Տպավորված բյուջեի կատարողականից
Ըստ խորհրդարանում այս շաբաթ ներկայացվող 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության՝ Հայաստանն այլեւս աղքատ երկիր չէ, ու անգամ աշխարհի դոնոր համայնքի անդամ է դարձել (բա՛), կառավարությունն ապահովել է 12,6 տոկոս տնտեսական աճ, մեկ միլիարդ դոլարի ներդրումներ, բյուջեի՝ համարյա հարյուր տոկոսին հասնող կատարում: Բոլոր նախատեսված ծրագրերը կատարվել են, միջին աշխատավարձը բարձրացել է, կենսաթոշակները՝ երեք անգամ են ավելացել, արտաքին պարտք- ՀՆԱ հարաբերության տոկոսի զգալի իջեցում է եղել եւ զարմանահրաշ այլ հաջողություններ են արձանագրվել: Որոշ առումով ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված ռուսական կապիտալի ներհոսքով էլ խթանվել են շատ ոլորտներ, թեկուզ դա ժամանակավոր է, բայց դրական դերակատարում է ունեցել անցած տարվա բյուջեի կատարողականի վրա:
Իհարկե՝ ընդդիմադիր կորպուսի ներկայացուցիչները կատարողականի շատ ցուցանիշներ վիճարկում էին՝ 55 հազար նոր բնակարանների՝ վարկային միջոցների ներգրավմամբ կառուցումը հետագայում անշարժ գույքի շուկան պայթեցնելու պատճառ դիտարկելով, կամ մատնանշելով իրական կյանքի բարելավման թեականութունը՝ դրա նշան համարելով անցած տարում 28 հազար միակողմանի մեկնումները Հայաստանից, կամ ծնելիության նվազումը: Սակայն կառավարութան ներկայացուցիչները գոհ էին գիտատեխնիկական եւ արտադրական ոլորտների հետագա զարգացման հեռանկարից՝ ներդրումները նշելով եւ մի շարք այլ նոր մոտեցումներ տարբեր ոլորտներում:
Բյուջեի կատարողականից տպավորված՝ ասացի մի կողմ դնեմ ամենշաբաթյա վերլուծականներիս ֆորմատն ու մտնեմ միջին թոշակառուի մաշկի մեջ՝ կյանքի բարելավումը փորձ անելով նկատել կենսաթոշակառուի պատուհանից, այն, ինչ շատերը չեն անում չուզողաբար (միգուցե, իրոք, լրագրողի սեւ ակնոցը մի կողմ դնելով՝ լուսավորը նկատեմ, չէ՞ որ լավատեսութունն ավելացնում է կյանքի տեւողութունը):
Ահա, ուրեմն, ամրապնդվելով տարեկան մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի միջին գումար 5-6 հազար դոլարի ջերմացնող մտքից, իշխանական տնտեսագետ Գեւորգ Պապոյանի նշած՝ նոր իշխանությունների օրոք թոշակի արդեն երեք անգամ բարձրացված լինելու իրողութունից, լրիվ լավատեսորեն տրամադրված, ասացի նոր ձեւով վերահաշվարկեմ 500 հազարից ավելի թոշակառուների կենսազամբյուղի անհատական բացվածքը, հատկապես նրանցը, որոնք լրիվ մենակ են մնացել իրենց բարձրացված թոշակներով՝ կոմունալ վճարների, կենսական գնումների եւ մի շարք այլ ամենաանհրաժեշտ ծախսերի առումով:
Չէ, հայտարարված տարեկան 5-6 հազար դոլար միջին ՀՆԱ ցուցանիշը մեկ շնչի հաշվով արտաբերելն իրոք ներշնչող է, բայց չգիտես ինչու՝այդ թվի միայն արտաբերումը չի օգնում, քանի որ միջինացված կենսաթոշակը տարեկան (տարեկան՝ կրկնում ենք) կազմում է հազարից մի փոքր ավելի դոլարին համարժեք դրամ, ոնց ուզում ես շուռումուռ տուր հաշվարկդ: Այդ մտքից ջերմանալ չստացվեց:
Իսկ որ հիշում ես ակցիզային դրույքաչափերի նոր սահմանումը, որով ծխախոտի ու ոգելից խմիչքների գները շուտով շատ զգալի կբարձրանան՝ ապա ստացվում է, որ պետք է հրաժարվես նաեւ գոնե ամիսը մի անգամ մի օղի գնելու, կամ գոնե դարդերդ ծխախոտին տալու վատ սովորույթներից եւս, քանի որ երեք անգամ բարձրացված կենսաթոշակով անգամ ընտրութուն չունես՝ օրը մի տուփ ծխախոտը կարող է մի չորս օրվա հաց արժենալ քեզ: Այդ մտքին էլ հրաժեշտ տուր, չէ՞ որ հայրենի կառավարությունը ծխախոտը թանկացնող օրենքներ ընդունելով՝ միայն ու միայն քո առողջութան մասին է մտածում: Հիշեցի Գորբաչովին ու նրա չոր օրենքը, որի ժամանակ ամբողջ Ռուսաստանը «սամագոն» էր խմում:
Կոմունալ վճարներդ եւս որքան հնարավոր է սահմանափակիր, չնայած որքան կուզես քիչ օգտվիր հոսանքից, գազից, ջրից՝ այդ վճարներն ամռանը տասնհինգ հազարից պակաս չեն լինում, իսկ ձմռանը ողբալի-հուսահատական պատկեր արձանագրում: Ինտերնետից էլ էս լուսավոր դարում չես կարող հրաժարվել՝ բա հայրենի կառավարության լավ աշխատանքի, ջուրը թանկացնելով ՝ տնտեսել սովորեցնելու, խելացի գուղատնտեսություն կազմակերպելու մոտեցումների մասին ո՞րտեղից պիտի իմանաս, ինտերնետ կապի մեր ծառայությունների տերերին էլ Աստված խիղճ չի տվել՝ հոր գներով են ինտերնետ տրամադրում: Բայց դե ուրիշ ոնց ե՞ս Անահիտ Ավանեսյանի պատկերը տեսնելու, որը հայտնում է ուրախ լուր, թե ամսական 10 հազար դրամ ընդամենը եթե մուծես որպես առողջապահության ապահովագրություն՝ վերջ, 4-5 միլիոն դրամանոց վիրահատութունները քեզ համար ապահովագրված են: Մնում է գտնել այդ 10 հազար դրամը քո քառասունհինգհազարնոց թոշակի ահռելի թվի մեջ:
Լավ, վերադառնանք կոմունալ վճարներին՝ միջին թոշակառուի մաշկի միջից փորձելով վճարել. ամռան նվազագույն հաշվարկով եւ վերը նշված մյուս ծախսերը ներառելով՝ դա անում է մոտ 30 հազար դրամ: Քսանհինգ-երեսուն հաց ամսական գոնե պիտի՞ գնել՝ սա մի 7-8 հազար դրամ, ճնշման դեղերի գինն էլ ավելացրու, ահա եւ թոշակը սպառվեց, այն երեք անգամ բարձրացվածը, որ մի տասը տոկոս էլ անկանխիկ գնման վերադարձով է մի քիչ ավելանում (ողջույններս Գեւորգ Պապոյանին, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարներին): Բա, լավ, միջին թոշակառուն ոչ մի ուրիշ բան ուտելու ցանկություն (իրավունքից էլ չեմ խոսում) չպե՞տք է ունենա, գոնե էս ամառվա մրգից-բանից, մի կտոր կարագ, մի կտոր պանիր չպե՞տք է գնի, մսից էլ չեմ խոսում: Էլ չասած, որ հանկարծ ու մարդ ես՝ մտքովդ անցնի մի երկու անգամ գոնե անկյունում կանգնած հին մեքենան քշել, հանկարծ այդպիսի «աննախադեպ» բան համարձակվես մտածել:
Չէ, չի ստացվում թոշակառուի մաշկի մեջ մտնել, թոշակառուին եւ անցած տարվա բուջեի «աննախադեպ» կատարողականը, այդպիսով, հանգիստ թողնենք, ավելի լավ է վերադառնանք վերլուծականի ամենշաբաթյա ֆորմատ:
Պարտադրանքի պարտադրանքը
Շաբաթվա սկզբին, պատասխանելով մեր հարցին, թե բանակցային այս փուլում հնարավո՞ր են Հայաստանի հանդեպ արտաքին կոշտ պարտադրանքները, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, թե օրինական ընտրված, լեգիտիմ իշխանությանը արտաքին պարտադրանքներ լինել չեն կարող, դա աշխարհում կգնահատեն որպես հարձակում ժողովրդավարության վրա: Ասեմ, որ պատասխանը քննադատության չի դիմանում, քանի որ պատերազմի պահին իշխանությունն ավելի լեգիտիմ էր, քան հիմա, ու դա չխանգարեց պատերազմ պարտադրել մեզ, պարտություն պարտադրել, նոյեմբերիննյան թուղթ պարտադրել: Եւ հիմա, երբ երկրորդ ընտրությունից եւ մի շարք իրադարձութուններից հետո իշխանությունն ավելի նվազ լեգիտիմություն ունի՝ ի՞նչն է խանգարելու արտաքին պարտադրանքին: Ինչ ժողովրդավարութուն, երբ անսահմանափակ ախորժակով հարեւանդ Էրդողանի հետ նստած՝ ասում է, որ ողջ աշխարհում ուժն է հիմա գործոն: Կամ մի՞թե պարտադրանքի ձեւ չեն Երասխում մետալուրգիական գործարանը գնդակոծելով՝ դրա աշխատանքի խափանման փորձը, Երասխում կրակոցները, Տեղ գյուղում հենց հիմա ադրբեջանական զինուժի կուտակումներն ու վերջին լարվածությո՞ւնը, ԱԱԾ սահմանապահ զորքի ծառայողին նախորդ օրը վիրավորելը: Պարտադրանքը հո պոզով- պոչով չի՞ լինում, անգամ հիբրիդային եղանակով պարտադրանքն է հիմա սողում, օրինակ՝ երբ մեծ խաղացողները միջազգային մեդիահարթակներում տեղեկատվություն են փոխպատվիրում, թե՝ ԱՄՆ-ը հարկադրում է Արցախին հանդիպել Բաքվի հետ, այլապես «հակաահաբեկչական» գրոհ կլինի Ադրբեջանի կողմից: Ռուսական կողմից էլ մատնացույց են անում այդ արտահոսքը, թե Արեւմուտքն այդպիսի միջոցներով փորձում է դուրս մղել Ռուսաստանին Ադրբեջանից: Կամ որ Էրդողանը, դիտավորյալ կամ իրական, ստելով, թե իրական՝ ասում է «Զանգեզուրի միջանցքը» բացելու անհամաձայնությունը ոչ թե Հայաստանի կողմից է , այլ Իրանի: Ալիեւի հոխորտանքն էլ մեջ չբերենք՝ նա պատրաստ է եւ այդ «հակաահաբեկչական» գործողությանը, եւ բոլոր մյուս պատվերներին՝ լինի դա Էրդողանից, թե Պուտինից:
Ահա այս կարգի ծայրահեղ վտանգավոր իրադրության մեջ անգամ մեր խորհրդարանում բյուջեի կատարողականի քննարկումներին ծավալվեց նույն ուղղվածության ու բովանդակության փոխհրաձգութուն, ինչ ծավալվում է արդեն հինգ տարի, ու դրա գլխավոր նյութը ոչ թե այս իրավիճակում Հայաստանի գործողությունները կամ Արցախի պահվածքն է, այլ թե ո՞վ է ավելի մեղավոր Արցախը հանձնելու եւ Հայաստանը վտանգելու մեջ՝ նախկինները, թե՞ ներկաները: Մեկն ասում է՝ հանձնում եք Արցախն ու Հայաստանը, մյուսն ասում է դուք եք հանձնել: Համաձայնենք ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի հետ՝ 900-ից ավելի ձեռնարկություն է փոշիացվել ընդամենը 2000-ական թվականներին, բայց հիմա առաջ նայենք, ու հենց բյուջեում նկատելի են առաջ նայելու որոշ տարրեր՝ ռազմական քաղաքացիական ենթակառուցվածքներում ներդրումներ, գիտատեխնիկական ոլորտի նախագծեր, որոնք վաղը դեռ արդյունք չեն տալու, բայց մի հինգ-տասը տարի հետո, եթե երկիրը լինի իհարկե, լավ ստարտ են լինելու: Բայց մինչ այդ պիտի երկիրը լինի, իրար հանդեպ ատելություն բուծելու փոխարեն՝ պետք է մի կողմ դնել անբարիշտ, անկազմակերպ, անիրազեկ գործելակերպը, ու դրանից էլ առաջ՝ սխալական մոտեցումներից պետք է հրաժարվել արտաքին շփումներում:
Ժողովուրդ, այնպիսի իրավիճակ է, որ մոտակայում բոլորի, անգամ ամենաանկարեւոր մարդկանց ներուժը պետք է լինելու, վերջացրեք: Գեղամ Նազարյան ջան, ոնց եմ համաձայն խորհրդարանի ամբիոնից ելույթիդ հետ՝ ելք փնտրելու փոխարեն՝ խորհրդարանի հակամարտ խմբակցությունները ընկել- ատելություն են բուծում: Ու էլի համաձայն եմ՝ ի՞նչ կարիք կար այս պահին Արմեն Աշոտյանին ձերբակալել, դա ի՞նչ օգուտ է բերելու երկրին:
Զինանշան եւ օրհներգ
Բյուջեի կատարողականի ամփոփիչ ելույթում վարչապետ Փաշինյանը, արձագանքելով ընդդիմության մի շարք ելույթների՝ ինքնահայեցման անհրաժեշտության մասին խոսեց, անմիջապես անցնելով երկրի զինանշանին, որի վրայի Նոյյան տապանը Արարատ սարի վրա եւ Հայաստանի չորս հարստությունների խորհրդանիշները հարցեր են առաջացրել նրա մոտ: Նրա կարծիքով անկախացոմից հետո ընդունված զինանշանը բովանդակությամբ կապ չուներ ստեղծված հանրապետության հետ: Նա հարցադրոմ հնչեցրեց, թե արդյոք իրական Հայաստանը պե՞տք է ծառայի պատմական Հայաստանին, թե՞ հակառակը, այս հարցի պատասխանն ըստ նրա պետք է տրվի: Ի՞նչ է սա, նաեւ գերբով պատմությունը վերատեսության ենթարկելու մտադրությո՞ւն, որը կարող է անհամաձայնություն առաջացնել շատ հայերի մոտ:
Երկրի խորհրդանիշների մասով՝ նա նաեւ Հայաստանի օրհներգին անդրադարձավ: Նրան դուր չի գալիս, որ հիմնի պաշտոնական բառերը զոհվելով են ավարտվում, չնայած գաղափարախոսությանը դեմ չէր: Ու հենց տեղում հիմնի ավարտի իր տարբերակն առաջարկեց՝ դրոշների շողշողումով եւ առանց զոհվելու:
Ճիշտ է՝ նա խոսում էր ուղղակի իր զգացողությունները կիսելու հարթությունից, բայց, եթե հաշվի առնենք երկրի խորհրդանիշները հարգելու անհրաժեշտության մասին մեր օրենսդրությունը՝ ապա այդպիսի մտքերը հընթացս, ոտքի վրա անդրադարձով, մեղմ ասած, անհասկանալի են: Կան մասնագետներ, կան ստեղծագործողներ, կա օրենսդրությունը, եւ նման հարցերը պետք է քննարկել այդ հարթույթում, իսկ գերբի վրա եղած հայկական ինքնության խորհրդանիշների խոսակցությունն այս պահին, երբ մեզ վրա կա թուրք-ադրբեջանական ճնշում, նրա մոտեցումը կարող է դիտվել թուրքական ճնշման համատեքստում, որը հայ հանրության մեջ բնական հակազդեցություն կարող է ծնել:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ