամպերը կթեթեւանան, եւ մենք նորից կնետվենք վերեւ, դեպի երկինք, ջուր դառած քարերը վտակ-վտակ կհոսեն մեր հողի երակներում, քարաժայռերի մեջքը կծակեն-դուրս կգան մեր զսպված աղբյուրները:
Իսկ մնացած քարերով…
Մնացած քարերով մենք տներ կշինենք:
Արձաններ:
…Նաեւ գերեզմաններ»:
Վարդգես Պետրոսյանին այսօր ձեզ հետ հիշեց եւ ընթերցեց ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ