Այս տարի Նկարիչների Միությունն իր գարնանային ցուցադրությունների շարքը սկսեց Վան Սողոմոնյանի անհատական ցուցահանդեսով: Աշխատանքներն արված են վերջին 20 տարիների ընթացքում (միայն «Խաչելությունն» է արված 1997 թ.-ին): Ժամանակակից լուծումներով, ամենատարբեր ուղղությունների մեջ արված այդ գործերում դիտորդն իրեն հոգեհարազատ շատ պատկերումներ կարող է գտնել: Արվեստագետի կուբիստական գործերը համադրված են անթերի ճշգրտությամբ, եթերում ճախրող կերպարները, պառկած հանգստացող կանայք, ստատիկ ֆիգուրները լրացնում են մեկը մյուսին ու ամբողջացնում ընդհանուր ցուցադրությունը:
Նկարչի գույները հիմնականում վառ են, շոշափված են ամենատարբեր թեմաներ՝ նկարներում կինը կերպարանափոխվում է թռչնի, տղամարդը հաղթանակ է տանում ցլի նկատմամբ (կամ հակառակը), ծառի ճյուղերի արանքից երեւան է գալիս լուսինը, եկեղեցատիպ կառույցները ժայռերի պես վեր են խոյանում, մոդելը բնորդում է նկարչի համար եւ այլն:
Գեղագիտորեն համադրված, աչքին հաճելի, թեթեւ ու կյանքով լեցուն այդ ցուցահանդեսը (մարտի 1-10) գարնան հիանալի ու խոստումնալից սկիզբ է հայ արվեստի աշխարհում:
Շնորհավորում ենք Վան Սողոմոնյանին իր անհատական ցուցադրության առթիվ, սպասում ենք վարպետի նոր ստեղծագործություններին:
ՀՐԱՉՅԱ ԳԱԼՍՏՅԱՆ
Լուսանկարում՝ Վան Սողոմոնյանը կնոջ՝ նկարչուհի Նոնա Գաբրիելյանի հետ