Հուլիսի 5-ին նշվում էր մեր պետության Սահմանադրության եւ պետական խորհրդանիշների օրը: Պետություն եւ սահմանադրություն, դրոշ, զինանշան եւ օրհներգ… Իրականացած բազմադարյա երազանք՝ որի համար կարծես թե շատ ուրախ չենք սակայն եւ այդ օրն էլ տոնի զգացողություն չունեցանք: Դրա ընդհանուր ներքին եւ արտաքին պատճառներն, իհարկե, հայտնի են, չկրկնենք:
Բայց մի կարեւոր ու ինչ-որ չափով նաեւ այդ ընդհանուրի հիմքում ընկած պատճառը, թվում է, մեր ներսում է: Մեզնից ամեն մեկի եւ մանավանդ՝ մեր պետական այրերի հոգում ու մտքում: Թող բարձրագոչ չհնչի, բայց մենք չունենք մեր պետականության ու նրա խորհրդանիշների հանդեպ բավականաչափ հպարտության ու սիրո զգացում, նաեւ պետականորեն դրանցով սերունդ չենք դաստիարակում: Երբ միջազգային ասպարեզում մեր որեւէ մարզիկի հաղթանակի շնորհիվ մեր պետական դրոշն է ամենից վեր բարձրանում, իհարկե ուրախանում ենք: Բայց մենք սովորաբար չունենք մեր դրոշի, եթե կուզեք, պաշտամունք: Էլ չենք ասում զինանշանի ու օրհներգի մասին:
Հատկապես վերջինս նաեւ տեղին քննադատվել ու քննադատվում է, բայց դա արդեն այլ հարց է:
Հայրենի սերը, մեզ միավորող ու պահող ազգային արժեքների պաշտպանությունը մեր մեջ պետք չէ՞ որ արտահայտվի նաեւ մեր երկրի անվան, նրա աշխարհագրական անունների, տեղանունների նկատմամբ վերաբերմունքում, որոնք եւս, համաձայնենք, այսօր էլ թշնամու ոտնձգություններից լուրջ պաշտպանության կարիք ունեն: Հնուց անտի մեր երկիրը կոչել ենք Հայք, որ մեր հին լեզվում նշանակել է հայեր, հայերի երկիր: Կոչել ենք Հայոց աշխարհ: Քանի որ շատերը հիմա մոռանում ու մեր այս երկրանունը, իրենք էլ չնկատելով կամ ուշադրություն չդարձնելով, հաճախ փոքրատառ են գրում, գուցե կարիք կա բացատրելու կամ գոնե հիշեցնելու, ուշադրություն հրավիրելու:
Հայոց՝ մեր գրաբար հին լեզվում հայք, այսինքն հայեր բառի, ինչպես նաեւ դրանից ծագած մեր Հայք երկրանունի սեռական հոլովաձեւն է: Ասել է թե՝ նայած գործածության, երբ նկատի ունենք հայերի, ինչպես օրինակ՝ հայոց լեզու, հայոց ազգ, հայոց ճակատագիր, հայոց բառ ու բան եւ այլն, անշուշտ պետք է փոքրատառ գրենք, ոճական կիրառության առանձին դեպքերը չհաշված: Իսկ Հայք երկրանունը նշելու դեպքում՝ Հայոց աշխարհ, Հայոց երկիր, Հայոց հող, Հայոց պատմություն եւ այլն, եկեք չմոռանանք պատկերացնել ու գրել միմիայն մեծատառ, որպես հատուկ անուն՝ մեզ համար նաեւ նվիրական: Այսինքն բոլոր այն դեպքերում, երբ դա նշանակում է Հայք-Հայաստան:
Ավելի պարզ լինելու համար ասենք, օրինակ, որ Հայաստանից դուրս էլ հայերի շրջանում կարող են լինել ե՛ւ հայոց լեզու, ե՛ւ հայոց կամ հայկական գաղթավայր, ե՛ւ հայոց երգ, հայոց բառ ու բան, բայց «դրսում» չի կարող լինել Հայոց աշխարհ, Հայոց երկիր, որովհետեւ, ինչպես ասացինք, դրանք միայն Հայաստան են նշանակում:
«Հայկական» բառն էլ, երբ միայն սովորական որոշիչ է, ինչպես՝ հայկական ավանդույթներ, հայկական խոհանոց, հայկական պար, բնականաբար փոքրատառ է գրվում, բայց օրինակ՝ Հայկական պար աշխարհագրական անունը հո չի կարելի այլ կերպ գրել, քան մեծատառ:
Աշխարհագրական անունների, տեղանունների գրության մասին առիթ ունեցել ենք գրելու, այստեղ կարճ կրկնենք: Հայկական լեռնաշխարհ, Հայկական բարձրավանդակ, Հայոց լեռներ, Հայոց սարեր… աշխարհագրական անուններ են՝ նույնպես հատուկ անուններ՝ մեզ համար թանկ ու նվիրական, որքան էլ մեր թշնամիները եւ աշխարհում նրանց աջակից ու թեւ տվող ուժերը փորձեն ջնջել դրանք քարտեզի վրայից: Ցավոք, մենք այսօր էլ հաճախ մեր շատ բնակավայրերի անունները տալիս ասում ենք նաեւ ժամանակին թշնամու դրած «հին» անունները, որոնք, հակառակ, պետք է մոռանանք: Այսօր էլ անհագ թշնամին իր անուններն է դնում մեր հայրենիքի նաեւ այն վայրերին, որոնց, փառք Աստծո, իր ձեռքը չի հասել: Դնում է վատ նպատակով… Ու մենք պետք է պաշտպանենք, փայփայենք, հարկ եղած դեպքերում նաեւ վերականգնենք իրական հին, հայկական բնիկ անունները:
Որքան էլ այսօր անիրավված, վտանգների առջեւ գլխահակ ու տագնապած՝ մեր հայրենիքը, մեր ազգը հաղթահարելու է սա էլ: Եթե իհարկե մենք նաեւ պաշտելու չափ սիրենք ու անդավաճան փարված մնանք մեր հայրենիքին, մեր պետական ու ազգապահ արժեքներին: Դարերի, հազարամյակների ճամփորդ մեր մեծատա՛ռ Հայոց աշխարհին…
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ